Ինձ համար դժվար է հասկանալ, թե Հայաստանի համար ինչու է ընդունելի «3+3» ձեւաչափը

Ինձ համար դժվար է հասկանալ, թե Հայաստանի համար ինչու է ընդունելի «3+3» ձեւաչափը

Վրաստանի ներքաղաքական կյանքը ոչ մի կերպ չի հանդարտվում` քաղաքական բուռն պրոցեսներ, իշխանական վերնախավում լուրջ տարաձայնություններ։ Դա հատկապես դրսեւորվեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ իմպիչմենթի գործընթացով, ում համարում են «ընդդիմություն՝ իշխանության ներսում»։ Օրերս էլ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարեց երկրում հեղափոխության նախապատրաստման մասին․ սկանդալի կենտրոնում էր USAID-ն։ Իշխանափոխություն իրագործելու մտադրությունից չի հրաժարվում նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով բանտում է գտնվում։ Հարեւան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցել ենք Թբիլիսիի պետհամալսարանի դասախոս, հայագետ, քաղաքական վերլուծաբան Լելա Ջեջելավայի հետ։

- Վրաստանի իշխող կուսակցությունը նախաձեռնեց երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու իմպիչմենթի գործընթացը, Սահմանադրական դատարանը «կանաչ լույս վառեց» դրա համար։ Ներիշխանական հակասության պատճառը նախագահի համաեվրոպական՝ կառավարության կողմից չարտոնված այցերն են։ Զուրաբիշվիլուն կասկածում են նաեւ նախկին նախագահի՝ Սահակաշվիլու «կողմն» անցնելու մտադրության մեջ։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

- Վրաստանի բեւեռացված քաղաքական միջավայրում նախագահ Զուրաբիշվիլուն հակադիր կողմերը կասկածում են երկու կողմերի խաղը խաղալու մեջ: Իվանիշվիլու կողմնակիցները նրան մեղադրում են արմատական ընդդիմությանը հեղափոխական սցենար իրականացնելու հարցում օգնելու մեջ, մինչդեռ ընդդիմության մի մասը կարծում է, որ նախագահն Իվանիշվիլու նոր, արեւմտամետ նախագիծն է, որի շուրջ նա նախատեսում է համախմբել եվրոպամետ հասարակությանն ու քաղաքական խմբերին։ Իմ կարծիքով` առաջին տարբերակը բացառված է։ Երկրորդը պետք է լինի, եւ դա ինձ հույս է տալիս, որ Իվանիշվիլին դեռեւս մանեւրում է արեւմտյան ուղղությամբ։

- Թեպետ Վրաստանի խորհրդարանում բավարար ձայներ չհավաքվեցին Զուրաբիշվիլուն իմպիչմենթի ենթարկելու համար․ իշխող կուսակցությունում չբացառեցին, որ նախագահի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ-ն հաստատել է նրա կողմից Սահմանադրությունը խախտելու փաստը։ Հատկանշական է, որ սա առաջին նման նախադեպն է մեր տարածաշրջանում։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն կխորանան ներիշխանական հակասությունները։

- Ոչ ոք չէր սպասում, որ նախագահի իմպիչմենթի գործընթացը նման ավարտ կունենար։ Արդեն պարզ էր, որ «Վրացական երազանք»-ի կողմից քրեական հետապնդման սպառնալիքը միայն ծառայում է իշխանության թեւերի միջեւ լարվածության խորացմանը։ Սա Իվանիշվիլու կառավարման ոճն է, թեպետ «բաժանիր եւ տիրիր» սկզբունքը, հաստատ, նրա հորինածը չէ։ Իսկ պետական կառույցները վարկաբեկելն իսկապես Իվանիշվիլու սիրելի «զվարճությունն» է։ Այսօր Վրաստանում չկա պետական կառույց, որը չի հեղինակազրկել իրեն եւ վստահություն է վայելում հանրության կողմից։ Տարօրինակ է, որ Դուք նման ոչ ստույգ տեղեկություններ ունեք։ Ո՛չ Ուկրաինայի նախագահը, ո՛չ պաշտոնական իշխանությունները երբեւէ կոչ չեն արել Վրաստանին՝ երկրորդ ճակատ բացել։ Միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Դանիլովն է կարծիք հայտնել, որ եթե Վրաստանն օգտագործի ստեղծված իրավիճակը, ապա կկարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Ընդհանրապես, վրաց իշխանամետները շատ էին ներգրավված «երկրորդ ճակատի» առասպելի մեջ։ Մերթ մեղադրում են ուկրաինական իշխանություններին, մերթ՝ ԱՄՆ-ին, երբեմն էլ՝ չբացահայտված «գլոբալ պատերազմի կուսակցությանը»։

- Հայտնի է նաեւ, որ Զուրաբիշվիլին ՌԴ-ի դեմ կոշտ քաղաքականության կողմնակից է, մինչդեռ նրա ընդդիմախոսները հակված են ավելի հավասարակշռված դիրքորոշման, այդ թվում՝ Ռուսաստանի հետ օդային բնականոն հաղորդակցության, ռուսների՝ Վրաստան այցելության եւ այլնի հետ կապված։ Վարչապետ Ղարիբաշվիլին եւս բազմիցս ակնարկել է Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների նորմալացման հրամայականի մասին՝ թելադրված ազգային շահերով։ Ի՞նչ վերաբերմունք ունեն այս հարցին Վրաստանի քաղաքական ու հանրային լայն շրջանակները։ 

- Վրացական հասարակության բացարձակ մեծամասնության տրամադրվածությունը շատ պարզ է` այն արեւմտամետ է, իշխող շրջանակները դա շատ լավ գիտեն, բայց քանի որ նրանց իշխանության աղբյուրը ոչ թե վրաց ժողովուրդն է, այլ՝ Իվանիշվիլին եւ նրա թիկունքում կանգնած Պուտինի ռեժիմը, այդ իսկ պատճառով նրանց քաղաքական կողմնորոշումը շեղվում է վրաց ժողովրդի ցանկությունից։

- Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն օրերս ուշագրավ հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի հրավերով Վրաստան եկած սերբերը երիտասարդական հեղափոխություն են ծրագրել։ ՊԱԾ-ում հիշեցրել են, որ երկրում անկարգություններ կազմակերպելու համար օգտագործվել է CANVAS կազմակերպությունը։ Ինչի՞ մասին է խոսքը, կմանրամասնե՞ք։

- Անկեղծ ասած, չեմ էլ հիշում, թե սա որերորդ հետաքննությունն է՝ գոյություն չունեցող պետական հեղաշրջման մասին, որը սկսում է Պետական անվտանգության ծառայությունը։ Ակնհայտ է, որ ոչ մի հետաքննություն չի ավարտվել, ոչ ոք արդեն լրջորեն չի մոտենում դրան մեզ մոտ։ Սա հերթական նախընտրական հատուկ գործողությունն է։

- Հեղափոխական գաղափարներից չի հրաժարվում նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով այժմ բանտարկված է։ Ի՞նչ տրամադրություններ են տիրում վրաց հասարակության շրջանում, արդյո՞ք եւս մեկ հեղափոխությունը հնարավոր եք համարում ձեր երկրում։

- Վրաստանում հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունը կարող է բխել միայն Բիձինա Իվանիշվիլու շահերից։ Սա այն սցենարն է, որով նա կարող է խուսափել Պուտինի զայրույթից եւ արեւմտյան պատժամիջոցներից, ու դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ապագա կառավարությունը նրան ֆինանսական եւ անձնական անվտանգության երաշխիքներ տա։ Դժվարանում եմ նման բան պատկերացնել։

- Պաշտոնական Թբիլիսին անթաքույց դժգոհություններ ունի Եվրամիության ղեկավարությունից՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը ձգձգելու կապակցությամբ։ ԵՄ-ում ասում են՝ Վրաստանը չի կատարել, այսպես կոչված, տնային աշխատանքները, Վրաստանն ասում է՝ բարեխղճորեն կատարել ենք։ Ըստ Ձեզ, ե՞րբ կիրականանա այդ բաղձալի նպատակը։

- Կա ԵՄ պաշտոնական գնահատման փաստաթուղթ, որտեղ հստակ նշված է, որ Վրաստանը 12 հանձնարարականներից կատարել է ընդամենը 3-ը։ Վրաստանի կառավարությունը համառորեն պնդում է, որ կատարել է բոլոր առաջարկությունները։ Ես լավատեսորեն եմ նայում գործընթացին, քանի որ Եվրոպայի նոր ճարտարապետությունը ենթադրում է Եվրոպա՝ Լիսաբոնից մինչեւ Թբիլիսի, ինչը նշանակում է, որ ԵՄ ռազմավարական շահերից է բխում Եվրամիության ընդլայնումը դեպի արեւելք։ Կարծում եմ, որ Վրաստանին կտրվի թեկնածուի կարգավիճակ, բայց՝ որոշակի պայմաններով։

- Վստահ եմ՝ հետեւում եք նաեւ տարածաշրջանային գործընթացներին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրեր առաջ Բաքվում հայտարարեց 3+3 ձեւաչափի վերականգնման մասին, ինչին դրական արձագանքեց թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։ Որքանո՞վ արդյունավետ կարող են լինել Թբիլիսիի միջնորդական ջանքերը՝ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատման համար:

- Վրաստանի համար սկզբունքորեն անընդունելի է «3+3» ձեւաչափը. ինձ համար մի քիչ դժվար է հասկանալ, թե նոր իրականության մեջ, երբ Հայաստանը հնարավորություն ունի ուժեղ աջակցություն ստանալ Արեւմուտքից, ինչո՞ւ է նրա համար ընդունելի այս քաղաքական նախագիծը։ Ինչ վերաբերում է Վրաստանի միջնորդությանը, որը քննարկվել է նախագահ Ալիեւի այցի ընթացքում, ապա հիմնական հարցը պետք է լինի այն, թե որքանով Վրաստանի կառավարությունը կկարողանա երաշխավորել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, կամ՝ որն է միջնորդության բովանդակությունը։ Դա միայն աշխարհագրությո՞ւն է: Հետեւաբար կարծում եմ, որ այս փուլում միայն Արեւմուտքն ունի ներուժ՝ երաշխավորելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Արա Ալոյան