«Հրապարակ». Քաղաքացիություն ստանալը, հաշվառում փոխելը չեն ջնջում ու չեղարկում իրենց՝ բռնի տեղահանված լինելը

«Հրապարակ». Քաղաքացիություն ստանալը, հաշվառում փոխելը չեն ջնջում ու չեղարկում իրենց՝ բռնի տեղահանված լինելը

Երեկ հայտնի դարձավ, որ իշխանություններն արցախցիների կարգավիճակի հետ կապված հարցում հստակության են հանգել եւ հաստատել են իրենց այն համոզմունքը, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն։ Ավելին՝ երեկ ոստիկանությունը հայտարարեց, որ արցախցիները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը․ «դիմում-հարցաթերթ, ծննդյան վկայական (եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ), ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր, 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր), ամուսնության վկայական եւ դրա պատճենը… պետական տուրքի վճարման անդորրագիր»:

Թվում էր, թե արցախցիների հերթ պետք է կուտակվեր Զաքյան 3, 118/1 հասցեում, որտեղ ընդունելու էին քաղաքացիության վերաբերյալ դիմումները, սակայն կեսօրից հետո մենք այցելեցինք նշված հասցե, եւ մեր այցելության պահին միգրացիոն ծառայության մի քանի աշխատակիցներ էին միայն այնտեղ, մոտ մեկ ժամ սպասելուց հետո ընդամենը մի արցախցու հանդիպեցինք։ Մեր հարցին, թե քաղաքացիություն ստանալու համա՞ր է եկել, տարեց արցախցին պատասխանեց, որ չի պատրաստվում իր անձնագիրը փոխել։ «Իմ անձնագիրը միշտ էլ 070 կոդով պիտի մնա»,- ասաց նա ու հեռացավ։ Տեղում զրուցեցինք ՆԳՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։

- Քանի՞ արցախցի է այս պահի դրությամբ դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

- Այս պահի դրությամբ՝ մինչեւ 10 հոգի։

- Դիմումնե՞ր են ներկայացրել, թե՞ պարզապես մոտեցել, տեղեկություններ են ստացել։

- Եվ-եւ․ եղել է, որ դիմումը վերցրել ենք, եղել է, որ փաստաթղթերի ցանկը ճշգրտել ենք, խնդրել ենք նորից մոտենալ, որովհետեւ պակաս փաստաթուղթ է եղել։

- Արցախցիներից շատերն այս պահին վարձով են բնակվում, որոշ մասն էլ՝ պետության կողմից տրված ժամանակավոր կացարաններում։ Նման դեպքում որպես հաշվառման հասցե՝ ի՞նչ հասցե է նշվում։

- Լուծումը շատ պարզ է եւ նոր չէ․ մշտապես էլ հաշվառման իրավակարգավորումը հետեւյալ կերպ է գործել․ 2 տեսակի հաշվառում ունենք՝ մշտական եւ փաստացի։ Մշտականն այն է, երբ բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառումը կատարվում է, իսկ փաստացին այն է, երբ անձը հայտարարում է, որ ապրում է այս կամ այն հասցեում, անկախ նրանից՝ վարձով է, ժամանակավոր է, բարեկամինն է, թե պետության հոգածության ներքո գտնվող տարածք է եւ այլն։ Ոստիկանը ստուգում է, թե արդյոք տվյալ անձն իսկապե՞ս ապրում է։ Եթե պարզվում է, որ ապրում է, ապա տվյալ արձանագրության հիման վրա հաշվառում ենք իրականացնում։

- Երբ ՀՀ քաղաքացիություն են ստանում, զրկվո՞ւմ են փախստականի կարգավիճակից, այդ երկու կարգավիճակներն ինչպե՞ս են միմյանց հետ հարաբերվում։

- Երկուսն էլ իրավական կարգավիճակներ են, որոնցով անձը կարող է ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Փախստականի կարգավիճակը տրված է Լեռնային Ղարաբաղից մոտ 150 հազար բնակիչների։ Եթե ցանկանում են քաղաքացիություն ստանալ, ապա փախստականի կարգավիճակից անցում են կատարում։ Սա աշխարհի պրակտիկան է, «նատուրալիզացիա» է կոչվում, որն ինտեգրման բարձրագույն աստիճանն է, երբ փախստականը դառնում է քաղաքացի եւ դադարում է լինել փախստական։

- Այդ դեպքում արցախցիների՝ Արցախ հետվերադարձի հետ կապված հարցերն ինչպե՞ս են կարգավորվելու, չէ՞ որ այդ դեպքում արդեն Հայաստանում գրանցված ՀՀ քաղաքացու՝ Արցախ գնալու հարցն է քննարկվելու։

- Դուք ավելի բովանդակային հարց եք բարձրացնում, որը ճիշտ կլիներ ծառայության պետին ուղղեիք։ Կառավարության որոշումով, որով 3 կատեգորիաների թիրախ անձանց, փաստացի` Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը, տրվել է ժամանակավոր պաշտպանություն, նույնն է թե՝ փախստականի կարգավիճակ, դրանով ֆիքսվել են նրանց՝ բռնի տեղահանված լինելու փաստը եւ Ձեր կողմից նշված բոլոր իրավունքները։ Քաղաքացիություն ստանալը, հաշվառում փոխելը եւ այլ պրոցեսները չեն ջնջում ու չեղարկում իրենց՝ բռնի տեղահանված լինելը, գույք կորցրած լինելը, վերադարձի իրավունքն ու մնացած իրավունքները՝ իրենց տեղահանությունից բխող։ Դուք անձին անխզելիորեն կապված իրավունքների մասին եք բարձրաձայնում, այլ ոչ թե նրա իրավական կարգավիճակի։ Դա իր պատմությունն է, ոչ ոք չի կարող այն ջնջել ու փոխել։

- Հայտարարության մեջ նշված է, որ արցախցիների դիմումներն արագացված ընթացակարգով են քննվելու՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։

- Այս պահին ժամկետներ նշել չեմ կարող, ավելի ուշ կկարողանանք ժամկետների մասին խոսել։ Այս պահին կարող եմ նշել, որ քաղաքացիության շնորհման ստանդարտ սպասարկումը, որն իրականացվում է օնլայն հերթագրման միջոցով, հերթը հասնում է 2024 թվականի կեսերին, բայց արցախցիներին այլ հասցեներում ենք սպասարկում։ Սովորաբար քաղաքացիության դիմումներն ընդունվում են Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17-ի 10 հասցեում՝ միայն վարչական շենքում, բայց արցախցիներից Երեւանի պարագայում վերցնում ենք այս Զաքյան 3 118/1 հասցեում՝ արտահերթ սպասարկամբ, եւ ի լրումն դրան՝ նաեւ բոլոր մարզերում բոլոր անձնագրային ծառայություններում։ Առաջին անգամ ենք նման պրակտիկա կիրառում, երբ անձնագրային ծառայությունն ընդունում է քաղաքացիության դիմում։