Ինչո՞վ են զբաղված օրենսդիրները

Ինչո՞վ են զբաղված օրենսդիրները

Շուտով կլրանա ԱԺ-ի ձեւավորման 2 ամիսը, սակայն «Իմ քայլը» խմբակցությունում դեռ հունի մեջ չեն ընկել։ Այստեղ գրեթե չեն ծնվում օրենսդրական նոր նախագծեր, իմքայլականները չեն շտապում շտկել օրենսդրական խութերը, որոնց մասին նախկինում հայտարարել են։ Այսպես․ Աժ-ի, շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում, նախագծերի բաժնում երեկվա դրությամբ ընդգրկված էր 55 նախագիծ, որոնցից 30-ը՝ կառավարության հեղինակությամբ, 8-ը՝ ԲՀԿ-ի, 7-ը՝ «Լուսավոր Հայաստանի»։

Այսինքն, «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունը ընդամենը 10 նախագիծ է ներկայացրել, որոնցից մի քանիսը նախկին գումարման ԱԺ-ից տեղափոխվածներն են, օրինակ, Հրաչ Հակոբյանի եւ Ալեն Սիմոնյանի՝ շահումով խաղերի եւ վիճակահանության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը։

Իսկ նոր նախաձեռնությունների հեղինակները շատ չեն, երկու նախագիծ ներկայացված է ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակությամբ՝ գովազդի մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքներում լրացում կատարելու մասին, երեք նախագիծ՝ Ալեն Սիմոնյանի եւ Արտակ Դավթյանի համահեղինակությամբ՝ քրեական, քաղաքացիական, վարչական դատավարությունների օրենսգրքերի վերաբերյալ, եւ հնչեղություն ստացած մեկ նախագիծ՝ ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի հեղինակությամբ։

Խոսքը 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին նախագծի վերաբերյալ է։