Նարեկ Մալյանը մեղադրվում է ՔՊ-ականների նկատմամբ ատելություն հրահրելու մեջ

Նարեկ Մալյանը մեղադրվում է ՔՊ-ականների նկատմամբ ատելություն հրահրելու մեջ

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ու գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան` քննության։ Հրապարակվել է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը, որից պարզ է դառնում, որ Նարեկ Մալյանին մեղադրում են ՔՊ-ականներին ուղղված քողարկված հայհոյանք ու վիրավորանք տարածելու համար: Իրավապահները գտել են, որ սոցցանցերում Մալյանի հետեւորդները նրա հայտարարություններն ընկալել են որպես հայհոյանք եւ վիրավորանք, իսկ վերջինս էլ ՔՊ-ականների նկատմամբ բռնության կոչեր է արել։

Մեղադրական եզրակացությունում գրված է․ «Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հրապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված եւ գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու եւ նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդկերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով եւ հրահրելով ատելություն ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել եւ տրամադրել վերջիններիս նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաեւ առաջնորդել՝ որոշակի գործողություններ կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո»:

Փաստորեն ստացվում է, որ Մալյանին մեղադրում են քողարկված վիրավորանքներ հնչեցնելու մեջ, ինչն ապաքրեական է, եւ բռնության կոչերի հոդվածը կարվել է Մալյանին, որովհետեւ որոշ օգտատերեր Մալյանի ասածները «ճիշտ են հասկացել» ու բռնության կոչեր հնչեցրել։ Այսինքն՝ բոլոր մյուս կուսակցությունների հասցեին մարդիկ կարող են նման կոչեր հնչեցնել, իսկ մենք նման հազարավոր կոչերի ենք հանդիպել Ֆեյսբուքում, օրինակ՝ Դաշնակցության կամ հանրապետականներին ուղղված, սակայն դրանք չեն դարձել քննության առարկա: Ավելին` հազարավոր ատելության կոչեր են այս ընթացքում հնչել արցախցիների հասցեին, որոնք նույնպես իրավապահների հատուկ քննության առարկան չեն դարձել: Հենց իրենց` ՔՊ անդամների կողմից են սոցցանցերում ատելության, հաշվեհարդարի կոչեր արվել, որոնք ոչ մի իրավական գնահատականի չեն արժանացել, իսկ Նարեկ Մալյանի մի քանի արտահայտությունները ՔՊ-ի եւ հեգնախառն արտահայտությունները, թե գնանք «չայ խմենք» ՔՊ-ականների ընտանիքների հետ, դարձել են քրեական հետապնդման առիթ` բավական չէ, դեռ նրան կալանավորելու համար հիմք են հանդիսացել:

Մալյանի գործը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին։ Նա դատավոր է դարձել 2017 թվականին՝ նշանակվելով է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիշեցնենք նաեւ, որ Նարեկ Մալյանը կալանավորված է սեպտեմբերի 22-ից` Արցախին նվիրված հանրահավաքներին մասնակցելու պատճառով: Քննիչն արգելել է նաեւ նրա հետ տեսակցությունները։