Ոստիկանությունից՝ քաղաքապետարան

Ոստիկանությունից՝ քաղաքապետարան

Վերջին շրջանում, մեր տեղեկություններով, բավականին շատ են Երևանի քաղաքապետարանում ոստիկանության համակարգից եկած անձանց նշանակումները։ Սա պայմանավորվում է նրանով, որ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը քաղաքապետի մոտ ընկերն է և համակարգում նախկինում աշխատած ծանոթներին ուղարկում է քաղաքապետարան։

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով զանգահարեցինք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին։ Նա, ի պատասխան հարցադրման, թե ոստկանությունից բավականին շատ նշանակումներ են եղել, ասաց․ «Քաղաքապետարանում թե՛ հայեցողական, թե՛ համայնքային ծառայության պաշտոնների անցնելիս՝ մարդկանց ընտրության ժամանակ հաշվի է առնվում նրանց համապատասխանությունը պաշտոնին, թե որքանո՞վ այդ մարդը կարող է կատարել պաշտոնի անձնագրով իր վրա դրված պարտականությունները, և այստեղ էական չէ, թե նախկինում նա ինչ մասնագիտություն է ունեցել կամ պաշտոն ունեցել։ Լինի ոստիկանության համակարգ, թե այլ ոլորտ, որովհետև քաղաքապետարանում գործի են անցնում նախկին լրագրողներ, ոստիկաններ, հարկային տեսուչներ և այլն»։

Կոնկրետ թիվ, թե քանի՞ նախկին ոստիկան է նշանակվել, Հակոբ Կարապետյանը դժվարացավ նշել, միայն օրինակ բերեց Ավան վարչական շրջանի ներկայիս ղեկավարին, որը նախկինում, աշխատել է ոստիկանությունում։ Կամ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ով նույնպես մինչև նշանակումն աշխատում էր ոստիկանության անձնագրային ծառայությունում։ Ամեն դեպքում, Հայկ Մարությանի խոսնակն ընդգծում է, որ չկա ոստիկանությունից որևէ արտահոսք դեպի քաղաքապետարան։