Նախագահին մեղադրում է ԿԳԲ գործակալ լինելու մեջ. Փոստանջյանի նամակը

Նախագահին մեղադրում է ԿԳԲ գործակալ լինելու մեջ. Փոստանջյանի նամակը

«Հրապարակի» ձեռքի տակ է հայտնվել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նամակը՝ ուղղված իրավապահ մարմիններին: Նամակը ներկայացնում է հանցագործության մասին հաղորդումներ՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի:

Նամակում,մասնավորապես, Փոստանջյանը Սարգսյանին մեղադրում է Սերժ Սարգսյանի հետ հանցավոր կապերի մեջ, կասկածի տակ է դնում որպես նախագահի նրա լեգիտիմությունը, մինչև անգամ Արմեն Սարգսյանին մեղադրում է ԿԳԲ գործակալ լինելու մեջ.

«Ուսումնասիրելով Արմեն Սարգսյանի կենսագրությունը՝ հասկանալի է դառնում, որ այս անձը խորհրդային ժամանակշրջանում չէր կարող, չլինելով ԿԳԲ-ի աշխատակից, մեկնել Մեծ Բրիտանիա` 1984-1985 թվականներին Քեմբրիջի համալսարան որպես այցելու դասախոս: Իհարկե, Արմեն Սարգսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու ապացույցը ամենամատչելի կերպով հնարավոր է ձեռք բերել` երբ ընդունվի Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենք: Սակայն Արմեն Սարգսյանի կենսագրության այս կարևոր դրվագը՝ ԽՍՀՄ-ից մեկնելը մեկ տարով կապիտալիստական երկիր որպես այցելու դասախոս, արդեն հիմնավոր կասկած է նրա՝ ԿԳԲ-ի հետ կապի մասին: Ի՞նչ պաշտոն է զբաղեցրել նա սովետական ԿԳԲ-ում, ի՞նչ կոչում է ունեցել և ի՞նչ հանձնարարություն է կատարել խորհրդային տարիներին այցելու դասախոսի քողի տակ Միացյալ Թագավորությունում՝  կպարզվի ԿԳԲ-ի արխիվը բացելուց հետ»,- ասված է նամակում:

Իրավապահ մարմիններից,սակայն,որևէ արձագանք չի եղել Փոստանջյանի նամակին:

Կից ներկայացնում ենք Փոստանջյանի նամակը․

ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ ԱԱԾ տնօրենին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին
ՀՀ ոստիկանության պետին

Հաղորդում հանցագործության մասին
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի կողմից իշխանության յուրացման, պաշտոնական կեղծիք թույլ տալու, դիվերսիայի, վնասարարության վերաբերյալ


    I. Գործի նկարագրություն


    1. Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնական կեղծիքի միջոցով  իշխանության յուրացման վերաբերյալ  

Հայաստանի Հանրապետությունում շուրջ քառորդ դար գործում է բռնակալական համակարգ: Իշխանությունը տարիներ շարունակ յուրացվել է տարբեր անձանց և կուսակցությունների կողմից: 

Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախաձեռնությամբ Արմեն Սարգսյանը անօրինական կարգով հայտնվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: 

Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության համատեղ յուրացումը մեկնարկել է 2007 թվականի մայիսի 6-ին: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ի իշխանության յուրացման դեպքին նախորդել է շուրջ մեկ տասնամյակ իշխանության համատեղ յուրացման բազմակի դեպքեր:
 
Շարունակական բնույթ կրող հանցավոր գործողությունները Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման հանցակազմով` 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեն և 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունները Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից կրկին հանգեցրեցին իշխանության յուրացման դեպքերի: 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին արձանագրվեց իշխանության յուրացման երկու դեպք` 2018 թվականի մարտի 2-ին Արմեն Սարգսյանը, յուրացնելով իշխանությունը, դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, և Սերժ Սարգսյանը, կրկին յուրացնելով իշխանությունը, 2018 թվականի ապրիլի 17-ին դարձավ ՀՀ վարչապետ:

Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախաձեռնությամբ Արմեն Սարգսյանն անօրինական կարգով հայտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: 

Կեղծիքով ձևավորված ՀՀ Ազգային ժողովը (2017 թվական)   կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրության (2015 թվական) համապատասխան դրույթների անտեսմամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանին առանց պահանջվող փաստաթղթերի առկայության 2018 թվականի մարտի 2-ին նշանակեց Հայաստանի Հանրապետության նախագահ: Արմեն Սարգսյանը չէր ներկայացրել փաստաթուղթ՝ Միացյալ Թագավորության իր քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված կասկածների վերաբերյալ, մասնավորապես առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջին։ Միացյալ Թագավորության պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը, որը կարող էր հիմնավորել Արմեն Սարգսյանի Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լինելու վերաբերյալ արժանահավատ ապացույց, այդպես էլ չի ներկայացվել ո՛չ ՀՀ Ազգային ժողովին և ո՛չ էլ հանրությանը։ Այս փաստաթղթի բացակայությունը փաստում է Արմեն Սարգսյանի կողմից քաղաքացիության ցենզը չբավարարելու հետ կապված կասկածների հիմնավոր լինելը: 

Արմեն Սարգսյանը (հանդիսանալով միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչ) Սերժ Սարգսյանի կողմից նշանակվելով Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, զուգահեռ դեսպանի աշխատանքին անձամբ զբաղվել է այլ աշխատանքով, մասնավորապես՝ ղեկավարել է EURASIA HOUSE INTERNATIONAL կազմակերպությունը (նշանակվել է տնօրեն 30.05.2002 թվականին և մինչև լուծարումը 09.06.15 թվական շարունակաբար պաշտոնավարել է որպես տնօրեն տես կից փաստաթղթերը` հավելված 1, 2, 3, 4):  Այդ գործունեության իրականացման ընթացքում, Միացյալ Թագավորության օրենսդրության պահանջներին համապատասխան, Միացյալ Թագավորության կառավարությանը ներկայացրել է տարբեր տեսակի պաշտոնական հաշվետվություն-հայտարարություններ` որտեղ նշել է իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու  և EURASIA HOUSE INTERNATIONAL Company number 04451865 կազմակերպության տնoրեն լինելու փաստերը:  Այս փաստերի վերաբերյալ Միացյալ Թագավորության համապատասխան պետական մարմինը իր պաշտոնական կայք-էջում կատարել է հրապարակումներ (տես` 

    https://beta.companieshouse.gov.uk/company/04451865/filing-history

Արմեն Սարգսյանը իր՝ վերջին վեց տարիների ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու վերաբերյալ որևէ ապացույց չի տրամադրել, նա միայն բանավոր հայտնել է որ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին դիմել է Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու համար և այդ օրվանից հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Արմեն Սարգսյանի սույն պնդումը հակասում է իր կողմից Միացյալ Թագավորության կառավարությանը ներկայացրած պաշտոնական հաշվետվություններին, որտեղ նա բազմիցս նշել է` 20.05.2003 թվականից մինչև 30.05.2014 թվականը Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու փաստը (տես կից փաստաթղթերը` հավելված 5, 6, 7):  Մասնավորապես  2011 թվականի դեկտեմբերի 2-ից հետո Արմեն Սարգսյանը ներկայացրել է հաշվետվություններ, որտեղ  նշել է իր՝ Միացյալ Թագավորության քաղաքացի լինելու փաստը (20.06.2012 թվական, 13.06.2013 թվական, 12.06.2014 թվական): Այս հաշվետվությունների ուսումնասիրությունները և նրա կողմից կատարված հայտարարությունները փաստում են Արմեն Սարգսյանի կողմից թույլ տրված պաշտոնական կեղծիքի մասին:

    2. Արմեն Սարգսյանի կողմից դիվերսյա և վնասարարություն փորձ իրականացնելու վերաբերյալ 

Անձամբ Արմեն Սարգսյանը չներկայացնելով փաստաթուղթ իր կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացիության դադարեցման վերաբերյալ և առանց այդ փաստաթղթի առկայության նրա նշանակումը կեղծված ՀՀ Սահմանադրության հիման վրա և կեղծիքով ձևավորված ՀՀ Ազգային Ժողովի կողմից արձանագրում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի համատեղ վաղեմի կապի և հանցավոր համագործակցության մասին:

Ուսումնասիրելով Արմեն Սարգսյանի կենսագրությունը՝ հասկանալի է դառնում, որ այս անձը խորհրդային ժամանակշրջանում չէր կարող, չլինելով ԿԳԲ-ի աշխատակից, մեկնել Մեծ Բրիտանիա` 1984-1985 թվականներին Քեմբրիջի համալսարան որպես այցելու դասախոս: Իհարկե, Արմեն Սարգսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու ապացույցը ամենամատչելի կերպով հնարավոր է ձեռք բերել` երբ ընդունվի Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենք: Սակայն Արմեն Սարգսյանի կենսագրության այս կարևոր դրվագը՝ ԽՍՀՄ-ից մեկնելը մեկ տարով կապիտալիստական երկիր որպես այցելու դասախոս, արդեն հիմնավոր կասկած է նրա՝ ԿԳԲ-ի հետ կապի մասին: Ի՞նչ պաշտոն է զբաղեցրել նա սովետական ԿԳԲ-ում, ի՞նչ կոչում է ունեցել և ի՞նչ հանձնարարություն է կատարել խորհրդային տարիներին այցելու դասախոսի քողի տակ Միացյալ Թագավորությունում՝  կպարզվի ԿԳԲ-ի արխիվը բացելուց հետո: 

Արմեն Սարգսյանի կարգավիճակում գտնվող անձինք, օրինակ՝ Սերժ Սարգսյանը («Նարիմանով» ծածկանվամբ),  ով հավաքագրվել էր խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից, ԽՍՀՄ անկումից հետո հայտնվել են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունում և զբաղեցրել են բարձր պաշտոններ: Այս անձինք իրենց ապօրինի գործունեությամբ յուրացնելով իշխանությունը՝ մեծ վնասներ են պատճառել և շարունակում են պատճառել Հայկական պետականությանը և հայ ազգին:

Արմեն Սարգսյանը, սպասարկելով միջազգային օլիգարխիայի շահերը, ծրագրված մուտք է գործել Հայաստանի Հանրապետության իշխանական համակարգ: Նրա մուտքը Հայաստանի Հանրապետության իշխանական համակարգ հնարավոր է դարձել Սերժ Սարգսյանի հանցավոր գործունեության հետևանքով: Արմեն Սարգսյանի վերադարձը Հայաստանի Հանրապետության իշխանական համակարգ պայմանավորված էր նրա սերտ կապերով միջազգային օլիգարխիայի հետ և Հայաստանի Հանրապետության ընդերքում առկա հարստությանը նրանց կողմից թալանելու ցանկությամբ: Սպասարկելով միջազգային օլիգարխիայի ծրագիրը՝ նա պատրաստվում է Հայաստանի Հանրապետության ընդերքից թալանել տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ ազնիվ մետաղներ: Այս ծրագիրը սպասարկելու համար նրան անհրաժեշտ էր ունենալ անմիջական իշխանական լծակները` քաղաքական բարձր պաշտոն: Այդպիսի պաշտոն է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, որի համար գին է սահմանված: Գինը մեր հայրենիքի ընդերքում առկա ոսկին և արծաթն են:

Արմեն Սարգսյանի վերաբերյալ հիմնավոր կասկածը՝ Ամուլսարի ոսկու թալանի հետ կապված, տարիներ շարունակ շրջանառվել է ԶԼՄ-ներում: Նրա կապի մասին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ՝ նա լրատավամիջոցների հարցերին պարզաբանում տրամադրելիս ուղղակի ստել է, ինչպես ստել է Միացյալ Թագավորության իր քաղաքացիության դադարեցման հարցի հետ կապված:
 
Այսպես. Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է հետևյալը` «… «Lydian»-ի պատմությունը հերթական սուտ լուրերից մեկն է։ Հաճույքով կհստակեցնեմ: Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: Սա պարզ, հստակ ձևակերպում է։ «Lydian» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ: «Lydian»-ը դա Կանադայում, բորսայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «google» անել ու կտեսնեն՝ արդյոք ես կամ ինձ հետ կապված որևէ մեկը բաժնետեր եղե՞լ են, թե՞ ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ: «Lydian»-ին ինձ ծանոթացրել են երկու մարդ՝ Կարինե Ղազինյանը և «Lydian»-ն Ընկերության բաժնետերերից մեկը՝ Ջոզեֆ Ուղուրլյանը: Ջոզեֆ Ուղուրլյանը ինձ առաջարկեց, որ, եթե հնարավոր է, որ ես դառնամ խորհրդատվական մարմնի, այսինքն՝ ըըըըը, խորհրդատուների, ըըըըը, տնօրենների խորհուրդ կա, խորհրդատվական, միայն խորհրդատվական բանով, ֆունկցիայով: Որտեղ 8 անդամ կա, որոնցից մեկը ես էի:» (տես` https://www.youtube.com/watch?v=i5py8WpI8Ro
 
Որպեսզի մենք հնարավորություն ունենանք տեսնելու` արդյոք նախագահի դերակատար Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի որևէ անդամ «Lydian» ընկերության բաժնետերեր են, թե ոչ, պետք է հնարավորություն ունենանք ոչ թե «google» անելու, որ տեսնենք այդ փաստը, այլ պետք է հնարավորություն ունենանք տեսնելու «Lydian» ընկերության գրանցման փաստաթղթերը: Մինչդեռ «Lydian» ընկերությունը գրանցված է ոչ թե Կանադայում, այլ բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում (տես կից փաստաթղթը, հավելված 8՝ 
https://www.sedar.com/DisplayProfile.do?lang=EN&issuerType=03&issuerNo=00023397): Հենց այնպես չեն «Lydian» ընկերության բաժնետերերը այն գրանցել բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում. դա արվել է այն նպատակով, որպեսզի «google» անելով տեղեկատվություն չստանանք տվյալ օֆշորում գրանցված  կազմակերպության մասին` այդ տվյալները գաղտնի են: Իսկ ինչ վերաբերում է «Lydian» ընկերության` Կանադայում գրանցված լինելուն, ապա ինչպես Կանադայում, այնպես էլ Հայաստանում, «Lydian» ընկերության գործունեության ծավալումը` գրանցված լինելը չի բացահայտում այդ ընկերության բաժնետոմսերի սեփականատերերին: Արմեն Սարգսյանն իմանալով, որ այստեղ իր և իր ընտանիքի անդամների մասին տեղեկատվություն չկա, փորձել է այս կերպ հերքել իր և իր ընտանիքի բաժնետեր լինելու փաստը:
  
Արմեն Սարգսյանը պնդում է, թե վերջին անգամ նա շփվել է «Lydian» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ հինգ տարի առաջ: Այս պնդումը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Lydian» ընկերության կողմից տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ ակնհայտ երևում է, որ, նախ` Արմեն Սարգսյանն այս ընկերությունում պատահական մարդ չէ, դեռ ավելին` ընդգծվում է, որ «Lydian» ընկերությունն ուրախ է նրա` Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որն ի բարօրություն կօգտագործվի և ի նպաստ կգործի «Lydian»-ի համար:
 
Արմեն Սարգսյանը պնդում է, թե ընկերության հետ անմիջական առնչություն ունեցել է զուտ այնքանով, որ կարճ ժամանակահատված եղել է խորհրդի կազմում, այդ խորհրդի անդամ է եղել ընդամենը երեք ամիս, որի ժողովներին նույնիսկ չի մասնակցել:
 
Կարդալով «Lydian»-ի կողմից տարածված թվով երեք պաշտոնական հողորդագրությունները` հասկանում ենք, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ պատահական պայմանագրային աշխատակից` խորհրդատու չէր, որն անգամ տնօրենների ժողովին չէր մասնակցում և միայն զեկույց է կազմել:
 
Այսպես` ծանոթանանք հաղորդագրություններին.
 
Lydian International-ը հայտարարում է Դոկտոր Արմեն Սարգսյանի նշանակումը որպես «Lydian»-ում տնօրենների խորհրդի անդամ:
 
TORONTO, Ontario, մարտի 25, 2013. Lydian International Ltd.-ը («Lydian»-ը կամ «Ընկերությունը»), որը ոսկու հանքավայրի հետազոտման եւ զարգացման ընկերություն է, ուրախ է տեղեկացնել, որ Դոկտոր Արմեն Սարգսյանը նշանակվել է ընկերության տնօրեն:
«Lydian»-ի նախագահ Գորդոն Վայլին հայտարարեց, որ «Լիդիան»-ն ուրախ է, որ Դոկտոր Սարգիսյանը միացել է իրենց  թիմին: Դոկտոր Սարգսյանն ունի մեծ փորձ եւ ունի բարձր դիրք ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեղում: Նրա իմաստնությունը եւ գիտելիքը շատ օգտակար կլինեն, քանի որ մենք Ամուլսարի նախագծով նախատեսում ենք դառնալ համաշխարհային կարգի ոսկու արտադրող (տես՝ կից փաստաթուղթը, հավելված 9 http://www.lydianinternational.co.uk/news/2013-news/180-lydian-international-announces-appointment-of-dr-armen-sarkissian-to-board):
 
TORONTO, Ontario, սեպտեմբերի 25, 2013. Lydian International Ltd.-ը («Lydian»-ը կամ «Ընկերությունը»), ոսկու հարստացված հանքարդյունաբերության և զարգացման ընկերությունը, տարածել է մամլո հաղորդագրություն, համաձայն որի` Դոկտոր Արմեն Սարգսյանը Ընկերության ոչ գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարական է տվել, քանի որ սպասվում է իր նշանակումը պետական պաշտոնում: Ընկերությունը նշել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Դոկտոր Սարգսյանին իր ներդրման համար և բարին մաղթել նրան ապագա պաշտոնում (տես՝ կից փաստաթուղթը, հավելված 10 http://www.lydianinternational.co.uk/news/2013-news/170-lydian-international-announces-resignation-of-director):
 
Մի քանի օր անց «Lydian»-ը կրկին մամլո հաղորդագրություն է տարածում, որոմ նշում է հետևյալը.
 
TORONTO, Ontario, սեպտեմբերի 30, 2013. Lydian International Ltd- ը («Lydian»-ը կամ «Ընկերությունը»), ոսկու հանքավայրի հետազոտման և զարգացման ընկերությունը, ի լրումն նախորդ` օրեր առաջ տարածված մամլո հաղորդագրության, ուրախությամբ հայտնում է, որ Դոկտոր Արմեն Սարգսյանն ընկերության տնօրենի պաշտոնից հրաժարական է ներկայացրել, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան: «Lydian»-ը Դոկտոր Սարգսյանի հրաժարականը դիտարկել է որպես նորմալ քայլ, որը ողջունվում է` որպես նախապատրաստում նոր, վաստակաշատ կարգավիճակի: Մեկնաբանելով Դոկտոր Սարգսյանին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելը` «Lydian»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինն ասել է. Ընկերության անունից մենք շատ ուրախ ենք շնորհավորել Դոկտոր Սարգսյանին` վերջերս իր դեսպանի նշանակման կապակցությամբ»: Նա նաև ավելացրել է. Քանի որ «Lydian»-ը շարունակում է առաջ մղել իր նպատակը` Ամուլսարի ծրագրի արդյունավետության և կայունության զարգացման ուղղությամբ, մենք անհամբեր սպասում  ենք` շարունակելու սերտ աշխատել Դոկտոր Սարգսյանի հետ նոր դերում»: Այդ օրը «Lydian»-ն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է նաև, որ «Lydian»-ը ոսկու հանքավայրի հետազոտման և զարգացման ընկերություն է, որը ներկայումս կենտրոնացել է Արևելյան Եվրոպայում, և մասնավորապես Հայաստանում` զարգացնելով դրոշակակիր Ամուլսարի ոսկու նախագիծը: «Lydian»-ն ունի նաև Կովկասի տարածաշրջաններում ոսկու և հիմնական մետաղների վաղ հետախուզման խոստումնալից նախագծեր (տես՝ կից փաստաթուղթը հավելված 11 http://www.lydianinternational.co.uk/news/2013-news/169-lydian-international-announces-appointment-of-former-director-as-ambassador):
 
Հետագայում, դեռ հանքը չշահագործած, արդեն տեսնում ենք Դոկտոր Սարգսյանի վաստակաշատ կարգավիճակի, արդյունքները  «Lydian»-ի համար` նվեր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, որը կազմում է 100 միլիոն դոլար  (տես՝ կից փաստաթուղթը հավելված 12 http://www.armecofront.net/lrahos/100%D5%B4%D5%AC%D5%B6-%D5%A4%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80-%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%A8-lydian-international-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82/,

(տես՝ կից փաստաթուղթը հավելված 13)
http://www.lydianinternational.co.uk/news/2015-news/203-lydian-to-improve-amulsar-economics-with-revised-mine-plan-following-favourable-legislative-changes):
 
Բացի վերը թվարկված մամլո հաղորդագրություններից՝ «google» մեզ հայտնեց, որ Դոկտոր Արմեն Սարգսյանը ուղիղ կես տարի հանդիսացել է «Lydian»-ի տնօրենների խորհրդի  անկախ տնօրեն, որը նույնիսկ ունեցել է ավելի լայն լիազորություններ, քան Ընկերության երկու գործադիր տնօրենները: Դոկտոր Արմեն Սարգսյանի Lydian»-ում լուրջ աշխատանք կատարելու վերաբերյալ առկա է համապատասխան փաստաթուղթ (տես՝ MANAGEMENT INFORMATION CIRCULAR FOR THE
ANNUAL AND SPECIAL MEETING OF SHAREHOLDERS
SOLICITATION OF PROXIES՝ https://www.sedar.com/DisplayCompanyDocuments.do?lang=EN&issuerNo=00023397):  Այսպես՝ այս փաստաթղթում նշվում է, որ Դոկտոր Արմեն Սարգսյանը հանդիսանում է ղեկավարության կողմից ընտրված անկախ տնօրեն լայն իրավասություններով՝ մասնակցում է ղեկավարության առաջարկած ռազմավարական ծրագրերի եւ հեռանկարային որոշումների գնահատմանը եւ հաստատմանը, Ընկերության կողմից ձեռնարկվող հիմնական բիզնես ռիսկերը բավարարելու նպատակով, տնօրենների խորհուրդի անկախ տնօրենը, ստանում և դիտարկում է Ընկերության գնահատման և նման ռիսկերի կառավարման պարբերական հաշվետվությունները, կարող է վերանայել ղեկավարության կողմից հաստատված հիմնական ռիսկերը, վերահսկելու մեթոդները եւ ընթացակարգերը, պարբերաբար հետեւում է Ընկերության ֆինանսական ցուցանիշներին, ներառյալ մանրամասն ֆինանսական տեղեկատվության ստացման եւ վերանայման մասին, ուղղակիորեն և աուդիտի կոմիտեի միջոցով գնահատում է Ընկերության ներքին վերահսկողության և կառավարման տեղեկատվական համակարգերի ամբողջականությունը:
 
Դոկտոր Արմեն Սարգսյանը, ունենալով հատուկ լիազորություն, նաև մասնակցել է «Lydian»-ի բաժնետերերի ժողովին՝ քվեարկության իրավունքով, և քվեարկելով մասնակցել է որոշումների կայացմանը:  (տես՝ կից փաստաթղթերը, հավելված 14)
The election of management’s nominees for
directors and the results of the vote on directors at its annual and special meeting of shareholders held on May 20, 2013 https://www.sedar.com/DisplayCompanyDocuments.do?lang=EN&issuerNo=00023397, 
http://www.lydianinternational.co.uk/news/2013-news/179-lydian-international-announces-results-of-voting-for-directors-at-annual-and-special-shareholders-meeting-and-resignation-of-director ):

 «Lydian»-ն ընկերության գործունեությունը Ամուլսարի հանքավայրի սպասվող շահագործման հետ կապված մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ հանրության շրջանում: Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ Ամուլսարի շահագործումը հանգեցնելու է բնապահպանական աղետի, որը ոչ միայն աղտոտելու է Ամուլսարի շրջակա միջավայրը, այլև հասնելու է մինչև Սևանա լիճ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նման հանցավոր ծրագիր արդեն իրականացվել է` Թեղուտի հանքավայրի շահագործումը, որն այսօր դադարեցված է: Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ, դիվերսիա է և վնասարարություն:

Արմեն Սարգսյանը, հանդիսանալով միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչ, նաև սերտ կապեր ունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևաի հետ: Գաղտնիք չէ, որ Նուրսուլթան Նազարբաևը թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմներից է, ով նաև Իլհամ Ալիևի ագրեսիվ նկրտումների խրախուսողն է: Արմեն Սարգսյանը և Դարիգա Նազարբաևան համատեղ գործունեություն են ծավալել և ծավալում են տարբեր ծրագրերում, որոնք հակասում են Հայկական պետականության և հայ ազգի շահերին: EURASIA HOUSE INTERNATIONAL Company number 04451865 կազմակերպությունը որում Դարիգա Նազարբաևան աշխատել է որպես տնօրեն այդ կազմակերպության հենց հիմնադրման օրվանից, ըստ էության ոչ միայն ապացուցում է Արմեն Սարգսյանի և  Դարիգա Նազարբաևայի սերտ կապերի մասին, այլ նաև ևս մեկ հնարք է օլիգարխիան քողարկելու համար:
 

    II. Քրեական հետապնդում իրականացնելու հիմնավորում

    1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հանրահայտ և անփոխարինելի դրոյթները` 

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է» ոտնահարվել է բազմաթիվ անգամներ և բազմաթիվ անձանց կողմից» 

շուրջ քառորդ դար ոտնահարվել են: Վերը նշված դրույթների ոտնահարողների ցանկը համալրել է նաև Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն օրենքով սահմանված պահանջներով չի ընտրվել որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Արմեն Սարգսյանն այդ պաշտոնը յուրացրել է կեղծիքների միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խախտում

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված»  և «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ» գլուխներում նախատեսված հանցագործությունները`

 Հոդված 300. Իշխանության յուրացնելը
1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
(300-րդ հոդվածը խմբ. 18.03.09 ՀՕ-53-Ն)

Հոդված 303. Դիվերսիա
Պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 304. Վնասարարություն
Այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաև կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքին խոչընդոտելու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հոդված 314 Պաշտոնական կեղծիք
1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
(314-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Արմեն Սարգսյանի կողմից թույլ են տրվել վերը նշված հոդվածներով նախատեսված քրեորեն հետապնդելի արարքներ: Արմեն Սարգսյանի գործողությունները պարունակում են վերը թվարկված հանցագործությունների հատկանիշներ:

    III. Պահանջը

Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ անհապաղ հարուցել քրեական գործ և ներգրավել որպես մեղադրյալ Արմեն Սարգսյանին: