Որպեսզի դրսում չմնան, շատերը թաքցնում են իրենց արցախցի լինելը

Որպեսզի դրսում չմնան, շատերը թաքցնում են իրենց արցախցի լինելը

«Մարդիկ լացելով գալիս են գրասենյակ, բողոքում, որ իրենց վարձով տներ չեն տալիս, եթե իմանում են, որ Արցախից են»,-բռնագաղթածների բողոքը փոխանցեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Շուշեցիների աջակցության գրասենյակում, որտեղ հանդիպեցինք քաղաքապետին, բազմաթիվ շուշեցիներ կային։ Ամեն ինչ կորցրած մարդիկ առայժմ մտածում են միայն գլխներին ծածկ ունենալու մասին։ Կեցության խնդիրն ասես երկրորդել է հայրենազրկված լինելու փաստը։ Բայց քաղաքապետն անձամբ հույսը չի կորցնում, որ մի օր Շուշին հետ են բերելու։ Նույնիսկ երազում տեսել է, թե ինչպես են Սբ Ղազանչեցոցի զանգերը զիլ ղողանջում ու իրենց հետ կանչում։
Բռնագաղթածներին օգնելու նպատակով Արցախի կառավարությունը 300 հազար, իսկ Հայաստանի կառավարությունը 68 հազար դրամ միանվագ օգնություն է տրամադրել յուրաքանչյուր անձի։ «Արցախցիների համար տների վարձը հասցրել են աստղաբաշխական թվերի։ Մարդկանց համոզում ենք, որ էդ գումարով գոնե տան վարձը տան, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինելու։ Իսկ որպեսզի դրսում չմնան, շատերը թաքցնում են իրենց արցախցի լինելը՝ գորիսեցի են ներկայանում։ Էս ի՞նչ վիճակի մեջ դրեցին մեզ՝ հերիք չի հողերը տվեցին, հիմա էլ հայաստանցի-արցախցի քաղաքականություն են տանում»,- ասաց Շուշիի քաղաքապետը։ 

Թե ինչպես եղավ, որ Արցախ աշխարհի համար կյանք տվող հայաստանցին հանկարծ սկսեց քամահրել, անգամ վարձով տուն չտալ շուշեցուն, քաղաքապետն այստեղ դիտավորություն է տեսնում։ «Հայաստանի իշխանական թեւից մարդիկ գնում են որոշ արցախցիների տներ ու ասում, որ միտինգներին չմասնակցեն։ Իսկ եթե մասնակցեն, տներից, հյուրանոցներից կհանեն։ Մարդիկ կան, որ անձամբ ինձ բողոքել են, թե զուտ հետաքրքրության համար ներկա են եղել միտինգներին, բայց հետո իրենց սպառնացել են, որ անտուն կթողնեն։ Ես միշտ ասել եմ՝ էն մարդը, ով բաժանարար գիծ է դնում հայաստանցու եւ արցախցու միջեւ, թուրքից վատն է»։
Շուշիի համայնքային բյուջեն անձեռնմխելի է փախստական դարձած իր բնակիչներին օգնելու համար։ Քաղաքի բյուջեից միայն աշխատավարձ է տրվում քաղաքապետարանի աշխատողներին։ Եթե աշխատակիցը մասնակցել է մարտական գործողություններին, աշխատավարձին ավելանում է եւս 25 տոկոս, իսկ եթե խուսափել-փախել է Հայաստան, նույնքան հանվում է։ «Այլ ծախսերի համար գումար չի նախատեսվում։ Օրինակ, իմ պետական մեքենային անիվներ են պետք, դրա համար գումար չի հատկացվում, իմ ծախսով պիտի գնեմ»։

Շուշիի քաղաքապետարանի աշխատակազմը, թեկուզ Երեւանում, բայց դեռ աշխատանքի մեջ է։ «Մինչեւ տարեվերջ կվարձատրվեն, հետո՝ հայտնի չէ»,-ասաց օդում կախված քաղաքի ղեկավարը։ Իսկ թե ուր են գնալու Շուշիի բյուջեի 17 մլն եւ սանմաքրման 55 մլն դրամը, Արծվիկ Սարգսյանը չգիտի։

ՀԳ․ Շուշեցիների շրջանում լուրեր են պտտվում, թե Արցախի կառավարությունը պապիկ-տատիկի արձանի հատվածում նոր Շուշի է կառուցելու եւ իրենց տեղափոխելու է այնտեղ։