Առձեռն ուղեցույց՝ քաղաքական աշնանն ընդառաջ

Առձեռն ուղեցույց՝ քաղաքական աշնանն ընդառաջ

Երկար մտածելուց հետո որոշեցի իմ օգնությունն առաջարկել ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներին: Ամբողջ հարցն այն է, որ հանրության մեջ ձեւավորվել է կարծիք, թե այդ դաշինքներին խաբեությամբ տարան ԱԺ, որ ծեծեն: Երբ կարդում կամ լսում եմ ընդդիմադիր պատգամավորներին, հանրային կարծիքն իմ մեջ ավելի է խորանում՝ դա կազմակերպված հարձակում էր, Նիկոլն էր հրահրում, խփում էին թիրախային եւ այսպես շարունակ: Պետք է վերջ տալ այս տգեղ երեւույթին եւ վերականգնել ՀՀ ԱԺ բնականոն աշխատանքը:

Ինչ եմ առաջարկում: ԱԺ ընդդիմությունն առաջին հերթին պետք է ստեղծի պաշտպանության համատեղ գլխավոր շտաբ: Ես սիրով կստանձնեի այդ շտաբի պետի պարտականությունները, բայց համեստությունս թույլ չի տալիս: Իմիջիայլոց ասեմ, ունեմ բոլոր տվյալները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, վատ էլ չեմ վազում: Մեկ անգամ եմ ընդամենը պարտվել վազքի մրցումներում, այն էլ հեռավոր 1994-ին՝ «եղբայրական Ադրբեջանի» զինվորներին հետապնդելիս: Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչպե՞ս ես դահլիճ մտնելու: Չեմ մտնի՝ իմ գործը կանեմ աշխատասենյակից կամ էլ «կանաչ մարդուկների» հատուկ տեղակայման վայրերում: Նրանց այնքան վազեցնեմ ԱԺ շենքով, որ դահլիճի տեղը մոռանան: Բայց գործողությունների ծավալման բուն վայրը նիստերի դահլիճն է լինելու: Եվ ես, որպես ապագա գլխավոր շտաբի պետ, առաջարկում եմ պաշտպանությունը կազմակերպել դահլիճում եւ հենց դահլիճում էլ հակառակորդին այնպիսի հակահարված հասցնել, որ ՀՀ ողջ հասարակայնությունն առավոտից երեկո այդ մասին միայն խոսի:

- Պարոն Արծվիկ Մինասյան, այդպես մի նայեք ինձ: Ես գիտեմ, որ Ձեր վերնաշապիկը պատռվել է, եւ գիտեմ՝ ով է արել դա: Եվ առաջարկում եմ այնպես անել, որ վերնաշապիկ պատռող, ակնոց կոտրող, կնկա պես ճանկռտող, ուղիղ աչքին տվող պատժիչների մուտքն ԱԺ նիստերի դահլիճ մի քանի րոպեով ուշանա: Դա կարելի է անել շատ աննկատ: Ագնեսա Խամոյանը, օրինակ, իբր ուզում է դուրս գնալ, մոտենում է դահլիճի դռանը եւ իր պայուսակի փոկով (կանթով) կապում դռների բռնակները: Ու երբ Ագնեսա Խամոյանն իբր փոշմանում է ու հետ է գալիս իր տեղը, ընդդիմադիր դաշինքները բերվում են առաջին պատրաստության՝ սպասելով հերթական ուսապարկի «բախտորոշ» արտահայտությանը: Ես նկատել եմ նաեւ, որ յուրաքանչյուր տուրուդմփոցի նախորդում է ՔՊ-ի նյարդային աղմուկը: Դրանով նշան են տալիս Ալեն Սիմոնյանին, որ նա պատրաստվի դահլիճ անվտանգության ուժեր հրավիրելու:
- Լռություն դահլիճում, ՔՊ-ի աղմուկին արձագանքում է Ալեն Սիմոնյանը, որ նշանակում է, թե ես պատրաստ եմ: Դրան հետեւում է Ալեն Սիմոնյանի մյուս ազդանշանը ՔՊ-ին, թե պետք է տեղից վեր կենալ արդեն: Այդ ազդանշանը ձեւակերպվում է Աննա Մկրտչյանին ուղղված հետեւյալ արտահայտությամբ.
- Ես Ձեզ մինչեւ նիստի ավարտը զրկում եմ ձայնի իրավունքից:

Աննա Մկրտչյանը, բնականաբար, ավելի բարձր է խոսում, եւ դրան հետեւում է Ալեն Սիմոնյանի «ֆաս» հրամանը, որից հետո «կանաչ մարդուկները» սովորաբար լցվում են դահլիճ, իբր Աննա Մկրտչյանին Ալեն Սիմոնյանի ասելով դուրս տանելու համար: Այ հենց այդտեղ էլ Ագնեսա Խամոյանի պայուսակի փոկը կաշխատի: Մինչեւ «կանաչները» դռները քաշքշեն, ես իրենց շեֆին SMS կուղարկեմ, որ ԱԺ «պռախադնոյում» ռումբ կա դրված: «Կանաչ մարդուկների» հրամանատարն իսկույն այդ մասին կզեկուցի Նիկոլին՝ ՔՊ-ի գերագույն գլխավոր հրամանատարին, սա հավարը կգցի ԱԱԾ-ին, եւ Նիկոլի՝ նախապես պլանավորած «կաշը գնաց» օպերացիան նույն պահին կփոխարինվի ԱԱԾ-ի՝ «մոքորին փախցնում ենք» պահեստային օպերացիայով: Ինչո՞ւ մոքորին… Այդ հարցը պետք է տալ ԱԱԾ-ին, բայց կարծում եմ՝ դա արվել է, որպեսզի ընդդիմադիրները գլխի չընկնեն, թե ում մասին է խոսքը: Եվ, ուրեմն, մինչեւ սրանք կզբաղվեն «մոքորին» դուրս տանելով, դահլիճում իսկական «կաշը» կսկսենք:

- Այո, ճիշտ եք, պարոն Օհանյան, կսկսենք հրետանային նախապատրաստությամբ: Այդ պահին ինչ կա-չկա ձեռքի տակ, ջրի շիշ, գրիչ, մատիտ, դեռակոլ, հեռախոս, փոկով ու առանց փոկի պայուսակ, հատուկ այդ նպատակով դահլիճ բերված ձու, լոլիկ,  տալիս ենք դուզ աջից նստած հարեւանների գլխին: Եվ դա պետք է անել այնքան արագ, որ ՔՊ-ական ուսապարկերը չհասցնեն միացնել իրենց ՀՕՊ համակարգերը: Խորհրդի կարգով նշեմ, որ հատկապես լավ է աշխատում հում ձուն՝ հավկիթը այսինքն: Սա իմ փորձից գիտեմ՝ խեղճ Սիսակ, Դեմիրճյան փողոցում էն ինչ օրն էր ընկել տղեն… Հա, չմոռանամ ասել նաեւ, որ մյուս առարկաներն էլ պահեք ձեզ մոտ՝ ձեռքի համար արագ հասանելի տեղում: Եղունգկտրիչը, ունքհանելիքը, գարաժի բանալիները, խցանահանը, հեռախոսը եւ մյուս բաները հարմար են մերձամարտում, եթե, իհարկե, պատժիչների բացակայությունից անակնկալի եկած ուսապարկերը համարձակվեն մոտենալ ընդդիմության շարքերին:
Ի դեպ՝ ընդդիմության շարքերի մասին: Շատ եք բողոքում, որ ՔՊ-ական ուսապարկերն ու պատժիչ մարդուկները թիրախավորում են ձեր այս կամ այն պատգամավորին: Այս խնդիրը հեշտ է լուծել: Հանեք ձեր առջեւ կախված տրաֆարետները եւ ամեն օր փոխեք ձեր տեղը: Մանավանդ վատ է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները նստում են ընդգծված բաժանարար գծով: Դրա կարիքը չկա: Այսօր նույնիսկ Հայաստանն Ադրբեջանի հետ սահման չունի, մինչդեռ դուք նստել եք այնպես, կարծես ձեր միջեւ սահմանազատումն ու սահմանագծումն այլեւս ավարտված է: Մի խոսքով՝ նստեք խառը, տեղներդ փոխեք ամեն նիստից, ամեն ընդմիջումից հետո: Դա նաեւ գլխապտույտ կառաջացնի Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ աշխատակազմի մոտ: Վերջիններս, օրինակ, մինչեւ հայտնաբերեն Աննա Մկրտչյանին, մինչեւ անջատեն նրա բարձրախոսը, Աննան կհասցնի մի քանի «ձեւակերպում» էլ անել:
- Ընկեր Արծվիկ, Դուք դարձյալ ինձ մի տեսակ եք նայում, բայց եթե Դուք այն օրը չլինեիք Ձեր սովորական տեղում, գուցե մեկ ուրիշի վերնաշապիկ պատռվեր:
- Պարոն Սեյրան Օհանյան, Դուք թույլ չեք տա ինձ սխալվել, բայց ճի՞շտ է, արդյոք, հարվածային հրետանին հենց առաջին գծում տեղակայելը: Կներեք, Ձեր տեղն էլ պետք է փոխել: Դրանից հարվածի անսպասելիության աստիճանը միայն կմեծանա: Եթե Դուք այն հիշարժան օրը նստած լինեիք ոչ թե առաջին այլ, ասենք, 3-րդ շարքում, Շիշ բռնողը Ձեր շարժումը գուցե չնկատեր եւ «ուխոդ» չաներ: Շիշ բռնողը դեռ հեչ… Ամբողջ աշխարհը տեսավ Ձեզ՝ այդ գործողությունը կատարելիս: Ի վերջո, կարելի է ուսումնասիրել, թե Նիկոլ Փաշինյանը որքան խելամիտ է վարվել՝ առաջին շարքերում նստեցնելով կեղծ թիրախների՝ Քոչարյան Անդո, Գռզո, Աղազարյան Հովիկ․․․ մեռած հոգիներ… Նրանց խփես, որ ի՞նչ անես, մուֆտա դատվե՞ս: Ընդդիմության առաջին շարքերում պետք է հետախույզները նստեն, մարդիկ, որոնք մեկ հայացքից կկարողանան հասկանալ ամբիոնին մոտեցողի հոգեվիճակն ու գուշակել նրա հետագա անտրամաբանական քայլերի հաջորդականությունը: Այս առումով Գեղամ Մանուկյանն անփոխարինելի է, իսկ Քրիստինե Վարդանյանն այնքան է ուսումնասիրել ուսապարկերի հոգեբանությունը, որ լրացուցիչ հոգեբաններ ներգրավելու անհրաժեշտություն ուղղակի չկա:
- Ես իմ տեղից ոչ մի տեղ էլ չեմ գնա: Կմնամ առաջին շարքում:
- Հասկանում եմ Ձեզ, պարոն Վահե Հակոբյան, բայց կարեւորն այս պահին կապրիզները չեն, այլ դիմադրությունը ճիշտ կազմակերպելը: Ձեզ համար էլ հատուկ առաջադրանք ունեմ: Կարո՞ղ եք, օրինակ, այնպես անել, որ ես եւ այն մեծ «ռազմերի» ուսապարկը, որ լավ քացի գցել գիտի, միաժամանակ հայտնվենք նույն ռինգում կամ նույն գորգի վրա: Արծրունի ասած՝ այնպես օդերով հանեմ, այնպես զգետնեմ, որ միջի գազը դուրս գա: Այլապես սա ի՞նչ է, «կանաչ մարդուկների» հետ խառը, բոլուկով գալիս են մեկի վրա, հետո էլ գլուխ գովում, թե մենք շատվոր ենք, կուզենանք՝ ընդդիմության շորերը կհանենք, կուզենանք՝ նոր շորեր կհագցնենք:

ՀԳ. Ուշադրություն՝ սույն հոդվածը կարող է առաջացնել հեղինակի քրեական պատասխանատվություն, ուստի հոդվածում նշված քայլերն առանց մտածելու անհապաղ իրագործելը պարտադիր չէ: