17-20 հազար արցախցի ոստիկաններից ոչ մեկին աշխատանք չեն տալիս ՀՀ ՆԳՆ համակարգում

17-20 հազար արցախցի ոստիկաններից ոչ մեկին աշխատանք չեն տալիս ՀՀ ՆԳՆ համակարգում

Մենք զրուցել ենք Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից Սևակ Պետրոսյանի հետ։ 

-Դիմե՞լ եք ՀՀ ՆԳՆ` աշխատանքի անցնելու համար։

-Այո, դիմել ենք, բայց հույս չունենք, որ կվերցնեն աշխատանքի։

-Ինչու՞:

-Օրեր առաջ ինքս դիմել եմ ՀՀ ՆԳՆ-ում աշխատանքի անցնելու նպատակով, լրացրել եմ դիմում, այսօր ընկերոջս էի ուղեկցել ՀՀ ՆԳՆ-ում դիմում լրացնելու համար, որտեղ հանդիպեցի նաև Արցախի բազմաթիվ ոստիկանների, ովքեր նույնպես եկել էին դիմում լրացնեին` աշխատանքի համար։  Բայց ոնց որ չկա կամք մեզ այստեղ համակարգում աշխատանքի վերցնելու։ Շատերին ասել են դիմում գրելու կարիք չկա, քանի որ ձեր մասով դեռ որոշում չկա։ Մի մասին ասել են, որ դուք դեռ ազատված չեք համարվում մինչև հունվարի 1-ը, բայց մինչ այսօր չեն վճարել սեպտեմբեր ամսվա աշխատավարձը։ Ես 17 տարի աշխատել եմ Արցախի ոստիկանությունում՝ տարբեր ծառայություններում և այստեղ էլ պատրաստ եմ ծառայել տարբեր ծառայություններում, անգամ Արցախում ունեցածս կոչումիցս ցածր պաշտոնում։

Դեռ հարցականի տակ է նաև ծառայությունից թոշակի անցածների հարցը, կանցնե՞ն թոշակի, թե ոչ։ Խնդիրները շատ են, սկսած գրանցման հասցե ստանալուց մինչև  աշխատանքի անցնելու հարցը։ Բայց իմ տեղեկություններով Արցախի ռազմական ոստիկանությունում աշիատած մարդիկ չունեն խնդիր այստեղի ռազմական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար։ Նրանցից շատերն արդեն անցել են աշխատանքի, եթե եղել է իր պաշտոնին համարժեք թափուր տեղ վերականգնվել է և աշխատում է։ Իմ կարծիքով, եթե լինի ներքին հրաման Արցախի ոստիկաններին այստեղ աշխատանքով ապահովելու համար, այսքան չեն ձգձգի, աշխատանքի հարցը կլուծվի։ 

-Ունե՞ք ծանոթներ, ում հաջողվել է ՀՀ ոստիկանությունում աշխատանքի անցել։

-Ոչ, չկա մարդ, ում հաջողվել է աշխատանք գտնեն ոստիկանությունում։ Անգամ Արցախի անձնագրային ծառայության աշխատակիցներին չեն վերցնում աշխատանքի։

ՀԳ «Հրապարակի» տեղեկություններով, ՀՀ վարչապետից ուղիղ հրահանգ է իջեցվել արցախցիներին չընդունել աշխատանքի այն ծառայություններում, որտեղ հասարակական կարգի, անվտանգության խնդիրների հետ են աշխատողներն առնչվելու: Այսինքն` միտինգ ցրելու, իր եւ իշխանության մյուս ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու խնդիրները լուծող ծառայություններում չեն վստահում արցախցիներին եւ չեն ուզում աշխատանքի ընդունել: