Կալանքը չի կարելի վերածել պատժամիջոցի. Գոռ Տեր-Եսայան

Կալանքը չի կարելի վերածել պատժամիջոցի. Գոռ Տեր-Եսայան

«Հրապարակը» ստացել է Finnews.am կայքի գործադիր տնօրեն Գոռ Հրաչի Տեր-Եսայանի նամակը կալանավայրից։ Այս գործի մանրամասներին մենք անդրադարձել էինք դեռ դեկտեմբերի սկզբին:

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Եսայանը գրում է, որ իրեն մեղսագրվող հանցանքով արդեն կիրառվում է անօրինական կալանք՝ առաջին ատյանի նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից, քանի որ, նախնական դատական փուլում գործը բժշկական վարույթից փոխվել է քրեական վարույթի՝ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ՝ անօրինական ձեռք բերված ապացույցով։

«2021թ․ դեկտեմբեր ամսին Հախինյան Արտակը, այդ ժամանակ՝ գործով քննիչը, մեկ տարի 10 ամիս հետո, ինձ իրավունք չուներ պահել կալանքի տակ՝ նախաքննության փուլում, նա նաև լիազորված չէր առանց դատարանի թույլտվության 3-րդ ստացիոնար փորձաքննություն նշանակել։ Այսինքն, այդ գործառույթը միանձնյա անելու իրավունք չուներ։ Ինձ հոգեբուժարան տեղավորելու և ստացիոնար փորձաքննություն նշանակելու համար քննիչը պետք է ունենար դատարանի թույլտվություն։ Հետագայում ՝ 2022թ․ հուլիսին, երբ եկան իրականացնելու նշված փորձաքննությունը, արդեն 2022թ․ մարտի 19-ին, Վճռաբեկ դատարանի կողմից առկա էր նախադեպային վճիռ, որում հստակ ասվում է, որ անվտանգության միջոցը 2 ամիսը մեկ պետք է դատարանով երկարացվի, հետևաբար ես ՝ 2022թ․ հուլիս ամսին արդեն կրկնակի անօրինական գտնվում էի ստացիոնար պառկած և չէին կարող առանց դատարանի որոշման իրականացնել որևէ ստացիոնար փորձաքննություն։

Այդ ամենից զատ, ինձ փորձագետները ընդամենը 1 անգամ են տեսել, փորձաքննություն իրականացնող բժիշկը 2 ամիս հետո ինձ պահպանողական բուժում է նշանակել «Ավանի հոգեբուժարանում» (հոգեմետ դեղեր…) 2020թ․-ին ճանաչվել եմ անմեղսունակ և 2020թ․ հուլիսի 17-ից, համաձայն այդ եզրակացության, 2 տարի 2 ամիս ստացել եմ ստացիոնար բուժում, որից հետո 2021 թ․, նորից ճանաչվել եմ անմեղսունակ և շարունակվել է պահպանողական բուժումը։ 2022թ-ի սեպտեմբերին նույն բժշկի կողմից, ով 2022 թ․- ին ինձ ճանաչել էր մեղսունակ, նշանակվել է արդեն հեռակա պահպանողական-հսկողական բուժում, մինչև 2023թ․- ի մարտ ամիսը»։

2022թ․ սեպտեմբերից՝ 10 ամիս եղել եմ ազատության մեջ, 2.5 տարի անօրինական անազատությունից հետո, առանց հիմնական գրանցման և աշխատանք ունենալու, չեմ կատարել փախուստի փորձ կամ ոչ պատշաճ վարքագիծ։

2023թ հունիսի 23-ին Հասմիկ Հարությունյանի, նախկին զոքանչիս ցուցմունքի՝ սուտ մատնության, հիման վրա նորից կալանավորվեցի, այդ դրվագով գործը արդեն կարճվել է բացարձակ սուտ լինելու հիմքով։ 

Նախաքննության ընթացքում բազում անօրինականություններ են եղել իմ հանդեպ, կյանքիս և առողջությանս վնաս է հասցվել: Այժմ նորից ուզում են անօրինական գործողություններով կալանքիս ժամկետը երկարաձգել։

Նախաքննության և նախկին վերահսկող դատախազների կողմից կատարված անօրինականություններն են՝

ա) հանրության համար վտանգավոր ճանաչված և և հետփսիխոտիկ ,անեստետիկ վիճակում գտնվող անձին՝ ՔԿՀ ում մեկ ու կես ամիս այլ կալանավորների հետ նույն խցում պահելը, որով առկա է արդեն ուժի մեջ մտած դատավճիռ

բ) 2.5 տարի քննչական և նախաքննական փուլում կալանքի (անազատության) մեջ պահելը,այն դեպքում, երբ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարին է։ Այնուհետև նորից տանել դատարան, կալանքը ՔԿՀ-ում շարունակելու պահանջով, որն էլ անօրինական լինելով, մերժվել է՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից։

գ) 2 տարի անօրինական անազատության մեջ պահելով, առանց դատարանի թույլտվության, նշանակել և պարտադրել իրականացնել պարտադիր ստացիոնար փորձաքննություն

դ) Անօրինական ձեռք բերված ապացույցը համարել սպառիչ ապացույց, քան 2 օրինական կատարված փոձաքննության պատասխանները և բժշկական բնույթի վարույթը վերափոխել քրեականի, ինչպես նաև գործը քրեական մեղադրականով դատարան ուղարկել, առանց այն 2 փորձաքննությունները՝ որպես ապացույց չներկայացնելով:

ե) Ինձ ենթարկել են անօրինական բժշկական փորձաքննությունների։ 
Այսպիսով՝ հաշվի առնելով, որ շուրջ 4 տարվա ընթացքում, որևէ կերպ չեմ խոչընդոտել ո՛չ նախաքննական, ո՛չ էլ դատավարական որևէ գործողության, չի եղել փախուստի կամ խուսափելու փորձեր, կամ խափանման միջոցը, որպես ստորագրություն խախտելու։ Այս ընթացքում ցուցաբերել եմ պատշաճ և ենթարկվող վարքագիծ, ուստի ելնելով վերոնշվածներից ակնկալում եմ, որ վերաքննիչ դատարանը կվերացնի իմ հանդեպ կիրառված կալանքը, որպես խափանման միջոց, քանի որ գործը մեղադրականով դատարան ուղարկելուց, հանրային մեղադրողը հայտնել է, որ հիմքեր չկան խափանման միջոցը փոխելու, իսկ 2023 թ․ հուլիսին հայտնած բանավոր հիմքը վերացվել է:
Ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի դեռ չկա մեղադրական ուժի մեջ մտած դատավճիռ։ Կարծում եմ որ դատարանը հաշվի կառնի իմ առողջական վիճակը և այն փաստը, որ ունեմ 2 անչափահաս երեխա, որոնց հետ դատավճռով տրված է տեսակցելու և ծնողական պարտականություններս իրականացնելու թույլտվություն։

Ցանկանում եմ նշել նաև, որ կալանքը պատժի տեսակ չէ, ուստի այժմ իմ հանդեպ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելը, կդիտարկվի որպես պատիժ, քանի որ կլինի անժամկետ և անհասկանալի։ Եվ, ի վերջո, եթե դատարանը կգտնի, որ դատաքննության սկզբնական փուլում անհրաժեշտ է այլ խափանման միջոց կիրառել, օրինակ՝ տնային կալանք կամ վարչական, ելնելով տուժողի վախերից, ես դրան էլ եմ համաձայն, զուտ դատաքննության պատշաճ իրականացմանը նպաստելու և աջակցելու համար։ Բայց, կրկին խնդրում եմ առհասարակ վերացնել կալանքը նաև գործունեությունս իրականացնելու համար, որով այս ընթացքում կրել եմ բազում կորուստներ»: