Դրամահավաք՝ գյուղական դպրոցներում

Դրամահավաք՝ գյուղական դպրոցներում

«Հրապարակն» Արմավիրի մարզի Հայթաղ եւ Դաշտ գյուղերից ահազանգ է ստացել՝ իրենց դպրոցներում իրականացվող դրամահավաքի մասին։ Ըստ ծնողների՝ տարրական դասարաններում սովորող իրենց երեխաներից ամսական 1000 դրամ են հավաքում, որ սնունդ գնեն։ «Ես չեմ հասկանում՝ եթե պետությունը դպրոցական սննդի ծախսն իր վրա է վերցրել եւ անվճար կերակրում է երեխաներին, ինչո՞ւ են դրա անվան տակ նորից գումար հավաքում»,- դժգոհեց Հայթաղի դպրոցի ծնողներից մեկը՝ խնդրելով անունը չնշել։ Տարրական դասարանում սովորող նրա երեխան «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շահառու է։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ ուժերով եւ գործում է 14 տարի, առայժմ՝ միայն մարզային դպրոցներում։ 

Համաձայն ծրագրի՝ պետությունն անվճար սնունդ է տրամադրում տարրական դպրոցի սաներին։ Երեխաները դպրոցի ճաշարանում օրական մեկ անգամ տաք ապուր, միրգ ու բանջարեղենային աղցան են ուտում։ «Այնքան հագեցնող է, որ իմ երեխան ամբողջը չի էլ կարողանում ուտել, բայց դպրոցը լրացուցիչ գումար է հավաքում, որ հավելյալ սնունդ գնի։ Մեզ ասել են՝ եթե ուզում եք, որ սննդակարգում հավի միս լինի, պետք է ամսական 1000 դրամ տաք, ստիպված տալիս ենք»,-ասաց Դաշտ գյուղի դպրոցի ծնողը։ Իսկ Հայթաղի դպրոցում 1000-ական դրամ հավաքելն այլ կերպ են հիմնավորել։ Նրանց ասել են՝ պետությունը ներդրում է արել, դուք էլ պետք է ձերն անեք։ «Եթե դա թույլատրելի է, ապա ինչո՞ւ են ԿԳՄՍՆ-ի շրջաբերականից հետո դադարեցրել դրամահավաքը։ Մեր դպրոցի դասվարները «մեսիջ» են ուղարկել, որ ապրիլ ամսվա գումարները չհավաքենք, իսկ մայիսի համար կտեղեկացնեն լրացուցիչ»,- ասաց հայթաղցի ծնողը։ 

Մեր տեղեկություններով՝ երեխաներին մատակարարվող սննդի թարմությունն ու որակը ստուգելու համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի գնահատող թիմը հարցում է անցկացնելու 5 մարզերի 47 շահառու դպրոցների ուսուցիչների, աշակերտների եւ նրանց ծնողների շրջանում։ Շրջաբերականով տարածված այս լուրն էլ, թերեւս, անհանգստացրել է դպրոցների ղեկավարներին, որոնց ցուցումով դասվարները ծնողներին զգուշացրել են դադարեցնել ապրիլ ամսվա դրամահավաքը։

Արեգ Մարգարյան