Բժշկական ուղղաթիռները գիշերները թռիչք չեն անում․ նավիգացիոն համակարգ չկա
Անցած տարի «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված բժշկական ուղղաթիռները, որոնց ֆոնին հպարտությամբ լուսանկարվում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, չունեն նավիգացիոն համակարգ, որն էլ անհնար է դարձնում գիշերով թռիչքները։ Այսինքն՝ եթե գիշերվա ժամին ինչ-որ մեկի առողջական վիճակը վատանա, անհապաղ Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա դա հատուկ ուղղաթիռով հնարավոր չէ։
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանն անդրադառնալով այդ թեմային՝ ասաց․ «Դա ուղղաթիռներից չի, մեր Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի դրան, որ ինքը անի տեխնիկայով թռիչքներ, քանի որ երեւի հասկանում եք, որ սահմանին մոտիկ ենք թռնում եւ այլն, ոնց որ հա՛մ Հայաստանը պատրաստ չի, հա՛մ էլ այդ ուղղաթիռների վրա սարքերը չենք ավելացրել։ Երբ պատրաստ լինի «Զվարթնոցը» եւ մնացած տեղերը՝ պատրաստ լինեն ընդունելու, մենք այդ սարքերը կավելացնենք, գիշերը թռիչք կունենաք, բայց այս պահին պետությունը պատրաստ չի դրան»։
-Այդ սարքերը դու՞ք պետք է ավելացնեք, թե՞ այդպես պետք է գնվեր։
-Չէ, այդ օդանավակայաններն են ավելացնում։ Օրինակ, որ թռիչք անենք Երեւան-Կապան, Կապանի եւ Զվարթնոցի օդանավակայանները պետք է հարմարեցված լինեն գիշերային թռիչքների, իրենց հրապարակները պետք է սերտիֆիկատ անցնեն եւ այլն, երկար ընթացակարգ է։
-Այդ ուղղությամբ աշխատո՞ւմ եք։
-Այդ մենք չենք անելու, դա օդանավակայաններն են անում։ Մենք արեւելքից մինչեւ մայրամուտ ենք թռնում եւ այդքանով սահմանափակում ենք թռիչքները։
-Եթե գիշերը հրատապ դեպք է լինում, այդ դեպքում ի՞նչ է արվում։
-Եթե հեռու մարզից է, եւ հիվանդի ախտանշանները համապատասխանում են ուղղաթիռով տեղափոխելուն, օրինակ, եթե գիշերը ժամը 6-ին է դեպքը եղել, մինչեւ շտապ օգնության մեքենան գնա-բերի, արդեն նույն ժամանակն է լինում, որ մենք ինչ-որ լուսադեմ 7-ին գնանք, իրեն բերենք։
-Իսկ եթե գիշերը 2-ին է դեպքը լինում, պետք է սպասեն՝ լուսանա՞։
-Իրենք ընթացակարգեր ունեն, պացիենտին բերում են ստաբիլ վիճակի, հենց առավոտ լույսը բացվեց, մենք ուղղաթիռն ուղարկում ենք վիրավորի կամ հիվանդի հետեւից։
-Արձանագրենք, որ, եթե գիշերը անհապաղ դեպք է լինում, հիվանդին պետք է բերել շտապ օգնության մեքենայով։
-Հա, եթե գիշերվա ժամերին է լինում։ Ամեն դեպքում, եթե 4-ին էլ լինի, իրենք տանում են հիվանդանոց, պատրաստում են, որ ինքը այդքան ճանապարհը կարողանա անցնի՝ կապ չունի շտապօգնությունով է, թե ուղղաթիռով։
-Այս խնդրի մասին օդանավակայանները, կառավարությունը տեղյա՞կ են։
-Բոլորն էլ տեղյակ են։
Նշենք, որ անցած տարի մամուլում տեղեկություն տարածվեց, որ սանավիացիայի ուղղաթիռով Երեւան տեղափոխվող քաղաքացին հենց ճանապարհին մահացել է, քանի որ ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար։
Կարծիքներ