Կարծես վրեժ է լուծում` «դուք անում էիք, ես էլ կանեմ» սկզբունքով

Կարծես վրեժ է լուծում` «դուք անում էիք, ես էլ կանեմ» սկզբունքով

Ինչպես մարդկային սովորական հարաբերություններում, այնպես էլ քաղաքականության մեջ շատ հաճախ շրջադարձային փոփոխություններ են լինում` երբեմն զոհը հայտնվում է դահճի դերում, կամ Շվարցի հայտնի հեքիաթի մոտիվներով` հրեշին սպանողն ինքն է հրեշ դառնում: 

Ուսումնասիրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցյալը եւ տեսնելով, թե այսօր ինչպես է նա քրեական հետապնդումներով ճնշում քաղաքական այլախոհներին, հարց ես տալիս. Փաշինյանը մոռացե՞լ է իր անցյալը: Այնպես է մոռացել, որ անգամ իր ազատության համար օրուգիշեր պայքարած անձանց դեմ է այսօր քրեական հետապնդումներ նախաձեռնում:

Տարիներ առաջ` հեռավոր 1999- 2000 թվականներին, երբ զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատիժ էր գործում, եւ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն էր, նրա հրապարակումներից յուրաքանչյուրի հետ կապված՝ կարող էին քրեական գործ հարուցել, բայց հարուցել էին դրանցից մի քանիսի մասով. նրան երեք մեղադրանք էր առաջադրվել. մեկը՝ հարկադիր կատարողներին վիրավորելու համար` նրանց «կազյոլ» էր անվանել, երկրորդը` ԵՊՀ ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանին «չուգուն» ասելու եւ երրորդը` Արտաշես Գեղամյանի կնոջ վերաբերյալ մի հրապարակման, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են մաքսատանը Գեղամյանի կնոջ ներքնազգեստի մեջ մաքսանենգ ոսկեղեն հայտնաբերել: Քրեական գործը մտել էր դատարան, նրան պատիժ էր սահմանվել, բայց ողջ ընդդիմադիր զանգվածը` լրագրողներ, իրավապաշտպաններ, մտավորականներ, պայքարում էին Փաշինյանի ազատության համար եւ հասան նրան, որ իշխանությունը չհամարձակվեց նրան կալանավորել:

Ամենաակտիվ պայքարողներից եւ այդ պայքարի կազմակերպիչներից մեկն իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էր, ում նկատմամբ այսօր նույն Փաշինյանը քրեական հետապնդում է սկսել` իրեն քննադատելու համար: Ուշագրավ է, որ Իշխանյանի գրառման մեջ չկա անգամ անուն-ազգանուն, սակայն իրավապահները վստահ են, որ գրառումը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ գրված է` «Մահ դավաճաններին»: 

Մենք փորձեցինք վերականգնել 23-24 տարվա վաղեմության դեպքերը: Նիկոլ Փաշինյանի գործը քննող դատավորն այն ժամանակ Պարգեւ Օհանյանն էր, ով «համարձակվել» էր դուրս գալ իշխանական հրահանգից եւ դատախազների պահանջած 3 տարի ազատազրկման փոխարեն 1 տարվա ազատազրկման դատապարտել նրան, որից հետո հայտնվել էր իշխանական մամլիչի տակ եւ, լավատեղյակ անձի խոսքով` պատժից ազատվել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի շնորհիվ, ով պաշտպանում էր դատավորներին` վերադասի ոտնձգություններից։ Պարգեւ Օհանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. 

- Ես հիմա կոնկրետ մեղադրանքը չեմ հիշում, սակայն եթե չեմ սխալվում, դրանք վերաբերում էին զրպարտությանն ու վիրավորանքին: Զրպարտությունն ու վիրավորանքն ինչ-որ շրջանում ապաքրեականացվեցին, դարձան քրեորեն ոչ պատժելի արարքներ` զուտ բարոյական վնասի հատուցման դաշտ տեղափոխվեց այդ ամենը: 

- Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին մեկ տարով դատապարտեցիք: Այդ վճռի արդյունքո՞ւմ դադարեցվեցին Ձեր լիազորությունները:

- Մեկ տարին էլ շատ էր: Դատախազությունը միջնորդել էր երեք տարի, սակայն ես, ինչպես միշտ, վճիռներ կայացրել եմ արդարության սկզբունքով: Արարքի կարեւորությունը չէր ենթադրում ծանր պատիժ, ուստի ոչ միայն մեկ տարով էի դատապարտել, այլեւ առհասարակ կալանքը չեմ ընտրել որպես խափանման միջոց: Փաշինյանը մնացել է ազատության մեջ: Իմ ենթադրությունը փաստացի ճիշտ դուրս եկավ, վերաքննիչն էլ դատապարտեց պայմանական:

- Այսօր Հայաստանում կան մեծ խումբ քաղբանտարկյալներ: Անգամ արցախցի մի կին ակտիվիստ է կալանավորվել, որը կորցրել է իր տունը, եղբորը, երկու մանկահասակ երեխաների մայր է: Կալանքը կիրառվում է քաղաքական գործիչների, արցախցիների, հանրահավաքների մասնակիցների նկատմամբ: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին:

- Դրանք աննորմալ երեւույթներ են, ու, ցավոք, նման աննորմալ երեւույթները միշտ են եղել, այսօր էլ շարունակում են ուղեկցել մեզ: Կալանքը փաստացի որպես պատիժ են այսօր կիրառում, այլ ոչ թե խափանման միջոց, ինչը շատ վատ է: Ցավոք սրտի, յուրաքանչյուր իշխանություն իրավապահ ոլորտն օգտագործում է որպես իր ձեռքի գործիք:

- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ դատարանի առաջ կանգնած Նիկոլ Փաշինյանն այսպես դաժան կարող է վարվել քաղաքական այլախոհների հանդեպ:

- Կոնկրետ ասել, որ Նիկոլ Փաշինյանն է այս բոլոր դատավարությունների ետեւում կանգնած, չեմ կարող, սակայն նա վարչապետ է, եւ կարող ենք ենթադրել, որ քաղաքական հետապնդումների մեջ իր գործոնը կա: Անձանց փորձում են պատժել էս գլխից՝ մոռանալով անմեղության կանխավարկածի մասին: Ես իրավաբան եմ, քաղաքական գործիչ չեմ, բայց կարող եմ ասել, որ անիմաստ է, օրինակ, Ձեր նշած արցախցի կնոջը պահել անազատության մեջ, թեկուզ հենց Լեւոն Քոչարյանին: Ակնհայտ է, որ Լեւոն Քոչարյանի արարքը մի մեծ բան չէ, նա էլ չի փախչում: Ցավն այն է, որ ամեն ինչ ինչպես եղել է, այդպես էլ մնում է այս ոլորտում, եւ ոչ մի իշխանություն չի ուզում այս առումով դրական տեղաշարժ անել: Կարծես վրեժ է լուծում` «դուք անում էիք, ես էլ կանեմ» սկզբունքով: Հասարակությունն այսպես պառակտվում է եւ բեւեռացվում: