«Հրապարակ». Հոգեկանս խանգարվում է, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Արցախում, եւ Հայաստանն ինչպես է արձագանքում

«Հրապարակ». Հոգեկանս խանգարվում է, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Արցախում, եւ Հայաստանն ինչպես է արձագանքում

Նախօրեին տեղեկացանք, որ ադրբեջանցիները բարբարոսաբար քանդում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Արցախի Ազգային ժողովի շենքը։ Հարակից Վետերանների շենքն էլ են արդեն քանդել: Այդ մասին փաստող տեսանյութեր են հայտնվում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։ Օրեր առաջ էլ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument watch անկախ խումբը հայտարարեց, որ Ստեփանակերտից ադրբեջանցիներն ապամոնտաժել են աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Ադրբեջանն Արցախի հետ վարվում է ինչպես ասպատակող մի ցեղ, որը վստահ չէ, որ երկար է այդտեղ մնալու, ուստի որոշել է ամեն ինչ հիմնահատակ ավերել: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ գրավված տարածքում ադրբեջանցիները բնակություն չեն հաստատում, պատկերն ամբողջական կլինի:

Փորձագետները բազմիցս են ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելուն ուղղված վայրագությունների մասին։ Արցախում եկեղեցիների վրայից խաչերն են հեռացվում, եկեղեցիների գմբեթները փոխարինում են մզկիթների աշտարակներով, պատմական կոթողներ են վերացվում։ Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 4000-6000 հայկական հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նելլա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ, տեսնելով, թե ինչպես է ագրեսորը քանդում Ազգային ժողովի շենքը, հույսը կորցնում է, որ մի օր վերադառնալու է իր հայրենի տուն` Արցախ. «Հոգեկանս խանգարվում է, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում, ու այդ ամենին ինչպես են արձագանքում սրանք: Արդեն հույսս կտրվել է վերադարձի... էլ ոչ մի հույս չկա, որ Արցախ ենք վերադառնալու, քանդում են մեր ունեցած-չունեցածը, եւ դա փաստում է այն մասին, որ մենք այլեւս չենք վերադառնալու Արցախ: Այս իշխանություններն այդ ամենին ոչ մի գնահատական չեն տալիս, գոնե մի հատ արձագանքեն, դա էլ չեն կարողանում անել: Ուզում են ամբողջ Արցախը վերացվի աշխարհի երեսից: Հայաստանից գոնե արձագանքեն»: 

Արցախում ի՞նչ իրավիճակ է եղել 90-ականների հաղթանակից հետո, ադրբեջանական կառույցների նկատմամբ հայերը դիմե՞լ են նման վայրագությունների։ «Այն ժամանակ նրանք ոչ մի բան չունեին, քոսոտ տներ ունեին, էնպիսի հոտ էր փչում դրանց տներից, մարդ զզվում էր կողքով անցներ: Դրանք ոչ մի բան չունեին: Հիմա մենք այնպիսի ունեցվածք ենք այնտեղ թողել` նոր շենքեր, խանութներ, հողատարածքներ, ասելու բան չի… նրանք ոչ մի բան չեն ունեցել, իսկ մենք թողել ենք ամեն ինչ: Այդ տարիներին, հիշում եմ` մեր թաղամասում նոր հողամասեր էին հատկացրել մարդկանց, մրջյունների պես` 70-ականներին ադրբեջանցիները եկել էին, որպեսզի ապրեն: Արդյունքում մի ողջ թաղամաս թրքացել էր, բայց Արցախի կենտրոնում երբեք ադրբեջանցիներ չեն եղել` հատուկենտ, մնացած բոլորը հայեր էին: Մանկությունս Արցախում է անցել, միանգամից են դրանք լցվել»,- նշեց նա: 

Արցախի պատգամավորը նաեւ անդրադարձավ ադրբեջանցի դիվերսանտին «բարի կամքի դրսեւորմամբ» Ադրբեջանին հանձնելու դեպքին. «Մեր ռազմաքաղաքական ղեկավարներից էլ ոչ մի նորություն չունենք: Ես երեկվանից շոկի մեջ եմ, ո՞նց կարելի է այսպես վարվել, ո՞նց կարելի է այդ հանցագործին առանց որեւէ բանի վերադարձնել Ադրբեջանին: Թեկուզ սովորական գերիների հետ փոխանակեին, չեմ ասում՝ նախագահների հետ, մի՞թե կարելի է այսպիսի հակահայկական քայլեր անել, Ադրբեջանին նվիրել հանցագործին ու ոչինչ չուզել տեղը: Ամեն օր նոր շոկի ենք ենթարկվում, էլ առողջություն էլ չի մնացել սրանց երեսից: Թուրքն իր ոտքով գալիս է քո տուն, դու նրան հենց էնպես տալի՞ս ես, իբր մարդասիրական քա՞յլ ես անում, բա թող մի անգամ էլ նրանք մարդասիրական քայլ անեն մեր հանդեպ»: