Ազգային ժողովը պետք է ապացուցի, որ ծառայում է ժողովրդին

Ազգային ժողովը պետք է ապացուցի, որ ծառայում է ժողովրդին

Հայաստանում սովետական կարգերի հաստատման վերջին տասնամյակներին մեր պետությունը զարգացավ աներեւակայելի արագությամբ, բայց գտնվեցին մարդիկ, որոնք անխնա քննադատում էին հասարակարգը՝ ամբողջովին անտեսելով ձեռք բերվածը։ Ավելի խիստ քննադատության արժանացավ նաեւ վերջին 30 տարիների ընթացքում երկնիշ թվերով աճ ցուցաբերած ժամանակաշրջանը։ Չհամարելով դա ազգային սովորույթ՝ կուզենայի անդրադառնալ հատկապես վերջին տարիներին կառավարության գործունեությանը, երբ արդեն տարբեր պետություններում փորձված՝ ֆեյսբուքյան ֆեյքերի բանակի օգնությամբ, անհասկանալի ձեւով, իշխանությունը հանձնվեց փողոցին։ 

Չունենալով կառավարման փորձ՝ աշխատանքի առաջին օրվանից ոչ թե մտածված, այլ աբսուրդի հասնող կառավարության կառուցվածք հաստատեցին։ Անհասկանալի պատճառով վերացրին գյուղատնտեսության նախարարությունը, որտեղ զբաղված է պետության բնակչության կեսից ավելին, սփյուռքի նախարարությունը, մինչդեռ սփյուռքում ապրում է Հայաստանի բնակչությունից մի քանի անգամ ավելի շատ հայ, տրանսպորտի եւ կապի նախարարությունը, երբ տրանսպորտը գտնվում էր քաոսային վիճակում։ Պաշտպանության նախարարությունից հանեցին ռազմական արդյունաբերությունը եւ ստեղծեցին բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը մինչեւ այսօր փորձում է ստեղծել տեխնոլոգիական փորձանմուշներ։ 
Վերջին տարիներին կառավարության գործունեության արդյունքում ունենալով միայն անհաջողություններ՝ միաժամանակ ամեն օր մամուլում եւ հեռուստատեսությամբ մեզ հայտնում էին, որ հաղթելու ենք, սկզբում՝ ներքին թշնամուն, հետո՝ արտաքին։

Անմիջապես ուզում եմ ասել, որ հիմա չէ, որ այդ մասին բարձրաձայնում եմ, այլ՝ հեղափոխության կուլմինացիոն օրերին․ 29 ապրիլի 2018 թ. «Հրապարակ» օրաթերթում տպագրեցի հոդված, որտեղ բառացի ասել եմ․ «Նոր վարչապետը պետք է կազմի ժամանակավոր կառավարություն, մինչեւ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպումը, պայմանով, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ինչպես ինքը, այնպես էլ իր կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին», որը հայտնի ֆեյքերի կողմից ընդունվեց սվիններով։

Սակայն հաշվի չառնելով կառավարության թույլ տված սխալները՝ դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին կառավարություն ուղարկեցի այն բոլոր փոփոխությունները, որը, կարծում էի, անհրաժեշտ է կատարել՝ հանրապետության վիճակը բարելավելու նպատակով։ Ինձ արտերկրից հրավիրեցին կառավարություն՝ զրուցելու։ Ինձ թվում էր, թե վարչապետն ուշադրությամբ լսում է իմ առաջարկությունները, այդ թվում՝ կառավարման համակարգի փոփոխությունների, տուրիզմի զարգացման, տրանսպորտի կարգավորման եւ, ամենակարեւորը՝ արհեստական արբանյակ ունենալու մասին, որի միջոցով հնարավոր կլիներ ոչ միայն անխափան կապ ստեղծել Հայաստանի եւ Արցախի միջեւ, այլեւ կառավարել անօդաչու թռչող սարքերը, ինչպես դա արվում է իսրայելական արտադրության «Հերմես 900» դրոնների դեպքում։ Վարչապետը խնդրեց շտապ ներկայացնել մանրամասն տեղեկություններ, ես ներկայացրի կառավարություն, եւ դրանով ավարտեցինք մեր համագործակցությունը։

Հետագայում նույնիսկ չբարեհաճեցին պատասխանել իմ առաջարկություններին։ Միայն հավելեմ, որ Ադրբեջանը վերջին տարիներին ունեցավ 2 արհեստական արբանյակ, որի վրա ծախսեց ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ինձ միջազգային կառույցներում աշխատելու տարիներին հնարավորություն էր ընձեռվել օգնել հայրենիքին, որ ունենա այդ բոլոր ծառայությունները՝ ընդամենը 1 միլիոն ԱՄՆ դոլար ծախսելով։

Ես համոզված եմ, որ այս պարտված իշխանությունը ոչ միայն պետք է գնա, այլեւ համարում եմ գնացած, քանի որ նրա ամեն մի օրը կործանարար է մեր ժողովրդի համար։ 

Այժմ՝ այն մասին, թե ինչ է պետք անել

ԱԺ մեծամասնությունը, օր առաջ միանալով ընդդիմադիր պատգամավորների հետ, պետք է առաջարկի ժամանակավոր կառավարության նոր վարչապետի թեկնածու։ Ժամանակավոր կառավարության վարչապետը պետք է չլինի որեւէ կուսակցության անդամ կամ պետք է սառեցնի կուսակցության գործունեությունը ընտրությունների ընթացքում, ինչպես նաեւ հրաժարվի անձամբ ղեկավարել հաջորդ նորընտիր կառավարությունը։ Պետք է ունենա կառավարման փորձ, կազմակերպի ժամանակավոր կառավարություն, Ազգային ժողովին ներկայացնի ոչ ավելի, քան 6 ամսվա կառավարման կոնկրետ ծրագիր։ Այն պայմանով, որ հաստատված ծրագրերի չկատարման դեպքում պետք է հրաժարական տա։ 

Այժմ ընդդիմության կողմից ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու է առաջադրվել Վազգեն Մանուկյանը, որը, մեր կարծիքով, համապատասխանում է այդ խնդիրների լուծմանը՝ անհրաժեշտ տվյալ ժամանակաշրջանում։

Ժամանակավոր կառավարությունը պետք է կազմված լինի փորձված մասնագետներից եւ պետք է կատարի հետեւյալ հիմնական խնդիրները. 
1. Անմիջապես զբաղվի գերիների եւ անհայտ կորածների վերադարձի խնդիրներով։
2. Ուսումնասիրի տնտեսության վիճակը եւ կանգնեցնի փլուզումը։
3. ա) Կատարի Սահմանադրության փոփոխություն՝ վերադառնալով նախկին կիսանախագահական կառուցվածքին 
բ) փոփոխություն կատարի Ընտրական օրենսգրքում, ընդհուպ ընտրություններին մասնակցելուց պետք է զրկել այն կուսակցություններին, որոնք պարբերաբար կխախտեն մարդու ազատ ընտրության իրավունքը։
4.  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր կնքվող պայմանագրի հիմքում պետք է ունենալ 1988 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 
ա) նախկին սահմանների վերականգնումը
բ) ժողովրդի ազատ կամքի արտահայտությամբ` ռեֆերենդումի միջոցով լուծել Արցախի վերջնական կարգավիճակը` ելնելով 1988 թ. ժամանակաշրջանի ազգաբնակչության համապատասխան` հայկական եւ այլազգի բնակչության տոկոսային հարաբերություններով, համամասնությամբ
գ) բացել տվյալ ժամանակահատվածում գոյություն ունեցող բոլոր տրանսպորտային ճանապարհները։
5. Վերանայել վերջին երկուսուկես տարիներին Ազգային ժողովի եւ կառավարության ընդունած օրենքներն ու որոշումները, այդ թվում՝ պետական ապարատի աշխատողներին տրվող անօրինական պարգեւավճարները։

Վալտեր ՄԱՐՈՒԹՅԱՆ
ՄԱԿ բարձրագույն դիվանագետ