Մենք չենք կարող անտարբեր լինել Պաղեստինի ժողովրդի ողբերգության նկատմամբ

Մենք չենք կարող անտարբեր լինել Պաղեստինի ժողովրդի ողբերգության նկատմամբ

Իսրայելը պրովոկացիայի է դիմում եւ էլ ավելի սրում առանց այն էլ թեժ իրավիճակը: Իսրայելը ցույց է տալիս նաեւ, որ գոյություն չունեն միջազգային իրավունք եւ միջազգային կազմակերպություններ, ինչպիսին ՄԱԿ-ն է, եւ, ասենք՝ Միջազգային քրեական դատարանը, որին Հայաստանը միացավ իբրեւ թե Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով դիմելու համար: ՄԱԿ-ը, Արաբական երկրների լիգան եւ նման այլ միավորումներ ֆիկցիա են եւ ժամավաճառության վայր, որոնք ոչ մի ազդեցություն չունեն իրական քաղաքական գործընթացների նկատմամբ:

Իսրայելը ցույց տվեց, որ արաբական կամ իսլամական համերաշխությունը, որն առկա էր նախորդ դարի կեսերին, երբ արաբական երկրները միասնաբար պատերազմ էին հայտարարում Իսրայելին կամ հրաժարվում նավթ վաճառել Արեւմուտքին, այլեւս զրոյացված է: Պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միաբեւեռ աշխարհի ստեղծումն է, արաբական երկրներն այլեւս չեն կարող արտաքին պաշտպանություն ակնկալել, Ռուսաստանը կամ Չինաստանը, չնայած իրենց ամբիցիաներին, գերտերություն չեն, իսկ ԱՄՆ-ն, միանշանակ, պաշտպանում է Իսրայելին: Եգիպտոսը տանկեր ու զրահատեխնիկա է մոտեցրել Գազայի հատվածին՝ ոչ թե պաղեստինցի արաբներին պաշտպանելու, այլ նրանցից պաշտպանվելու համար: Եգիպտոսը հրաժարվում է ընդունել պաղեստինցի փախստականներին՝ բացառություն անելով միայն վիրավորների համար: Իսրայելը պատրաստ է սպանել Գազայի բոլոր 2 միլիոն բնակիչներին: Թուրքիայի նախագահը հանրահավաք է կազմակերպում եւ սպառնում, որ Իսրայելին պատերազմի հանցագործ կհայտարարի, բայց չի հայտարարում, որովհետեւ եթե հայտարարի, ապա պետք է ասի, թե ինչպես է պատժելու նրան:

Ադրբեջանում, ի պաշտպանություն պաղեստինցի արաբների, ավտոերթ են կազմակերպում: Իրանը, որ մինչեւ վերջերս հայտարարում էր, թե Իսրայելի կողմից Գազայի հատված ցամաքային ներխուժումն իր համար կարմիր գիծ է, եւ դրան կհետեւեն համատեղ գործողություններ, լռում է: Իսրայելը վաղուց անցել է Իրանի կարմիր գծերի վրայով, իսրայելական տանկերն արդեն մեկ շաբաթ է՝ Գազայի հյուսիսում ոչնչացնում են արաբական բնակավայրերը, բայց Իրանը ոչ մի գործողություն չի ձեռնարկում, գուցե նաեւ այն պատճառով, որ չկա համերաշխություն՝ համատեղ գործողություններ իրականացնելու հարցում: Սա՝ նրանց համար, ովքեր ասում էին, թե Իրանի համար Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է, եւ Իրանը կմիջամտի ու կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը որոշեն Հայաստանի տարածքն օկուպացնելով միջանցք բացել: Իրանն ավելի շատ սպառնում է, քան՝ գործում, որովհետեւ վախ ունի, որ իրեն փորձում են ներքաշել որեւէ ռազմական առճակատման մեջ, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ իր համար:

Ճիշտ է՝ Իրանը 10 տարի առաջ՝ 2012-2013 թթ․, բավականին օպերատիվ արձագանքեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ ռազմական ուժով աջակցելով Բաշար Ասադի վարչակազմին, ինչը հնարավորություն տվեց Ասադին հաղթել իր թշնամիներին եւ պահպանել իշխանությունը Սիրիայի գրեթե 70 տոկոս տարածքում, բայց այն ժամանակ Իրանն ուներ Ղասեմ Սուլեյմանի, ով սպանվեց 2020 թ. հունվարի 3-ին՝ ամերիկյան ավիահարվածից: Հիմա Իրանում ավելի շատ մտածում են ինքնապաշտպանության մասին. Իրանի իրական կարմիր գիծը սեփական տարածքի վրա հարձակումը կարող է լինել, այն էլ՝ ցամաքային հարձակման դեպքում, որովհետեւ հրթիռային հարձակումներին կամ Իրանի տարածքում հատուկ գործողություններին այդ երկիրը շատ կտրուկ չի արձագանքել:

Իսրայելը ցույց տվեց նաեւ, որ գոյություն չունի «միջազգային հանրություն» ասվածը, եւ միջազգային հանրային կարծիքը ոչինչ չի որոշում: Երբ Ադրբեջանը 9 ամիս շրջափակված էր պահում Արցախը՝ արցախցիներին մատնելով սովի եւ տառապանքների, մարդիկ ասում էին՝ ո՞ւր է միջազգային հանրությունը, ո՞ւր է աշխարհի խիղճը, չէ՞ որ 30 հազար երեխա է սովի մատնվում: Գազայում արդեն 4 հազարից ավելի երեխա սպանվել է, տասնյակ հազարները վիրավորվել են, հարյուր հազարները կանգնած են նույն ճակատագրին արժանանալու իրական սպառնալիքի առաջ: Բայց միջազգային հանրությունը լռում է կամ եթե անգամ խոսում է, ապա չի գործում: Միջազգային հանրության անդամ է նաեւ Հայաստանը, իսկ ի՞նչ են անում Հայաստան պետությունը, Հայաստանի հանրությունը Պաղեստինի ժողովրդի համար: Այն ՀԿ-ները, որոնք դատապարտում էին Ռուսաստանի գործողությունները Բուչայում, անվանում ցեղասպանություն, հիմա լռում են, թեեւ Բուչայում Ռուսաստանի արածը համեմատության եզր չունի Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող մասսայական սպանդի հետ: Ինչո՞ւ Հայաստանը չի հայտարարում պաղեստինցիներին մարդասիրական օգնություն ուղարկելու մասին, գոնե Եգիպտոսում ապաստան գտած վիրավորներին բժշկական օգնություն ուղարկելով, իսկ ՀԿ-ները միասնաբար չեն դատապարտում Իսրայելի գործողությունները: Պատճառը շատ պարզ է․ որովհետեւ Իսրայելին աջակցում է ԱՄՆ-ն, իսկ ինչ-որ բան ասելու կամ անելու համար Հայաստանի իշխանությունը եւ արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ները պետք է ունենան Միացյալ Նահանգների դեսպանատան թույլտվությունը:

Հայաստանը չի կարող լուռ դիտորդի դեր ընդունել եւ չարձագանքել պաղեստինցի արաբների ողբերգությանը: Առնվազն պետք է հումանիտար օգնություն եւ բժշկական խմբեր ուղարկել Եգիպտոսում գտնվող պաղեստինցիների ճամբարներ: Թե՞ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում միայն Թուրքիա, այն հույսով, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ 30 տարուց ավելի փակ սահմանը, իսկ պաղեստինցիներից մենք որեւէ ակնկալիք չունենք, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է ոչ թե հումանիզմով, այլ՝ նեղ շահադիտական մղումներով: Եվ նույնիսկ այդ դեպքում խաբվում է ու ստորացվում:

Ավետիս Բաբաջանյան