Ես չեմ կարող նույնիսկ դառը ժպտալ

Ես չեմ կարող նույնիսկ դառը ժպտալ

Ֆեյսբուքյան օգտատեր Գեւորգ Մկրտչյանի գրառումներից մեջբերեմ. «Նորերը հներին՝ թալանչի եք, հանցագործ: Հները նորերին՝ կապիտուլյանտ եք, ապաշնորհ: Բոլորդ էլ ճիշտ եք, ինչո՞ւ եք վիճում»: 
Ասվածը սրամիտ է եւ ավելին՝ ճշմարտություն է, վիճել չես կարող:

Նախկինների հիմնական բնութագիրը պետբյուջեի եւ այլ ունեցվածքի թալանն էր, գործողինը՝ կապիտուլյանտ լինելը՝ ապաշնորհության եւ կամ դավաճանության պատճառով: Սակայն երեւույթի արձանագրումը հայաստանյան հանրությանը ոչինչ չի տալիս: Իսկ ինչո՞ւ եմ այդ դեպքում կենտրոնացել այդ երեւույթի վրա՝ հատկապես, որ նախկինների թալանի եւ նորերի կապիտուլյանտության թեման նորություն չէ: Անկեղծ ասեմ՝ կենտրոնացել եմ ոչ թե երեւույթի, այլ գրառման վերջին նախադասության վրա, ինչը հենց սրամտություն է հաղորդում գրառմանը: Եթե գրառումը վերաբերեր ադրբեջանցիներին, քահ-քահ կծիծաղեի: Քանի որ մեզ է վերաբերում, ուղղակի դառը ժպտում եմ:

Չգիտեի, որ 60-ն անց տարիքում մեր ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որեւէ գրառման առումով դառը կժպտամ: Բայց կյանքը չափազանց խիստ ու դաժան ուսուցիչ է՝ այս մի դասն էլ տվեց ինձ ու ինձ նմաններին: Քիչ է մնում նախանձեմ ուղեղները հանած զոմբիներին, որոնք ցավ չեն զգում. կարեւորը՝ որ լավ ապրեն. հետո ինչ, որ արեւելքից թշնամին Երեւանից 60 կմ-ի վրա կրակում է մեր դիրքերի ու մեր բնակավայրերի ուղղությամբ:

Վերադառնանք գրառմանը: Ես ո՛չ հին եմ եւ ո՛չ էլ նոր: Եվ ըստ այդմ՝ ո՛չ թալանչի, հանցագործ եմ եւ ո՛չ էլ կապիտուլյանտ, ապաշնորհ: Հների ժամանակ ուժերիս ներածին չափով կռիվ եմ տվել հների դեմ, նորերի օրոք կռիվ եմ տալիս նորերի դեմ: Սակայն քանի որ թալանչի, հանցագործ հներին փոխարինեցին ոչ թե ազգային գաղափարախոսությամբ զինված ու պետական մտածողությամբ օժտված անձինք, այլ կապիտուլյանտ, ապաշնորհ նորերը, ուրեմն հների դեմ կռիվս անարդյունք էր: Միաժամանակ, քանի որ կապիտուլյանտ, ապաշնորհ նորերը խայտառակ պարտությունից հետո էլ չեն հեռացվել իրենց պաշտոններից, ուրեմն նորերի դեմ կռիվս եւս անարդյունք է: Ցավալի է, բայց պետք է խոստովանեմ, որ կյանքիս վերջին 20 տարին հանրային օգտակարության առումով եղավ անարդյունք: 

Հների եւ նորերի կռիվների արանքում տեսական հնարավորություն կար՝ թեեւ չափազանց փոքր, որ խայտառակ պարտությունից հետո, անձրեւից հետո աճող սնկերի նման ձեւավորված նոր կուսակցություններից որեւէ մեկը կարող էր մի կողմ հրել թե՛ հներին եւ թե՛ նորերին: Եվ այդ մեկը կլիներ այն երրորդ ուժը, որ ընդունելի կլիներ բոլոր նրանց համար, ովքեր ատում են հներին ու հիասթափվել են նորերից: Բայց դա տեղի չունեցավ օբյեկտիվ բազմաթիվ պատճառներով, եւ գլխավոր պատճառն այն էր, որ այդ կուսակցություններից ոչ մեկում չհայտնվեց այն ուժեղ միակը, որ կկատարեր Դանկոյի դերը եւ իր հետեւից կտաներ մարդկանց:

Հիշեցնեմ՝  խոսքը ռուս գրող Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը» պատմվածքի երրորդ մասի՝ «Դանկոյի սիրտը» լեգենդի հերոս Դանկոյի մասին է, ով իր ժողովրդի ծանր պահին կրծքից հանում է սեփական սիրտը եւ որպես վառվող ջահ՝ լուսավորում ճահճոտ անտառից դուրս գալ փորձող մարդկանց ճանապարհը: Եվ քանի որ հին լեգենդը կյանքի կոչելը երեւի միայն ֆանտաստիկայի ժանրից է, ապա նոր քաղաքական ուժերից ոչ մեկն այնքան կարողունակ չգտնվեց, որ գործող իշխանությունից ժողովրդին ազատելու համար չունենար նախկինների կարիքը: Դժբախտաբար, նախկիններն էլ չկարողացան «կրել» Նիկոլին, եւ վերջինս ապահովեց իր վերարտադրությունը:

Նիկոլի վերարտադրությամբ նախկինների եւ նորերի թեման չփակվեց. այն շարունակեց իր գոյությունը եւ իր դրսեւորումներն ունեցավ ութերորդ գումարման Ազգային ժողովի հենց առաջին նիստերում՝ սկանդալներ, ծեծկռտուք, զինվորականների մուտք նիստերի դահլիճ… Եթե դա տեղի ունենար Ադրբեջանի խորհրդարանում, ես քահ-քահ կծիծաղեի: Բայց քանի որ դա տեղի է ունենում հենց մեր խորհրդարանում, ապա ես այս դեպքում չեմ կարող նույնիսկ դառը ժպտալ: Բազմիցս եմ ասել, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությանը ես ձայն եմ տվել նախկիններին, որպեսզի երկիրն ազատվեր Նիկոլից, սակայն դա չստացվեց: Այն, ինչ ստացվել է, եւս հարցի լուծում չէ, թեեւ այս պահին չգիտեմ, թե ինչ կարելի է անել այդ իրավիճակից դուրս գալու համար:

Բայց, ի տարբերություն ինձ ու ինձ նմանների, Նիկոլը գիտի իր անելիքը. դա ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն եւ հատկապես ԱԱԾ-ն ընդդեմ ընդդիմադիրների կամ նրանց հարազատների օգտագործելն է: 30 տարի առաջ, երբ ընկերներիցս մեկի առաջարկով քննարկում էինք, թե ինչպիսին պետք է լինի մեր՝ իրոք ազգային անվտանգության ծառայությունը, չէի պատկերացնում, որ այն պետք է մահակի դեր խաղա, այսպես կոչված, «ժողովրդի իշխանության» ձեռքում՝ ընդդեմ նույն ժողովրդի գրագետ հատվածի: