«Հրապարակ». Ռուսաստանը ո՛չ թշնամի ա, ո՛չ բարեկամ, ինքն ունի իր շահերը․ Նիկոլ Փաշինյան-2016 թ.

«Հրապարակ». Ռուսաստանը ո՛չ թշնամի ա, ո՛չ բարեկամ, ինքն ունի իր շահերը․ Նիկոլ Փաշինյան-2016 թ.

«Դո՛ւք պետք է ստեղծեիք այդ հնարավորությունը։ Եթե չեք ստեղծել, ուրեմն դուք հակահայկական, հակապետական իշխանություն եք»,- 2016-ին Նիկոլ Փաշինյանն այսպես էր հանդիմանում օրվա իշխանություններին՝ ասելով, որ Հայաստանը պետք է սեփական կործանիչ ավիացիա ունենա, սպառազինվի։ Փաշինյանը նաեւ հետաքրքիր մեկնաբանություններ էր տալիս հայ-ռուսական հարաբերություններին՝ ասելով, որ Ռուսաստանը ո՛չ բարեկամ է, ո՛չ թշնամի, այլ ուղղակի ունի իր շահերը։ Այդ նույն Փաշինյանն այսօր ամենշաբաթյա ռեժիմով հակառուսական հայտարարություններ է անում, մեղադրում Ռուսաստանին մեր բոլոր ձախողումների եւ դժվարությունների մեջ, մինչդեռ նախկինում, երբ ընդդիմադիր էր, պնդում էր, որ նախեւառաջ պետությունը պետք է հոգա իր անվտանգության հարցը։

Ահա՝ 2016 թ. հունիսի 28-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանն ասել է․

«Մենք ստեղծում ենք բուտաֆորիկ անվտանգության համակարգ։ Ասում ենք՝ ինչի՞ կործանիչ ավիացիա չունի Հայաստանի Հանրապետությունը։ Ասում են՝ դե՛, հնարավորությունների հարց ա։ Պարոնա՛յք, ձեր գործի անունն այդ հնարավորությունները ստեղծելն էր։ Եթե դուք այսօր մեզ կործանիչ ավիացիայի փոխարեն բերել եք 5 տոննա մակուլատուրա, այս դահլիճում վավերացրել, ձեր կոմպետենտության խնդիրը կա ընդհանրապես։ Մենք ի՞նչ ենք ասում, այստեղ, ընդ որում, շատ կարեւոր է հասկանալ Ռուսաստանի դիրքն ու դիրքորոշումը։ Մենք սիրում ենք ամեն ինչ դիտարկել՝ մեծ եղբայր, փոքր եղբայր, քրիստոնյա։ Գերտերություն ա Ռուսաստանը, որն ունի իր շահերը։ Այստեղ պետք չէ էմոցիոնալ բաներ ասել՝ վա՛յ, ռուսները ըսենց, վա՛յ, ռուսներն ընենց… Ռուսաստանը գերտերություն ա եւ ունի իր շահերը, եւ այդ շահերը տեղ-տեղ կարող են համընկնել Հայաստանի շահերի հետ, տեղ-տեղ կարող են չհամընկնել Հայաստանի շահերի հետ։ Այնտեղ, որտեղ համընկնում են, ասում ենք՝ վա՛յ, մեր հարազատ ախպերն ա, որտեղ չի համընկնում, ասում ենք՝ վա՛յ, մեր թշնամին ա։ Ո՛չ թշնամի ա, ո՛չ բարեկամ ա, ինքն ունի իր շահերը։ Պրոբլեմը մեր մեջ ա, որ մենք մեր էլիտայի ներքին փոքրությունը, անընդհատ այդ մեծ եղբոր ձգտումը կա, որ իրենց պետք է ինչ-որ մի հատ պաշտպանություն։ Այո՛, հասկանալի ա, որ պետք է պաշտպանություն, բայց պետք է, ի վերջո, մտածենք, որ այդ պաշտպանությունը մենք՝ ինքներս պետք է ստեղծենք։ Երբ հարցը եկավ ադրբեջանական ինքնաթիռների, պաշտպանության փոխնախարարը սկսեց չհասկանալ հարցը։ Ի՞նչ կա չհասկանալու։ Այս համաձայնագրում սեւով սպիտակի վրա գրված է, որ կարող են խոցել ընդհանուր պլանավորման շրջանակում եւ այլն, եւ այլն, նշված թիրախները։ Պա՞րզ չի, որ այդ... Արդեն հիմա, այսօր այդ պայմանն ու նախապայմանը կա, որ այս պայմանագրի շրջանակներում չի կարող խոցվել որեւէ ադրբեջանական ինքնաթիռ, որովհետեւ հիմա ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ ակտիվ ձեւով զարգանում եւ ծավալվում են։ Ընենց որ, պաշտպանության փոխնախարարը պետք է դա ասեր: Էն ո՞վ էր ասում, որ Բաքուն էլ ա դեմ, Բաքվում էլ են դեմ արտահայտվում։ Ինչի՞ համար են դեմ արտահայտվում։ Այս համաձայնագրով որեւէ կերպ այդ ձեր ասածը, թեկուզ տեսականորեն, չի կարող խոցվել որեւէ ադրբեջանական կողմից մեր օդային տարածքի խախտման դեպքում։ Եվ սա պետք է այսօր շատ պարզ խոստովանել։ Եվ այստեղ, այս պայմանագրում, եթե Ռուսաստանը շահագրգռված ա, շահագրգռված ա ընդամենը աշխարհաքաղաքական խաղերի կոնտեքստում, աշխարհաքաղաքական բախումների կոնտեքստում, որտեղ Հայաստանը, ցավոք սրտի, ձեր չստեղծած հնարավորությունների բերումով, ընդհանրապես սուբյեկտ չի։ Եվ մենք շատ կարեւոր ենք համարում մտածողության առումով, ի վերջո։ Այստեղ հարցը մտածողության մեջ ա։ Մենք պետք է հասկանանք… Բա գիտե՞ք, ռուսական բազայում ինչ զենքեր կան, Ռուսաստանն ինչ զենքեր ունի Հայաստանում… Է՛, մեզ ի՞նչ` ինչ զենքեր ունի։ Փաստն այն է՝ մենք չունենք կործանիչ ավիացիա, եւ այս պայմանագրերը... Ամենամեծ բացասական ծառայությունը հետեւյալն է՝ նրանք անվտանգության բուտաֆորիա են ստեղծում, եւ մեր օրակարգի մեջ այդ սուր հարցը, որ մենք պետք է ունենանք ինքնուրույն, ինքնիշխան հակաօդային պաշտպանության համակարգ, այդ սրությունը բթանում ա ուղղակի։ Եվ այս իշխանությունն ասում ա՝ էս հնարավորությունների հարց ա, հնարավորություն չկա։ Դո՛ւք պետք է ստեղծեիք այդ հնարավորությունը։ Եթե չեք ստեղծել, ուրեմն դուք հակահայկական, հակապետական իշխանություն եք»։