Կալանքի տակ պահելն անհիմն է

Կալանքի տակ պահելն անհիմն է

Լիանա Մարգարյանի եւ ամուսնու` Գոռ Տեր-Եսայանի աղմկոտ պատմությանը, հավանաբար, շատերն են տեղյակ: Կինն ամռանը տեսանյութ էր տարածել, որով, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում էր տվել, որտեղ ասում էր, որ ինքն անհայտ կորած չէ։ Այդ տեսանյութը տարածել էր այն բանից հետո, երբ նրա եւ երեխաների լուսանկարները տարածվեցին «Որոնվում է» վերտառությամբ։ 

Կինը տեսանյութում ասում էր, որ ինքն անհայտ կորած չէ, այլ երեխաների հետ թաքնվում է, եւ պատմում էր այժմ արդեն նախկին ամուսնու կողմից կատարված հանցագործության մասին: Լիանա Մարգարյանի պատմելով՝ 2020 թվականի մարտի 19-ին ամուսինը` 6-րդ վարչության նախկին աշխատակից Գոռ Տեր-Եսայանը, գտնվելով ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ, իրենց բնակարանում կնոջ եւ երկու անչափահաս երեխաների ներկայությամբ կրակահերթ է արձակել АК-74 տեսակի ինքնաձիգից եւ սպանել աներոջը՝ 47-ամյա Արթուր Շավարշի Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «Սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»: Լիանան հայտարարում էր, որ Գոռ Տեր-Եսայանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու փոխարեն Նուբարաշենի հոգեբուժարանում երկու տարի անցկացնելուց հետո հայտնվել է ազատության մեջ: Այդ հայտարարություններից հետո՝ հունիսին, Գոռ Տեր-Եսայանին կալանավորել են, եւ արդեն մի քանի ամիս է՝ նա գտնվում է կալանավայրում:

Նոյեմբերի 29-ին հերթական դատական նիստն է կայացել: Մենք զրուցել ենք Տեր-Եսայանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հետ: «Պաշտպանական կողմը որոշում էր կայացրել, որ միջնորդությամբ պետք է հանդես գա` Տեր-Եսայանի կալանքը փոխելու մասով, քանի որ վերջինիս կալանքի տակ պահելու հիմքերը վերացել էին: Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ ընտրված էր խափանման միջոց` բացակայելու արգելք: Եվ դատարանը մերժել է խափանման միջոցը երկարացնելու միջնորդությունը` դեռ սեպտեմբերի 8-ին: Գոռ Տեր-Եսայանի կողմից խափանման միջոցի պայմանները չեն խախտվել, սակայն տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել` խնդրելով Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, իբրեւ թե վերջինս կնոջ մոր եւ կնոջ քրոջ մասին սպառնալիքներ է հնչեցրել: Մենք հանդես եկանք միջնորդությամբ, սակայն դատարանն անհիմն մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, եւ դեռ ավելին` երկարաձգեց խափանման միջոց կալանավորումը: Որոշումը ստանալուն պես պարտադիր բողոքարկելու ենք»,- նշեց փաստաբանը: