Իսկ ո՞ւր են Եվրամիության ուղարկած միլիոնավոր եվրոները եւ ինչի՞ վրա են ծախսվել

Իսկ ո՞ւր են Եվրամիության ուղարկած միլիոնավոր եվրոները եւ ինչի՞ վրա են ծախսվել

Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում խոսեց նաեւ ԵԽ-ի կողմից Հայաստանին տրամադրված գումարների մասին։ «Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է. չափազանց էական է ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարեւոր նպատակներից են` կայուն եւ համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Վերջինը հատկապես կարեւոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն` Սյունիքի դիմակայունության բարձրացման եւ շուրջ 62 մլն եվրոն` Երեւանի կանաչ զարգացման ուղղություններով»,- ասաց նա: 

Ինչ խոսք, գնահատելի է Եվրախորհրդարանի կողմից նման օգնությունը եւ վերաբերմունքը մեր երկրի հանդեպ: Հայաստանը տարբեր ոլորտներում շատ խնդիրներ ունի, եւ այդ խնդիրները լուծելու համար նաեւ ֆինանսներ են պետք, շատ ֆինանսներ: Սակայն տեսանելի՞ է արդյոք աջակցություն ստացած որեւէ ոլորտում որեւէ փոփոխություն: 
270 մլն եվրո հատկացվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար: Փոքր ու միջին ձեռնարկատերերը կփաստեն, որ ձեռնարկություն հիմնելու կամ զարգացնելու համար երբ իրենց փող է պետք լինում, միակ աղբյուրը բանկերից տոկոսով փող վերցնելն է: Դժվար է գտնել իշխանության հետ կապ չունեցող որեւէ ձեռնարկատիրոջ, որը կփաստի, որ կառավարությունը գոնե չնչին գումարով աջակցել է իրեն՝ բիզնեսի զարգացման կամ կայացման համար: Այդ 270 մլն եվրոն պետք է փնտրել կա՛մ իշխանական օլիգարխների բիզնեսներում, կա՛մ բոլորովին այլ տեղում…
34 մլն եվրո՝ տեխնոլոգիական զարգացման համար: Իսկ ի՞նչ է արվել Հայաստանում տեխնոլոգիայի զարգացման ոլորտում, ի՞նչ նորարարություններ են ֆինանսավորվել այդ գումարներով՝ տեսանելի ոչինչ չկա: Տեխնոլոգիական առումով Հայաստանն ինչպես եղել է, այնպես էլ մնում է, եւ եթե ժամանակին խոսվում էր IT ոլորտում մեր հաջողությունների կամ գիտության տարբեր ճյուղերում առաջընթացի մասին, այսօր այդ ամենն իսպառ մոռացվել է: 
43 մլն եվրո տրամադրվել է Սյունիքի դիմակայունության զարգացմանը: Երկարատեւ պատերազմական լարվածության մեջ գտնվող Հայաստանի համար Սյունիքը մշտապես մեր թշնամիների` Ադրբեջանի ու Թուրքիայի թիրախում է, վերջիններս չեն էլ թաքցնում իրենց նկատառումները Սյունիքի նկատմամբ: Սյունիքի գլխին կանգնած է պատերազմի թատերաբեմ դառնալու սպառնալիքը: Իսկ այդ վտանգը կարելի է վերացնել, եթե ոչ միայն բանակի ու զինուժի համալրմամբ, ապա գոնե՝ սահմանների ամրապնդմամբ, ապաստարանների, խրամատների կառուցմամբ ու կահավորմամբ: Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, ինչպե՞ս է Սյունիքի դիմակայունությունը զարգացվել, ինչի՞ վրա է ծախսվել այդ 43 մլն եվրոն:  

Պարզվում է՝ Երեւանի կանաչ զարգացումը եվրոպացիներն ավելի բարձր են գնահատում՝ 62 մլն եվրո, քան Սյունիքի անվտանգությունը՝ 43 մլն: Թե ինչ է արվել կամ արվելու, որ Երեւանը կանաչ լինի, դուրս գա այս անապատային փոշիներից ու զարգանա, հասկանալի չէ, հատկապես այն համատեքստում, որ Երեւանում անխնա հատվում են ծառերը` իբրեւ թե հին լինելու պատճառով, կանաչ սպանդի են ենթարկվում: Գուցե Երեւանի կանաչ զարգացում ասելով ՔՊ-ական իշխանությունը հասկանում է թանկ ճապոնական սակուրաներ գնելը, որոնք ո՛չ հարուստ կանաչ սաղարթ ունեն, ո՛չ երեւանյան կլիմայի են հարմարեցված: Ինչեւէ, սպասենք գարնանը, տեսնենք, թե որքան կանաչ է լինելու ծառահատված Երեւանը…

Մի բան միայն տեսանելի է Եվրախորհրդարանի հատկացրած գումարներից՝ ոստիկանության «բարեփոխումը»: Այո, ոստիկանությունում շատ բան է փոխվել, բայց ոչ թե հանցագործությունների կանխարգելման կամ բացահայտման ուղղությամբ, այլ՝ ոստիկանության աշխատողների բարեկեցությունն ապահովելու եւ ամբողջ համակարգը երկրի վարչապետի անվտանգությանն ու իշխանության պաշտպանությանն ուղղելու առումով: