Կհանդիպենք դատարանում․․․

Կհանդիպենք դատարանում․․․

Հարգելի ‹‹Հրապարակ››, կարդացի ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանը`կապված իմ անձի և բարձրացրած հարցերի հետ: Երևի պատասխանելու կարիք չլիներ, եթե նախարարությունը փաստերը շարադրեր ըստ օրենքի և իրականության:

Նախարարության պատասախանը կասկածի տակ է դնում իմ՝ որպես իրավաբանի գիտելիքներն ու կարողությունը և չարձագանքելը կնշանակեր ընդունել դա:

Ուզում եմ մեկնաբանել այն ‹‹հիմնավորումները››, որ ներկայացրել է նախարարությունը:
‹‹Եվ այսպես, նախ, Ռուզաննա Սեյրանյանին ոչ ոք աշխատանքից չի ազատել. հենց ինքն է նշում, որ օրենքի համաձայն, աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է, ինչից հետո գործատու կողմն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքել ցանկացած անձի հետ: Հետևաբար, ի՞նչ է նշանակում՝ աշխատանքից ազատել են ոչ ճիշտ հիմնավորմամբ: Այստեղ օրենքի որևէ խախտում չկա, և մենք պատրաստ ենք նույնիսկ հրապարակել բոլոր փաստաթղթերը››.- կարդում ենք ԱՀ ԳՆ պատասխանում:

Ես, համաձայն վերաբերյալ պարբերությունում տրված պատրաստակամության, առաջարկում եմ նախարարությանը հրապարակել ԱՀ կառավարության 2018 թվականի հունիսի 4-ի ‹‹Ռուզաննա Սեյրանյանին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին›› N 429-Ա որոշումը: Կարծում եմ, որոշման վերնագիրն ինքնին ամեն ինչ ասում է:

Նախարարությունը իմ խոսքերն է վկայակոչում այն մասին, որ ‹‹օրենքի համաձայն, աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է››: Այո այդպես է, բայց օրենքի այդ դրույթը շարունակություն ունի, որի մասին, չգիտես ինչու, պատասխանագիրը մոռանում է: Հիշեցնեմ՝ ‹‹Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը››:

Այս դրույթի` իմ մասով չկիրառելու պատճառը պարզելու նպատակով էր իմ հարցադրումը Ծառայության պետին, ինչին ի պատասխան հնչել է առկա իրավիճակը նկարագրող փառահեղ միտքը ‹‹դե Ղարաբաղըք ապրում, ամեն մարդ իրա մարդուն է բերում, ես էլ՝ իմը››։ Սա բանավոր պատասխան էր, բայց այն, որ այդ արտահայտությունը իր կիրառումն է գտել իրականության մեջ, կարող են փաստել ծառայությունից նախարարություն ‹‹ուղարկված›› գրությունները: Գործընթացը տևել է մոտավորապես 10 օր, նշված գրությունները եղել են նույն համարի տակ և նույն ամսաթվով: Այդ ընթացքում Ծառայության պետը և նախարարի ընկերական շրջապատը համաձայնության չէին գալիս հաջորդ աշխատակազմի ղեկավարի թեկնածուի շուրջ, նախարարը և ծառայության պետը առանձին-առանձին հանդիպում էին ծառայության որոշ աշխատակիցների հետ, նրանց առաջարկում պաշտոն, ասելով` քեզ ենք առաջարկում, դու պիտի մեզ օգնես, որ դրսից մարդ չբերենք: Ծառայության պետն անգամ աշխատողներին հերթով մեկ—մեկ իր աշխատասենյակ է հրավիրել և հարցրել, թե ում է տեսնում  աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, բացի Սեյրանյանից։ 

Հիմա հարց` նախարարությունը կարո՞ղ է հրապարակել այդ գրությունները, թե՞ ժխտելու է, որ նման բան եղել է, չնայած, եթե դրան առարկելու բան ունենար պատասխանի մեջ կանդրադառնար։

Իմ պատկերացմամբ` օրենքի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու պայմանը սահմանող դրույթն իր կիրառումն է գտնում, եթե տվյալ պաշտոնը զբացեցնողը չի թերացել իր աշխատանքում (կարող եք ստուգել պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեությունս, այդ տարիներին տարբեր կառույցների կողմից ստուգումներ են իրականացվել ծառայության աշխատակազմում, ծառայությունում, և չկա գրանցված որևէ խախտում կամ ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսի դեպքեր, որը կարող էր առաջանալ իմ աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարմամբ կամ չկատարմամբ) կամ էլ, հաշվի առնելով վերջինիս կատարած աշխատանքը, նրան առաջարկվում է այլ` ավելի լավ աշխատանք: Հիշյալ դրույթը չի կիրառվում, եթե աշխատողը թերացել է իր աշխատանքում: Հաշվի առնելով առկա իրավիճակը փաստորեն ստացվում է, որ չերկարաձգելը գործատուի կողմից իմ նկատմամբ կիրառվող պատժամիջոց է: 

Հիմա ստացվում է` նախարարի նշած տևական բնույթ կրող կոնֆլիկտներն են եղել պատճառը: Եթե այո, ապա ինչու՞ դրա մասին ինձ հենց այդ ղեկավարները չեն ասել. պետն ուղղակի իմ իր աշխատասենյակից դուրս գալու պահին ասել է հիմնարկում 2-3 հոգի դժգոհ են քեզանից: Բայց հարց է, թե այդ 2-3 հոգին ծառայության աշխատողների որ  մասն են կազմում: Բացի այդ, եթե նման բան կար, քանի որ երևույթը, ըստ ներկայացվածի, տևական բնույթի էր, ինչու՞ չեմ զգուշացվել կամ ինչու ինձանից բացատրություն չեն պահանջել: ԵՎ վերջապես, որևէ մեկը պարզե՞լ է ինչքանով է արդարացի նրանց դժգոհությունը և, եթե ըստ ղեկավարների դա արդարացի դժգոհություն է, ինչու՞ են անգործություն դրսևորել, ուզում էին դժգոհողների թիվը ավելանա՞ր, թե ի զորու չէին խնդրին համապատասխան լուծում տալ և նախընտրել էին սպասել օրենքով սահմանված բաղձալի ժամկետի ավարտին:

Շատ կցանկանայի, որ իմ ընդդիմախոսներն անկեղծ լինեն և նշեն, թե ‹‹տևական ժամանակ›› ասելով ո՞ր ժամկետը նկատի ունեին` նախարարի պաշտոնավարման ութ ամիսնե՞րը, ծառայության պետի պաշտոնավարման հինգ ամիսները, թե՞ Ռ.Սեյրանյանի պաշտոնավարման 4,5 տարին: Եթե ի նկատի ունեն իրենց պաշտոնավարման ժամկետները, ապա իրենց մոտ հարց չի՞ առաջանում ինչու՞ հենց այդ ժամանակ ի հայտ եկան այդ ‹‹կոնֆլիկտները››. միգուցե իրենց վարած քաղաքականությունն է դրանց ծագման նախապայմանը:  Իսկ եթե նկատի ունեն իմ պաշտոնավարման ժամկետը, ապա նրանք իրավասու չեն որևէ որակում տալ այլ ղեկավարների հետ աշխատելու իմ աշխատանքային գործունեությանը, քանի որ վերջիններս իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում տվել են այդ գնահատականը:

ԱՀ ԳՆ նամակում նշվում է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ‹‹գործատու կողմն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքել ցանկացած անձի հետ››:
Դարձյալ անհարգալից վերաբերմունք օրենքի և ընթերցողի նկատմամբ, քանի որ նրան մղում են թյուրըմբռման` չբացատրելով, թե այդ որ դրույթներով է սահմանված ԱՀ գյուղատնտեսության նախարարի իրավասությունը գրավոր առաջարկություն ներկայացնել ԱՀ կառավարություն ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պաշտոնավարման ժամկետը չերկարաձգելու և նույն գրությամբ այլ թեկնածու առաջադրելը: ԱՀ գյուղատնտեսության նախարարը «յուրացրել է» ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարին վերապահված գործառույթը: Սա արդեն ԱՀ Սահմանդրության 6-րդ հոդվածի խախտում է:  

Հարգելի նախարար, իսկ ինչ վերաբերում է ցանկացած անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու Ձեր պնդմանը, ապա ասեմ, որ օրենքով հստակ կանոնակարգված է թափուր պաշտոնի համալրման գործընթացը, իսկ Ձեր կողմից կիրառված մեխանիզմը անհամատեղելի էր գործող իրավական դաշտում:  Ընթերցողին տեղեկացնեմ, որ միայն մեկ տարի անց  դուք «ստիպված» եղաք կիրառել թափուր պաշտոնի համալրման գործընթացը կանոնակարգող նախարարության մասով ամրագրված դրույթները:
Եվ մինչ այսօր նրա աշխատանք չունենալը, մեծ հաշվով, նախարարության խնդիրը չէ: Չնայած, եթե Ռուզաննա Սեյրանյանը ցանկանա, կարող է և հիշել, որ իրեն աջակցություն է հայտնվել նոր աշխատանք գտնելու համար, ինչից նա կտրականապես հրաժարվել է:

Ռ.Սեյրանյանը լավ էլ հիշում է, իսկ դուք հիշում եք, երբ իմ մերժումից հետո, երբ ասացի, որ դուք բավականին ուշացումով եք հանդես եկել այդ առաջարկությամբ, դուք անկեղծացաք՝ «Այնպես չի, որ այդ աշխատանքը կա, ես դա ասում եմ հետագայի համար»:

Հիմա հարցի մյուս կողմը. Ձեր առաջարկն ընդունելու դեպքում պիտի աշխատեի Ձեզ հե՞տ: Ո՞վ կցանկանա աշխատել այնպիսի ղեկավարի հետ, ով`

- մոտ 5 ամիս պաշտոնավարած ծառայության պետի ներկայացրած 4,5 տարի պաշտոնավարած աշխատակազմի ղեկավարի ժամկետը չերկարաձգելու միջնորդությունն առանց քննարկման (անգամ չի հարցրել ինձ` ինչու ծառայության պետը չի ուզում երկարաձգի ժամկետը) պատրաստ է ներկայացնել կատարման.

- առանց պարզելու իր տեղակալի ներկայացրած տեղեկատվության իրականությանը և օրենսդրական դաշտին համապատասխանելու հարցը, հեռախոսով հանձնարարում է ընթացքավորել համապատասխան գործընթացը տեղակալի ներկայացրած տարբերակով:

Ախր Դուք անգամ իջել էիք իմ զբաղեցրած աշխատասենյակը կիսելու գործը կազմակերպողի մակարդակին, իմանալով, որ շինարական նորմերից ելնելով դա անհնար է: Ուզում եմ հավատալ, որ դա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց չէր: Բայց այդպես, համենայն դեպս, ընկալվեց և ոչ միայն իմ կողմից:
15 տարի պետական կառավարման ոլորտում աշխատելու տարիների ընթացքում աշխատանքի բերումով ունեցել եմ բավականին թվով ղեկավարներ, որոնց հետ աշխատելու տարիներին նրանց տված հանձնարարականների մասով իմ բոլոր ներակայացրած առաջարկություններն ու հիմնավորումներն անցել են, դրանք ստուգելը բարդ չէ` կան և փաստաթղթերը, և այդ պաշտոնյաները, և գործընկերները, ինչը չեմ կարող ասել նորանշանակ ոչ կոմպետենտ ծառայության պետի և նախարարի մասին։ Ընդամնեը մի քանի դրվագ ներկայացնեմ.
Ինձ վարկաբեկելու համար ծառայության պետը, ով նախկինում հենց վերահսկող մարմնի աշխատակից էր, նոր տարվա շեմին պահանջեց օրենսդրության պահանջների խախտմամբ պարգևավճարներ ձևակերպել, իսկ իմ հրաժարվելուց հետո հարցը մեկնաբանեց, որպես իմ «չկամություն»:

Ենթադրում  եմ, որ դա արվել է աշխատողներին սիրաշահելու կամ էլ հրամանը կատարելու դեպքում՝ իմ փաստաթղթի վրա ձևակերպված սխալն ունենալու  համար: Կամ ստիպում էր սխալ պայմանգիր կնքել,  ինչին ես ևս չգնացի: 

Թե քանի որոշումների նախագծեր են սխալների պատճառով հանվել շրջանառությունից կամ կառավարության նիստից, այն դեպքում, երբ ես զգուշացրել էի փաստաթղթերում եղած թերությունների մասին, թող իրենք ասեն: 
Ծառայության պետն իր միապետական ամբիցիաներով նույնիսկ փորձել է տապալել  կոլեկտիվ միջոցառումներից մեկը` որոշելով, որ դա պիտի լինի իր հրահանգով ու ներկա- բացակայի ցուցակով: Մեր կառույցում ստեղծված օրվանից մինչ այդ պահը նման  մոտեցում չէր դրսևորել որևէ ղեկավար, լիներ դա ծառայության պետ, աշխատակազմի ղեկավար, թե որևէ ստորաբաժանման ղեկավար։  

Այսպիսով, ԱՀ ՄԻՊ-ին և դատարանին դիմելուց հետո Ռ.Սեյրանյանի կողմից խնդիրը հանրայնացնելու փորձը հասավ իր նպատակին, պարո՝ն նախարար, Դուք փաստաթղթային ձևակերպում տվեցիք «կուլիսների» հետևում ձեր կողմից հնչեցրած մտքերին, որոնք ինձ հասանելի չէին և ես հնարավորություն չունեի դրանց հակադարձելու, իսկ հանրայնացումը տվեց ինձ այդ հնարավորությունը, որի համար շնորհակալ եմ բոլոր աջակցողներին։
 

Վերջում ուզում եմ ևս մեկ միտք մեջբերել նախարարի պատասխան-նամակից.
«Եվ մինչ այսօր նրա աշխատանք չունենալը, մեծ հաշվով, նախարարության խնդիրը չէ»:

«Կուլիսների» հետևում ձեր կողմից հնչեցրած մտքերն են, որ խանգարում են Ռ.Սեյրանյանին աշխատանք գտնել պետական համակարգում: Բայց հուսով եմ, որ դա երկար չի տևի և Արցախի Հանրապետությունում կձևավորվի և կիրականացվի ճիշտ կադրային քաղաքականություն` առանց արտոնյալների և հատուկ վերաբերմունքի արժանացող պաշտոնյաների:

Շատ-շատ բան կա ասելու, բայց մնացած մանրամասները թողնում եմ դատական նիստին:

Ռուզաննա Սեյրանյան