Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցոց սբ Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը»

Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցոց սբ Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը»

Ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ՝ նշելով, որ աշխատանքները վերսկսվել են, եւ կատարվում են տանիքի ու վնասված պատերի նորոգման աշխատանքներ։

Սակայն, ինչպես փոխանցում է monumentwatch.org-ը, լուսանկարներից երեւում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձեւ լուսամուտը եւ դրանից վեր գտնվող պատկերաքանդակը:

Ղազանչեցոց տաճարի յուրաքանչյուր ճակատի վրա կան նման խաչաձեւ լուսամուտ եւ պատկերաքանդակ: Արեւմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ: 

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաեւ հարավային ճակատը՝ խաչաձեւ լուսամուտով հանդերձ: Այն հստակ երեւում է դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձեւափոխման աշխատանքները, ինչը դրսեւորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից: