«Պֆայզերը» չի գալիս Հայաստան, ո՞րն է պատճառը 

«Պֆայզերը» չի գալիս Հայաստան, ո՞րն է պատճառը 

Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ նախնական՝ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Հայաստան կգա ամերիկյան «Պֆայզեր» պատվաստանյութը։ Անգամ պատվաստանյութը պահելու համար հատուկ սառնարաններ են արդեն ներկրվել (այն նախատեսված է պահել -70 սառնարանային պայմաններում), սակայն ամերիկյան պատվաստանյութը չի գալիս ու չի գալիս։ Առողջապահության նախարարությունից էլ այս հարցին պատասխանելուց վերջին շրջանում կարծես թե խուսափում են եւ «չորով կտրում»՝ չգիտենք, ժամկետներ չենք կարող ասել։ 

Մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել այն մասին, թե ինչու ԱՆ պատասխանատուները չեն հայտարարում «Պֆայզերի» ներմուծման մասին։ Խնդիրն այն է, որ Հայաստանը մի շարք այլ երկրների թվում պատվաստանյութեր ձեռք էր բերում COVAX նախաձեռնության (CEPI, GAVI, UNICEF, ԱՀԿ) միջոցով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նյութատեխնիկական աջակցությամբ տարվող բանակցությունների արդյունքում։

«Պֆայզերի» դեպքում, երբ ՀՀ-ն պատվիրած է եղել շուրջ 1 միլիոն դեղաչափ՝ 1-ին եւ 2-րդ ներարկումների համար, մեկ դեղաչափի համար նշվել է 21 դոլար գին, ապա արտադրողը գինն անսպասելիորեն բարձրացրել է՝ հասցնելով 30-ի։ Բայց ՀՀ առողջապահության նախարարությունն ի վերջո համաձայնել է։ Արդեն գրեթե պատրաստ են եղել գումարը փոխանցելու, անսպասելիորեն պարզել են, որ գումարը պետք է փոխանցվի Թուրքիայում բացված ինչ-որ հաշիվների վրա, եւ նախարարությունը հետ է կանգնել այդ մտքից, ու հիմա պատային իրավիճակ է։ Ոմանք վստահ են, որ ամերիկյան դեղամիջոցը Հայաստան չի գա։ 

Մենք զրուցեցինք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Հարցին, թե, ըստ մեր տեղեկությունների, «Պֆայզերը» Հայաստան չի գալու, նախարարը պատասխանեց․ «Չգիտեմ, թե ինչ տեղեկություն ունեք, մենք «Պֆայզերի» եւ այլ պատվաստանյութերի հետ կապված բանակցությունների մեջ ենք եւ ունենալու ենք, ժամկետներ չեմ կարող նշել»։

Նախարար Ավանեսյանին ներկայացրինք մեր ունեցած տեղեկատվությունը՝ թուրքական հետքի հետ կապված, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Որեւէ նման բան չեմ կարող ասել, թե ինչ լուրեր են։ Կրկնում եմ՝ «Պֆայզեր» ընկերության հետ այս պահին կնքված պայմանագիր չունենք»։ Հարցին, թե ձգձգման պատճառը ո՞րն է, նախարարը պատասխանեց․ «Գիտեք, դա երկար պրոցես է, մինչեւ պայմանագիր կնքելն էլ որոշակի թղթեր ենք փոխանակում, եւ այլն, եւ այլն։ Նաեւ քանակները բավականին պահանջված են, ուստի պրոցես է, որը պիտի անցնել եւ, ի վերջո, ունենալ պատվաստանյութը»։ Դիտարկմանն էլ, թե սառնարանները եկել են, դեղը՝ ոչ, նախարարն ասաց․ «Սառնարանները վաղուց են եկել, մենք կես տարի է՝ աշխատում ենք, համալրում ենք, դրանք իրարից անջատ գործընթացներ են»։ 

Նախարարը նշեց նաեւ, թե խոսքը «Պֆայզերի» 1 միլիոն դեղաչափի մասին չէ, իսկ թե ինչքանի մասին է, չցանկացավ մանրամասնել։ «Չեմ կարող կոնկրետ թիվ նշել, բայց խոսքը մի քանի հարյուր հազար դոզայի մասին է»,- ասաց նա։ Իսկ եթե պարզվի, որ այս խմբաքանակի հետեւում իրոք թուրքական ընկերություն է կանգնած եւ թուրքական հաշիվներ, ապա նախարարությունը հետ կկանգնի՞ այդ գործարքից։ Առողջապահության նախարարն ի պատասխան ասաց, որ հարցն ինքնին տեղին չէ, որովհետեւ «մեր բանակցությունները հստակ «Պֆայզեր» ընկերության հետ են, եւ COVAX -ն էլ միջազգային հարթակ է, որտեղ, իհարկե, չգիտեմ՝ Թուրքիան ներգրավվա՞ծ է որպես շահառու երկիր, թե՞ չէ։ Չենք հետաքրքրվել ընդհանրապես, եւ կարեւոր էլ չէ մեզ համար։ Մենք մեր երկրի համար կարեւոր խնդիրը լուծում ենք, թե որ երկրների, որ հարթակի, որ ընկերության հետ պայմանագրեր ունեն, դա մեզ չի վերաբերում»։ 

Արձանագրենք, որ նախարարի խոսքից մեզ հասկանալի դարձավ, որ թուրքական գործոնն առկա է այս հարցում, եւ հենց այդ հանգամանքով է բացատրվում «Պֆայզերի» ներկրման ուշացումը, պարզապես Անահիտ Ավանեսյանը խուսափում է հստակ հաստատել մեր տեղեկատվությունը, որպեսզի քաղաքական հետեւանքներ չառաջանան իր եւ իշխանությունների համար։