«Հրապարակ». Եթե քրեական օրենսգիրքը խփես Նիկոլ Փաշինյանի գլխին, հոդվածների կեսից ավելին կմնա նրա ուսերին

«Հրապարակ». Եթե քրեական օրենսգիրքը խփես Նիկոլ Փաշինյանի գլխին, հոդվածների կեսից ավելին կմնա նրա ուսերին

Երեկ մի խումբ իրավաբանների կողմից հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նախաձեռնողը Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ռազմական փորձագետ Հայկ Նավասարդյանն էին։ Նրանց հետ դատախազություն էին եկել այլ հեղինակավոր իրավաբաններ, հասարակական գործիչներ, քաղաքացիների։ Հաղորդումը ներկայացվել է առերեւույթ պետական դավաճանության հանցակազմով։

Արա Զոհրաբյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե որքան է գնահատում հավանականությունը, որ դատախազությունը վարույթ կնախաձեռնի, եւ որքանո՞վ են այդ հոդվածները վերաբերելի Նիկոլ Փաշինյանին։ «Այն, որ այդ հոդվածները վերաբերելի են Նիկոլ Փաշինյանին եւ նրա համախոհների վարքագծին, ես այդ մասով կասկած չունեմ։ Ինչ վերաբերում է այդ հաղորդմանն ընթացք տալուն, ապա մենք նման մի նախադեպ ունեցել ենք 2020 թ. դեկտեմբերին, երբ բազմաթիվ փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ներկայացրինք։ Բնականաբար, իրենք սկսեցին տարբեր առիթներով այդ հաղորդմանը բացասական վերաբերվել, այսինքն՝ նույնիսկ քրեական գործ չհարուցեցին, բայց մենք ի վերջո դատարանի միջոցով հասանք նրան, որ դատարանը պարտադրեց քրեական գործ հարուցել։ Այն ժամանակ էլ պետական դավաճության փաստերն էինք վկայակոչել եւ այդ հարցն էինք առաջ տանում, այդ գործը մինչ այժմ քննվում է։ Այս գործով էլ, եթե Գլխավոր դատախազությունն ակնառու փաստերն անտեսի եւ գործ չհարուցի, այս դեպքում էլ ունենք դատական իշխանության ճանապարհը, եւ եթե դատարանն էլ նման կերպ վարվի, ապա, բնականաբար, գալու է ժամանակ, երբ այս իշխանությունը չի լինելու, իսկ ես վստահ եմ, որ դա շատ շուտ է լինելու, այդ ժամանակ բոլորը պատասխան են տալու։ Եթե 2018 թվականի իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին կաշկանդող ոստիկանները հետո դարձան իր ոստիկանները, ապա այս անգամ այդպես չի լինելու։ Այն ոստիկանները, դատախազները, այն պաշտոնատար անձինք, ովքեր հիմա այս կարեւոր հարցերով ու այս կարեւոր ժամանակահատվածում հանցավոր անգործություն կդրսեւորեն, իրենք պատասխան են տալու»,- ասաց Զոհրաբյանը։
Նախկին փոխոստիկանապետ, արդարադատության գեներալ Գագիկ Համբարձումյանին հարցրինք՝ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով կարելի է մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ «Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու տասնյակ հոդվածներ կան, բայց առաջինը հայրենիքի դավաճանության հոդվածն է, իշխանության չարաշահումն է, պետական բյուջեի յուրացման հոդվածն է, եւ ես այդպես կարող եմ շատ երկար թվարկել։ Նա հանցագործ է, թշնամի հանցագործ, որին պետք է դատել, բայց նախ պետք է վռնդել իշխանությունից»,- ասաց Համբարձումյանը։

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն է նշեց․ «Մենք միամիտ չենք, մենք հասկանում ենք, որ այսօրվա՝ թուրքի ոտքերը լիզողի ոտքերը լիզող դատախազությունն ու իրավապահ համակարգը որեւէ իրավական հետեւանքի չի արժանացնելու։ Մենք ընկերներով երբ մտերմաբար զրուցում ենք, ասում ենք՝ եթե Քրեական օրենսգիրքը խփես Նիկոլ Փաշինյանի գլխին, հոդվածների կեսից ավելին կմնա նրա ուսերին։ Այնպես որ, մենք վերջին հաշվով հավատում ենք ժողովրդի այս համախմբմանը։ Տեսեք, որ արդեն առանձին օջախներով բավականին լուրջ ակցիաներ են իրականացվում՝ այսօր Տիգրանաշենն է փակվել, քիչ առաջ Չարենցի փողոցն է փակվել։ Այնպես որ՝ սա շարունակվելու է, եւ պետք է սրանց ականջներից բռնել ու աշխատասենյակներից դուրս շպրտել»։

Երգիչ Մգեր Արմենիան եւս դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը։ Նա դատախազության դիմաց տեղի ունեցող ակցիային էր միացել։ Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի գյուղերի հանձնման կապակցությամբ, դա սահմանազատո՞ւմ է, թե՞ հերթական զիջումն Ադրբեջանին, երգիչը պատասխանեց․ «Շատ վատ կարծիք ունեմ, շատ վատ բան է տեղի ունենում, այդ ամենին պետք է վերջ տրվի, հերիք է արդեն։ Ոչ մի սահման գծելու բան էլ չկա, դա սուտ է, այս ամենին պետք է վերջ տրվի, շատ վատ բան է տեղի ունենում։ Հողերը հանձնվում են տարբեր տեսակի ձեւաչափերի տակ՝ սահմանազատում, սահմանագծում եւ այլն, դա պարզապես ձեւական վիճակ է, բայց իրականում հողերը հանձնվում են»։ Նրան հարցրինք՝ իր կարծիքով, արվեստագետները, շոուբիզնեսի ներկայացուցիչներն ակտի՞վ են, ինչո՞ւ են լուռ։ «Ես չգիտեմ, դա ավելի լավ է իրենց հարցնել։ Ես այստեղ եմ եւ եւս մեկ անգամ հաստատում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, շատ սխալ գործեր են, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից։ Մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ անհնազանդության ակցիաներ կատարեն, դա պետք է լինի խաղաղ՝ առանց բռնի կոչերի, քաղաքացիների ներկայությունը շատ կարեւոր է»։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, դիմելով դատախազության դիմաց հավաքված ոստիկաններին, ասաց, որ ակտիվիստներին բերման ենթարկելու ու ձերբակալելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին է պետք ձերբակալել, քանի որ նա փակում է հանրապետություն մտնող երկաթգիծը։ «Իհարկե, Նիկոլ Փաշինյանի գործողություններն ամբողջովին համապատասխանում են դավաճանի որակավորմանը, որպիսին առկա է Քրեական օրենսգրքում։ Այսօր մեր «Միասին» շարժման մի քանի անդամի ձերբակալել են, որոնք փորձել են ի նշան բողոքի փողոց փակել։ Բա Փաշինյանին ձերբակալեք, որ հանրապետություն մտնող երկաթգիծը փակում է․ մենք, տալով անկլավը, փակում ենք երկաթգիծը, քանի՞ անգամ ասեմ, որ հասկանալի լինի, այստեղ պետք է հարյուր հազարներ լինեն։ Մարդկանց վախեցնում է, ասում է, որ չտանք, պատերազմ կլինի, որ տանք, ավելի ուժեղ պատերազմ է լինելու»,- ասաց Բագրատյանը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ դատախազությունն այդ  հաղորդմանն ընթացք չի տալու, որովհետեւ այն փաստերը, որոնք ներկայացվել են, բոլորին քաջ հայտնի են՝ առաջին հերթին իրավապահներին։ «Իրենք ի պաշտոնե պարտավոր էին այդ գործողությունն անել շատ ավելի վաղ, քան հաղորդման ներկայացումը, բայց սա նաեւ «նպաստում» է, որ իրենք եւս հանցակցեն այդ պրոցեսին, այսինքն՝ եթե գլխավոր դատախազն այս գործընթացին պատշաճ ընթացք չտա, ապա ինքը եւս պետական դավաճանության, տարածքային ամբողջականությունը խախտելու հանցագործությունների մասնակից է դառնում։ Դրան պետք է հետեւի գլխավոր դատախազի տեղակալների արձագանքը, որովհետեւ տեղակալներն են այն սուբյեկտները, որոնք իրավասություն ունեն գլխավոր դատախազի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու։ Հաջորդ քայլով նրանք պետք է նախաձեռնեն ե՛ւ գլխավոր դատախազին, ե՛ւ մյուսներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Եթե նրանք նույնպես այդ գործողությունը չեն կատարում, իրենք նույնպես հանցակից են դառնում պետական դավաճանության եւ հարակից բոլոր հանցագործությունների կատարմանը, եւ դա հետագայում չպետք է որեւէ կերպ դիտարկվի պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում։ Եթե իրենք տեսնում են, որ իրենց գործողություններով այսօր կարող են կանխել պետական դավաճանությունը, բայց չեն անում, ուրեմն դա ուղղակի հանցագործություն է, պետական դավաճանություն։ Եթե իրենք այսօր դա չեն անում, ապա պետք է պատրաստ լինեն, որ վաղը նստելու են մեղադրյալի երկար աթոռին»,- ասաց Խուդոյանը։ Փաստաբանին հարցրինք՝ ինքը կստանձնի՞ այդ անձանց պաշտպանությունը։ «Միայն համագործակցության դեպքում վարույթի շրջանակներում, եթե կփորձեն բացահայտել այլ, առավել ծանր հանցագործություններ»,- պատասխանեց Խուդոյանը։