Նիկոլ Փաշինյան. լրջանալու ժամանակը

Նիկոլ Փաշինյան. լրջանալու ժամանակը

Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին: Եթե ազնիվ լինենք, պետք է խոստովանենք, որ այդ ընթացքում ո՛չ նոր հեծանիվ ենք ստեղծել, ո՛չ էլ կարողացել ենք բաժանվել մեր էությունից ու նոր, լրիվ նոր մարդ դարձել: Էլի մենք ենք` մեր սարերը, հայ ենք, հայավարի էլ մոտենում ենք մեր խնդիրներին ու մեր խելքի «բրդածով» լուծում դրանք: Լավ, թե վատ՝ ժամանակը ցույց կտա, իսկ այս պահին արդեն առկա է Փաշինյանի լրջանալու միտումը, ինչը, անշուշտ, գնահատելի է:

Համալսարանի ռեկտորի փոփոխության հարցը, որ այնպես կրիտիկական էր դրված, փաստորեն, այլ ընթացք ստացավ: Պատկերավոր ասած` ուռա-հեղափոխականության հերթական ալիքը փշրվեց մայր բուհի աստիճաններին: Այդպես պետք է լինի նաեւ հետայսու: Օրինականությունը պետք է սկսի գերիշխել հեղափոխականության վրա, այլապես կսկսվի մի դեգրադացիա, որը հետ պտտել պարզապես ի զորու չենք լինի:

Փաշինյանի իրանյան այցը, անշուշտ, հասուն ղեկավարի այց էր հարեւան երկիր: Ես չեմ վարանի ասել, որ այդ այցով աշխարհաքաղաքական նոր օրակարգ մեջտեղ բերվեց, որի շուրջ, կարող եք վստահ լինել, մոտ ապագայում լրջագույն խտացումներ են նկատվելու: Խոսքը Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Իրան քառակողմ հարթակի ստեղծման առաջարկի մասին է, որը, նշված երկրների համապատասխան արձագանքի դեպքում, կարող է 180 աստիճանով փոխել իրավիճակը Կովկասում: Իմ կարծիքով` կարելի էր հնչեցնել նաեւ Ադրբեջանի անունը: Գծերը ստուգելու առումով դա վատ չէր լինի եւ «գեղեցիկ» հակակշիռ կլիներ Հայաստանին տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելու մասին ադրբեջանա-թուրքական հայտարարություններին:

Հայկական կողմից քառակողմ հարթակ ձեւավորելու առաջարկ Իրանում հնչել է նաեւ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ, այնպես որ՝ կարելի է մտավախություն չունենալ, թե դա Նիկոլ Փաշինյանի «միջազգային պոպուլիզմի» հերթական դրսեւորումն է: Հակառակը՝ դա կարգին մշակված ծրագիր է, որն արդեն որոշակի միս ու արյուն է ստացել Փաշինյանի` հայ-վրացական եւ հայ-ռուսական վերջին շփումներում: Այսինքն, այնպես չէ, որ Վրաստանն ու Ռուսաստանը բանից անտեղյակ են: Սա շատ կարեւոր է եւ մատնանշում է այն հնարավոր սցենարը, որ Փաշինյանն իր վրացի եւ ռուս գործընկերների հետ նախապես քննարկել է հարցը: Ժամանակակից, առավել հասկանալի լեզվով ասած` Փաշինյանն այդ գործի մոդերատոր է դառնում, իսկ հարթակը, որի մասին նա խոսել է Իրանում, ինքնըստինքյան փակ դռներ չի ենթադրում եւ, թույլ տվեք մի քիչ երազանքի գիրկն ընկնել, կարող է գերազանցել անգամ ԵՏՄ-ն ամեն գնով կայացնելու սեւեռուն գաղափարները` ոչնչով չվնասելով դրանք:

«Քառյակ» հարթակը, բնականաբար, բաց է Չինաստանի, Հնդկաստանի, ԵՄ-ի եւ մյուս բոլոր ցանկացողների համար, որոնք այսօր հայտնվել են ամերիկյան նոր աշխարհաստեղծման անվերջանալի շրջապտույտի մեջ: Բոլորն են հասկանում, որ պատժամիջոցների ճանապարհով ո՛չ դրանք կիրառողները եւ ո՛չ էլ ենթարկվողները զարգանալ չեն կարող: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները տասնյակ տարիներով հետ են շպրտել Եվրամիությանը, դարձել հայտնի brexait-ի պատճառ, անվստահություն առաջացրել Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ, ճգնաժամի հասցրել ԵՄ գյուղատնտեսությունը, անհասկանալի վիճակների մատնել սպառողական շուկաները: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ այդ ամենն իրականացվել է ուժային կենտրոնների ակտիվ միջամտության պայմաններում, ապա միանգամայն հասկանալի կդառնա, որ տասնյակ անգամներ մեծացել է նաեւ ռազմական բախումների վտանգը ողջ աշխարհում: Մարդկության համար կարեւոր է, որ աշխարհի տերը լինեն ոչ թե ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանի ռազմական ուժերը, այլ արարող, բարիք ստեղծող մարդը` անկախ պետական սահմաններից ու քաղաքական ուղղվածությունից: 

Միջազգային հարթակներում լրջագույն դերակատարություն ստանձնելու համար Հայաստանին պետք է նաեւ հստակ ուրվագծված կառուցողական արտաքին քաղաքական կուրս: Նկատենք, որ Իրանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն արդեն իսկ անհանգստություն են առաջացրել ամերիկյան որոշ շրջանակներում, որոնք շտապել են կրկին շրջանառության մեջ դնել ղարաբաղյան խնդիրը` մեզ հասկացնելով, որ առանց այդ խնդրի լուծման Հարավային Կովկասում հնարավոր չէ համագործակցության հարթակներ ձեւավորել: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսական իրավաբանական ընկերության աշխատակից Ջեյմս Ուորլիքը, օրինակ, «Ամերիկայի ձայն»-ով նախազգուշացրել է, որ ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառչում է, այլ դառնում է ավելի վտանգավոր: Համաձայն չենք, որովհետեւ ցանկացած հակամարտություն, երբ ի հայտ են գալիս գլոբալ համագործակցության հնարավորություններ, հակամարտող կողմերի կամքից անկախ՝ մղվում են հետին պլան եւ ոչ թե դառնում առավել վտանգավոր: Միանգամայն այլ հարց է, եթե հակամարտող կողմերից մեկն ինչ-ինչ պատճառներով, այդ թվում եւ դրսի դրդումներով, թշնամաբար է նայում հնարավոր համագործակցությանը:

Մեր կարծիքով` Ադրբեջանը Հայաստան-Վրաստան-Իրան-Ռուսաստան, ապագայում նաեւ Չինաստան-Հնդկաստան տնտեսական ալյանսին հակադրվելու սուր պատճառներ չունի, եթե, իհարկե, նրա «բարեկամները»` Թուրքիա, Անգլիա, Իսրայել, ԱՄՆ, չշարունակեն կեղծ հույսեր արթնացնել, որ, ահա-ահա, ղարաբաղյան հարցը լուծվելու է Ադրբեջանի օգտին: Այսօր նաեւ Բաքվում են հասկանում, որ Ղարաբաղին եւ Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է եւ տեղ չունի համաշխարհային քաղաքականության մեջ: Նման քաղաքականությունը կարող է դիվիդենտներ ապահովել գործող իշխանությանը միայն, բայց ոչ երբեք պետությանը, որը, ենթադրենք, նպատակ ունի առաջնային դիրքեր գրավել տնտեսական համագործակցության հարթակներում` տնտեսությունը զարգացնելու եւ իր քաղաքացիների կենսամակարդակն էլ ավելի բարձրացնելու համար:

Փաշինյանի իրանյան այցի մանրամասներին եւ նրբություններին, բնականաբար, բոլորից լավ տիրապետում է ինքը: Այդ իսկ պատճառով Հայաստանի ներքին կյանքում այդ այցից բխող ճիշտ քայլեր ձեռնարկելու «մենաշնորհը» եւս պատկանում է Փաշինյանին: Մարտի 1-ի երթից առաջ նրա «լայվում» նկատված զսպվածությունը հույս է ներշնչում, որ ՀՀ գործող իշխանությունները մոտ են լրջանալու փուլին: Նախկինում էլ շատ է խոսվել այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունների ֆետիշացումը եւ այդ օրը հայոց երկրորդ «եղեռն» դարձնելը չի բխում մեր շահերից: Ընդհակառակը, պետք է փորձել հաղթահարել մեր պատմության այդ էջը եւ թույլ չտալ, որ երբեւէ այն կրկնվի: Խոնարհվելով օրվա զոհերի հիշատակի առջեւ` պետք է նաեւ հասկանալ, որ Մարտի 1-ն ամեն գնով «բացահայտելու» քաղաքական քայլերը մեզ միշտ բերելու են նորանոր ներքին գժտությունների, որովհետեւ 11 տարի շարունակ համոզվել ենք, որ միանշանակ մեղավորներ եւ միանշանակ սրբեր չկան այս գործում: Բոլորս ենք մեղավոր եւ բոլորս էլ պարտավոր ենք հավասարապես տանել այդ խաչը:

Որպես ՀՀ կառավարության լրջանալու հաջորդ քայլ կարող է դիտվել կառավարության կառուցվածքի վերանայումը: Առանձին անփորձ պաշտոնյաների ձեռքում ոլորտների կենտրոնացումը չի բխում որեւէ կարգի օպտիմալացման շահերից: Ընդհակառակը, մենք վաղն ականատես ենք լինելու առանձին ոլորտներում լրջագույն տապալումների, որոնց տակից դուրս գալու համար էլ ավելի մեծ միջոցներ են պահանջվելու: Մյուս կողմից էլ ծիծաղելի են Իրանի հետ հարաբերությունները խորացնելու մի երկրի ձգտումները, որը չունի մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարություններ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին ոչ թե պետք է գերնախարար դարձնել, այլ ազատել վարչապետական շաբաթօրյակների հոգսերից ու ազատություն տալ` զբաղվելու Իրանի եւ Վրաստանի հետ սահմանամերձ գոտիներում փոխշահավետ գործունեություն ծավալելու, զանազան ծրագրեր իրականացնելու հարցերով:

ՀՀ ՏԿԶ նախարարը պետք է օրումեջ Թբիլիսի եւ Թեհրան այցելի, աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում, այդ նախարարությունն ի վիճակի է պեղել եւ գտնել տարածաշրջանային եւ համաշխարհային ամենաանսպասելի ներդրումային աղբյուրներ, որոնց մասին մենք նույնիսկ հեռավոր պատկերացում չունենք: Այսօր ԵՄ շատ երկրներ ապրում ու զարգանում են հարեւան երկրների հետ իրենց սահմանամերձ շրջանների ինտեգրման շնորհիվ: Խորհրդային Միության տարիներին մեր հարեւան Վրաստանը օգոստոսից հոկտեմբեր Ախթալա-Թբիլիսի էլեկտրագնացք էր աշխատեցնում, որի համար կարելի էր նույնիսկ տոմս չգնել: Նպատակը մեկն էր` Լոռու բարիքները վրացական շուկա բերել: Ո՞վ է մեզ խանգարում վերականգնելու այդ ավանդույթը, ընդ որում` երկկողմ շահը հաշվարկելով: