Խորհրդարանական ընդդիմությունն արժանապատվության զգացում ունի՞

Խորհրդարանական ընդդիմությունն արժանապատվության զգացում ունի՞

Եթե կարճ, ապա՝ ոչ, չունի: Իրենց, գուցե, թվացել է, թե «ուսապարկերին կծալեն», մի կողմ կդնեն: Մեծ մոլորության մեջ են: Բազմիցս ասվել է, որ ֆանտաստիկայի ժանրից է՝ քայլելով իշխանություն զավթելը: Քանի՞ անգամ կրկնենք, որ դա ինչ-որ «ուղեղային» կենտրոնում մանրազնին մշակված տեխնոլոգիա էր: Ի վերջո, ՀՀ երրորդ նախագահն էլ է ասել, որ դրսի հզոր ուժերի հետ գործ ունենք: Կարելի է կարծել, թե թալիբները կռվել են նիզակներով զինված աֆրիկյան ցեղերի, այլ ոչ 20 տարում 800 միլիարդ դոլար ծախսած ու այդպես էլ նպատակին չհասած աշխարհի թիվ մեկ գերտերության դեմ: 

Հատուկ տեխնոլոգիա է կիրառվել նաեւ պատերազմը հրահրելու, հայկական կողմից պատերազմական գործողությունների իմիտացիա ստեղծելու առումով: Բեմադրված մարտերում անձնվիրության բացառիկ օրինակներ ցուցաբերած հայորդիները չէին կարող գլխի ընկնել դրա մասին:

Կարելի է չկասկածել, որ պատերազմի կորուստներն անհամադրելի կլինեն ետպատերազմյան սպասվելիք կորուստների հետ. 2018 թվականի բեմադրված հեղափոխության սցենարը դեռ ավարտին չի հասել, իսկ Թուրքիան համբերատար սպասում է խոստացածի առնչությամբ Հայաստանից «դրական ազդակներին»: Բայց Հայաստանը, բացի արժանապատվության մնացած փշրանքներից, էլ ի՞նչ կարող է զիջել: Ռուսաստանը ձեռքերը լվացել ու մի կողմ է կանգնել, կարծես նոյեմբերի հայտարարության «քավորն» ինքը չէ: Ավելին, Լավրովը մանիպուլյացիա է անում (նրա ասածները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում. «Մենք աջակցել ենք Հայաստանի քայլին, որը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզը։ Կարծում ենք, նման քայլերով հնարավոր է միասին ապրել մեկ հողի վրա եւ շնչել մեկ օդով։

Մենք ամեն կերպ նպաստում ենք դրան»)՝ ասելով, թե մինչեւ նոյեմբերի 9-ի գերի-ներին Ադրբեջանը վերադարձրել է, այսինքն՝ պարտավորությունը կատարել է: Իսկ այն, որ «բանավոր համաձայնությամբ» հայկական զորքերին ստիպել են թողնել զի-նադադարի օրվա դրությամբ զբաղեցրած դիրքերը, ինչի պատճառով էլ ազերիները գերեվարել են հայ զինվորականների, դա արդեն ոչ ոքի չի հետաքրքրում:  

Որքան էլ տարօրինակ թվա, ՀՀ-ում այս ողբերգական զարգացումներն ինչ-որ ուժերի համար բաղձալի հանգրվանին մոտեցնելուն, կամա թե ակամա, նպաստում է խորհրդարանական ընդդիմությունը: Մարդիկ մասնակցում են «կառուցողական» քննարկումներին, ընտրվում են հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, այսինքն՝ համակերպվել են պարտադրված ոչ հայանպաստ, ստորացուցիչ սցենարին: Ենթադրենք, ինչ-որ հարց հնչեցվեց, ու ստացվեց դրա լղոզված պատասխանը: Հետո ի՞նչ: 

Ընդդիմության թուլության, անկարողության դրսեւորումներից կարող են համարվել իշխանության, նրա առանձին ներկայացուցիչների հասցեին պարբերաբար հնչող որակումները: Բացի նրանից, որ սա արժանապատիվ չէ, նաեւ անհասկանալի է, թե դրանով ինչ խնդիր են փորձում լուծել: Դե, իսկ շշանետումների եւ ձեռնամարտերի մասին խոսք չկա: Առայժմ 1:0՝ հօգուտ ՔՊ-ի: Այսպես շարունակվելու դեպքում ընդդիմության պարտությունը լինելու է «չոր» հաշվով եւ նվաստացուցիչ, եւ դա իրենց ընտրությունն է: Արժանապատիվ կլիներ, որ ընդդիմությունը վայր դներ մանդատները, եթե քաղաքական պայքարի այլ տեխնոլոգիաների չի տիրապետում:

ՀԳ. Ինչ-որ տեղ ընդդիմության վարքագիծը հասկանալի է. ՀՀ քաղաքացիների մեծ մասն անտարբեր է պետության ճակատագրի նկատմամբ: Նրանց չի հուզում նաեւ, թե, ի վերջո, որ պետության պրոտեկտորատի կարգավիճակում կհայտնվի Հայաստանը կամ՝ կլինի՞ պետություն, թե՞ ոչ. ծայրահեղ դեպքում կարելի է գաղթել:

Գագիկ Վարդանյան