Ե՛վ դրվատելու են, եւ՛ քննադատելու․ ի՞նչ դիրքորոշում կունենան Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկերները
Եթե խորհրդարանական կուսակցություններն սկսել են ակտիվ գործունեություն, ապա մի քիչ անհասկանալի իրավիճակում են հայտնվել արտախորհրդարանական այն ուժերը, որոնք ամիսներ շարունակ պնդում էին, որ հոգով-սրտով աջակցում են հեղափոխությանը։ Դրանցից է, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ համագործակցած, իսկ 2017թ․ ապրիլին նրա հետ ԱԺ-ում «Ելք» դաշինքով ներկայացված «Հանրապետություն» կուսակցությունը։ «Հանրապետություն» կուսակցության ակունքներում կանգնած Արտակ Զեյնալյանն այսօր կրկին նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար։
Ի՞նչ դիրքորոշում է ունենալու տարիներ շարունակ արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը։ Կուսակցության անդամ, փաստաբան Հովիկ Արսենյանը իրենց դիրքորոշումը պատկերացնում է հետեւյալ կերպ՝ ակտիվ համագործակցություն։
«Եթե ճիշտ ուղիով են գնալու, ապա պետք է դրվատել, գնահատել, իսկ եթե սխալներ թույլ կտան, կշեղվեն ժողովրդավարության ճանապարհից, պետք է քննադատել, ընդդիմադիր դիրքորոշում ունենանք։ Առողջ բանականությամբ ենք առաջ գնում, հանուն մեր պետության եւ ժողովրդավարության»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը։
Հովիկ Արսենյանը նշում է, որ ԱԺ վերջին ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության պայմաններում, եւ այս պահին ընդդիմադիր դիրքորոշում ունենալը հարիր չէ իրենց կուսակցությանը, որը միշտ եղել է մարտնչող՝ հանուն մեր պետականության, հանուն մեր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների։
Հետաքրքրվեցինք, թե հնարավոր սխալների դեպքում քննադատելու են նաեւ Արտակ Զեյնալյանի՞ն։
«Բնականաբար, պետք է հստակ մատնանշենք թերությունները, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Հովիկ Արսենյանը։
Կարծիքներ