Եվ սա ՄԻՊ է կոչվում

Եվ սա ՄԻՊ է կոչվում

Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է  ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023թ. տարեկան հաղորդումն ու զեկույցը: Նախ, Անահիտ Մանասյանը պարծեցել է, թե անցած տարի նախորդի համեմատ ավելի շատ խնդիրներ է լուծել, հետո խոսել է այն մասին, որ «կարեւորում է ոչ միայն մարդկանց համար, այլ նաեւ մարդկանց հետ աշխատանքը», ուստի «տարվա ընթացքում անձամբ է մասնակցել իրականացված բազմաթիվ այցերին, տեղում ծանոթացել խնդիրներին»: Կարելի է կարծել, թե խոսքն ԱՄՆ նախագահի կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասին է, որոնք իրենց բարձունքից իջել եւ շարքային մահկանացուների հետ են շփվել:

Հետո անդրադարձել է «ատելության խոսքի տարածվածությանն ու անհանդուրժողականության մտահոգիչ միջավայրին», մասնավորապես` «Պաշտպանի աշխատակազմի թիրախավորման դեպքերին», ընդգծելով, որ ՄԻՊ գործունեությունը «ենթակա է հատուկ պաշտպանության, այդ թվում` քրեաիրավական հարթությունում», եւ այդ արարքները «կարող են առերեւույթ հանցակազմի տարրեր պարունակել»: Հայտարարել է, որ ՄԻՊ «թիրախավորումը, գործունեությանը խոչընդոտելու փորձերը, ճնշումները կրում են կազմակերպված, համակարգված, շարունակական բնույթ»:

Պարզ է, որ հանրության պահանջները` կատարել ՄԻՊ առաքելությունը, զբաղվել քաղբանտարկյալների հարցերով, վեր հանել իշխանությունների ապօրինությունները, սույն տիկինը համարում է ճնշումներ եւ թիրախավորում: Նաեւ ակնհայտ է, որ նոր սուբյեկտ է հայտնվում դաշտում, որին ուղղված քննադատությունը փորձելու են քրեականացնել, եւ այս պարագայում մարդկանց Քրեական օրենսգրքով սպառնում է հենց այն պաշտոնյան, ով կոչված է մարդու իրավունքները պաշտպանելուն` անկախ նրանից, թե ինչ հայացքներ ունեն նրանք: