Սուտի պատերազմի վտանգ են ստեղծում․ հերիք եղավ վախեցնեք

Սուտի պատերազմի վտանգ են ստեղծում․ հերիք եղավ վախեցնեք

Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Հայաստանի «խաղաղասեր» ու «բարի» իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին, ով զինված հատել էր ՀՀ սահմանը եւ միայն պատահականության արդյունքում մարդ չէր սպանել, հայկական կողմը վերադարձրել է Ադրբեջանին, առանց որեւէ փոխանակման, առանց դատ ու դատաստանի: ԱԱԾ-ն մի հայտարարություն է այդ կապակցությամբ տարածել՝ նշելով, որ ադրբեջանցի դիվերսանտին վերադարձրել են՝ «բարի կամք» դրսեւորելով: Բայց թե ինչու Ադրբեջանը բարի կամքի դրսեւորմամբ մեր գերիներին, որոնց մեջ նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, չի վերադարձնում եւ թե ինչու է պարբերաբար հարձակվում եւ մեր սահմանը պահող զինվորներին սպանում, դա, հավանաբար, ո՛չ ՀՀ ԱԱԾ-ին եւ ո՛չ էլ իշխանություններին չի հետաքրքրում: Բայց նույն այս իշխանությունները շատ անողոք են մեծ վաստակ ունեցող հերոսների, ՀՀ պետական գործիչների, զոհվածների ծնողների հանդեպ, որոնց դատում են, բանտ նստեցնում չնչին առիթներով` առանց «բարի կամք դրսեւորելու»: Զրուցել ենք անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի եւ գերության մեջ հայտնված տարեց արցախցու` Վագիֆ Խաչատրյանի դստեր` Վերա Խաչատրյանի հետ:

Արսեն Ղուկասյան. «Հետաքրքիր բան է, բարի կամք են դրսեւորում` բարձր մակարդակով, բա լավ, միայն մե՞զ է դա վերաբերում: Վիզ կտրող ադրբեջանցուն էլ «բարի կամքով» Ռուսաստանից արտահանձնում չպահանջեցին, ազատ արձակելով նրան, դա էլ էր, չէ՞, բարի կամքի դրսեւորում` թուրքին: Մարդը հանցագործ էր, հետախուզման մեջ էր գտնվում, Ռուսաստանը կալանավորում է, բայց Հայաստանն իր երկրին վնաս պատճառած հանցագործին չի պահանջում: Այ քեզ բարի կամքի դրսեւորում…. հիմա էլ դիվերսանտին են հետ ուղարկում, առանց որեւէ փոխանակման: Վախենում են, քծնում են, սիրաշահում են, թրքահպատակությունը հենց այսպես է լինում: Ցանկության դեպքում շատ բան կարող են անել իշխանությունները, օրինակ՝ կարող էին դիվերսանտին փոխանակել գոնե մեկ հոգու հետ… հնարավո՞ր էր, թե՞ չէ: Բարի կամքի մասին հայտարարություն տարածողը կարո՞ղ է մեզ երաշխավորել, որ Ադրբեջանի բարձրագույն մարմինը պատասխան քայլ է անելու: Թող ասեն, եթե նման բան կա: Բայց նման բան չի կարող լինել, դրա համար էլ չեն հայտարարում: Իմ կարծիքն անփոփոխ է, թրքահպատակ իշխանությունից այլ բան չենք էլ սպասում: Ոչ մի դրական բան հայի, հայաստանցու հանդեպ սրանք չեն կարող անել: Ամեն նման դեպքից հետո ասում եմ` Աստված էլ բեթարից ազատի: Մեզ էս ի՞նչ վիճակի են հասցրել: Երկրում վախի մթնոլորտ են տարածում, որ ամեն րոպե պատերազմ կարող է սկսվել, որ պետք է լռենք: Հանրությանն այն վիճակին են հասցրել, որ մարդիկ սարսափեն պատերազմից: Իրականում` ոչ մի տեղ չի դիտարկվում այն շարժը, որը կար 2020 թվականի պատերազմից առաջ: Ակնհայտ էր, որ այն ժամանակ պատերազմ էր լինելու, թշնամին կուտակումներ էր անում, բայց հիմա նման բան չկա: Այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ են այդ դեպքում մեզ վախեցնում պատերազմով, որ կարողանան իրենց ստորությունները հանգիստ անել: Ով ասում է` վայ, աման, ձեններս կտրենք, որ հանկարծ պատերազմ չսկսվի, ես հիմա նրան կամ նրանց պատասխանում եմ` եթե կռիվ են ուզում` հարց չկա, կռիվ ենք անում, եկեք կռիվ անենք, ախպեր, հարց չկա, հերիք եղավ վախեցնեք, չենք վախենում, չենք քծնում ու չենք կզում, չենք վախենում, այն էլ ումից` թուրքից: Սա էլ է հերթական շոուն, որ հողերի հանձնումն անցնի անխոչընդոտ: Սուտի պատերազմի վտանգ են ստեղծել, բայց չենք հավատում, իսկ եթե անգամ կա, ես պատրաստ եմ մեռնել պայքարելով, այլ ոչ թե թուրքի առաջ կզած»:

Մեսրոպ Առաքելյան. «Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զիջումները խիստ միակողմանի են, ցավոք, վաղուց է փաստ: Դեռեւս 2020 թվականից պայմանավորվածություն է եղել՝ փոխանակել բոլորը բոլորի հետ, ինչի ականատեսը ոչ միայն չեղանք, այլեւ դրանից հետո մեր բազմաթիվ հայրենակիցներ` տարբեր ժամանակահատվածներում, հայտնվեցին Բաքվի բանտերում: Այդ ամենից հետո պարզ է, որ զիջումները տրամաբանությունից դուրս են, քանի որ առնվազն 23 հայ ռազմագերի ունենք: Այդ ամենի ֆոնին նվազագույնը պետք է որոշակի փոխանակում տեղի ունենար: Հաղորդագրություն են տարածում եւ ասում, որ երկկողմանի պայմանավորվածության արդյունքում է այս քայլն արվել, բայց ի՞նչ է անում ադրբեջանական կողմը: ՀՀ իշխանություններն ուղղակի փորձում են ցանկացած իրավիճակում, անգամ փոքր լարվածության դեպքում, իրավիճակը մեղմել, արդյունքում Ադրբեջանի բոլոր ցանկություններին ու քայլերին Հայաստանն ընդառաջ է գալիս, բայց այն պարտավորությունները, որն ունի Ադրբեջանը` բազմաթիվ փաստաթղթերով, մնում են օդից կախված: Մեր իշխանությունները, ցավոք, բավարար քայլեր այս առումով չեն ձեռնարկում: Ի դեպ` խոսքը միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ, առնվազն այլ 15 անձ գերության մեջ է: Առնվազն գոնե նրանց պետք է փոխանակեին: Նրանցից մի քանիսը ոչ պատերազմական շրջանում են գերության մեջ հայտնվել, բայց անգամ նրանք չեն վերադարձվում հայկական կողմին: Մեր արտաքին քաղաքականության օրակարգում այսօր պետք է լինի գերիների վերադարձի հարցը` որպես արտաքին պահանջ, որն ուղղված է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջազգային հանրությանը»:

Վերա Խաչատրյան. «Ոչ մի նորություն չունենք հորիցս: Ես չեմ ուզում ոչ մի բան ասել ադրբեջանցու փոխանակման մասին: Խնդրում եմ, էլի, չանդրադառնամ: Կանդրադառնամ, բայց հետո…. Խնդրում եմ: Այնպես չէ, որ վախենում եմ, ի՞նչ ունենք կորցնելու, որ վախենամ, ուղղակի հետո կանդրադառնամ: Հիմա միայն ասեմ, որ Կարմիր խաչն ամիսը մեկ անգամ այցելում է հայրիկիս, էդ ժամանակ ենք խոսում: Վերջին անգամ խոսել ենք փետրվարին: Չեմ կարծում, որ խոսեմ, հայրիկիս օգուտ է տալու»: