Ծառուկյանից սնվածները Ծառուկյանի դեմ քվեարկեցին

Ծառուկյանից սնվածները Ծառուկյանի դեմ քվեարկեցին

Իմքայլականները՝ գումարած իրենց «արբանյակ» Բաբաջանյան Արմանը, երեկ երկու անգամ կողմ քվեարկեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդություններին։ Դրանցից առաջինով Դավթյանը միջնորդում էր, որ խորհրդարանը թույլ տա ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, մյուսով էլ խնդրում էր թույլ տալ, որ Ծառուկյանին զրկեն ազատությունից։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, 86-ը՝ «Իմ քայլից», մեկը՝ իշխանությունների կամակատար «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը։

ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեցին քվեարկությանը։ «Իմ քայլից» երկու պատգամավոր չմասնակցեց այդ խայտառակ քվեարկությանը։ Մեկը Թագուհի Թովմասյանն էր, որը ֆիզարձակուրդի մեջ է, մյուսը՝ նրա քավոր Սասուն Միքայելյանը, որը նախընտրել էր չգալ, քանզի մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Մյուս իմքայլականները, անգամ նրանք, որոնք տարիներ շարունակ սնվել են Ծառուկյանի միջոցներից, օրինակ՝ «Կենտրոնի» երկարամյա հաղորդավար Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, օլիմպիական մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը, անհայտ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը 12 տարի ԲՀԿ անդամ է եղել, ընդ որում՝ քաղխորհրդի անդամ, կողմ քվեարկեցին Ծառուկյանի դեմ բերված միջնորդություններին։ Կողմ քվեարկեցին նաեւ նրանք, որոնք մեկ տարի առաջ մասնակցում էին Ծառուկյանի դստեր հարսանիքին, նրանք, որոնք հեղափոխության օրերին օգտվում էին Ծառուկյանի ուղարկած ջրերից, նրանք, որոնք պաշտպանում էին Ծառուկյանի հետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագիրը, եւ այսպես շարունակ։ Երեկ այս բոլոր անձինք լուռ էին, չգիտեին ինչ ասել։ Ինքը՝ Ծառուկյանը, մեր համառ պնդումներից հետո, թե չի՞ փոշմանել, որ աջակցել է հեղափոխությանն ու ջուր է հասցրել հեղափոխականներին, ի վերջո պատասխանեց․ «Ոչ մի բանի համար չեմ փոշմանել»։ Ի դեպ, դեռ առաջին միջնորդության քննությունը չավարտված՝ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ գնում է ԱԱԾ։ Իսկ այդ ընթացքում ԱԱԾ աշխատակիցները՝ ավտոմատներով ու դիմակներով, սպասում էին նրան ԱԺ մուտքի մոտ։ Նրանք զորքով շրջափակել էին շենքը, փակել մուտքերը, որ հանկարծ Ծառուկյանը չփախչի։ Այդպես էլ որեւէ իրավական հիմք կամ տրամաբանություն չգտանք, թե ինչու էին ԱԱԾ-ականները եկել Ծառուկյանի հետեւից, երբ նա դեռ անձեռնմխելի էր եւ ինքն էլ պատրաստ էր իր ոտքով գնալ ԱԱԾ։ Երեւի վստահ էին, որ ԱԺ-ն հանձնելու է նրան։

Երբ Ծառուկյանը նստում էր մեքենան, որ գնար ԱԱԾ, նրան մոտեցավ ԱԱԾ քննչական վարչության ղեկավարը եւ տեղեկացրեց, որ նա պետք է իրենց հետ գա։ Ծառուկյանին հաջողվեց համոզել, որ իր մեքենայով գնա ԱԱԾ, ԱԱԾ պաշտոնյան համաձայնեց, բայց պայմանով, որ ինքն էլ նստի նրա կողքը՝ երեւի որ հանկարծ փախչելու ձեւ չունենա «հանցագործը»։ Ծառուկյանի մեքենան ԱԱԾ-ի 6 մեքենա շրջափակեց եւ «մեծ շուքով» ուղեկցեց ԱԱԾ, որտեղից Ծառուկյանը դժվար թե շուտ դուրս գար։
Իսկ դահլիճում ընդդիմադիր պատգամավորներն այդ ընթացքում նեղն էին դրել Սերժ Սարգսյանի նշանակած ու Նիկոլ Փաշինյանին այսօր հլու-հնազանդ ծառայող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նրան հիշեցրին իր քաղաքական անցյալը, թե ինչպես  մեկ օրվա մեջ Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին ազատությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց այն ժամանակվա խորհրդարանին, հետո փոխվարչապետ Կարեն Կարապետյանի խնդրանքով հետ վերցրեց։ Դավթյանն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց՝ հանցագո՞րծ էր, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, եւ ինչպե՞ս եղավ, որ փոշմանեց։ Կամ՝ ինչպե՞ս կարող է փոխվարչապետի խնդրանքն այդքան ազդեցիկ լինել դատախազի որոշման վրա։

Եվ նման անցյալ ու հետագիծ ունեցող դատախազը երեկ գրեթե երդվում էր, որ Ծառուկյանի դեմ սկսված այս արշավը զուտ իրավական է, քաղաքական պատվեր ինքը չի կատարում։ Այսինքն՝ այդ Նիկոլ Փաշինյանը չէ իրեն զանգել եւ հրահանգել քրեական հետապնդում սկսել Ծառուկյանի նկատմամբ, որը սկսել էր սուր քննադատել իրեն, այդ ինքն է իր սեփական խելքով հանկարծ գլխի ընկել, որ 2017-ի ընտրությունների ժամանակ Ծառուկյանը կաշառք է բաժանել։ Բայց Արթուր Դավթյանը լրիվ ինքնուրույն ձեւով դեռեւս գլխի չի ընկել, որ այդ ընտրություններին Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ՀՀԿ-ի շատ այլ օլիգարխներ ոչ մի կաշառք էլ չեն բաժանել՝ լրիվ օրինական ընտրվել են։ Այս ամենը, բնականաբար, հիշեցրին Դավթյանին։

Իսկ երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցին փորձեցինք հարցնել՝ վստահո՞ւմ է Սերժ Սարգսյանի կողմից նշանակված դատախազի խոսքերին, նա համառորեն չցանկացավ պատասխանել այս հարցին։

Նույն հարցն ուղղեցինք նաեւ «Իմ քայլի» մեկ այլ՝ անհայտ պատգամավորի՝ Արտաշես Պետրոսյանին, որն «Առաքելություն» կուսակցությունից է եւ դաշինքով է մտել խորհրդարան ու այս ընթացքում գրեթե ոչ մի ծպտուն չի հանել։ Պարզվեց, նա վստահում է Սերժ Սարգսյանի նշանակած դատախազին։ Բայց նախ հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում այս գործընթացը, որը ԲՀԿ-ականները համարում են քաղաքական եւ պնդում, որ սա սկսվեց այն օրվանից, երբ Ծառուկյանը քննադատեց իշխանությանը։ «Դատախազը շատ պարզ ասաց, թե երբվանից է սկսվել այս գործընթացը»,- ասաց Պետրոսյանը։ Դուք վստահո՞ւմ եք Սերժ Սարգսյանի օրոք նշանակված դատախազի խոսքերին։ «Այո»,- եղավ պատասխանը։ Բայց չկարողացավ բացատրել, թե ինչպես կարող են վստահություն ներշնչել այն դատախազի խոսքերը, որն իր միջնորդությունները հետ է վերցնում փոխվարչապետի խնդրանքով։ «Դատախազը դրա վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց, ես չեմ կարող ասել»,- ասաց նա։