Դրանք լոլոներ են, հեքիաթներ՝ միամիտ մարդկանց համար

Դրանք լոլոներ են, հեքիաթներ՝ միամիտ մարդկանց համար

Արցախցիներին բնակվարձ եւ կոմունալ ծախսերի գումարներ տալու փոխարեն անհրաժեշտ է երկարաժամկետ ծրագիր իրականացնել եւ բնակարաններով ու աշխատանքով ապահովել: Ի՞նչ կարժենա նման ծրագիրը, եւ ինչքանո՞վ է իրատեսական, որ ՀՀ կառավարությունը նման ծրագիր կիրականացնի: Այս ամենի մասին զրուցել ենք տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանի հետ։

- Ի՞նչ կարժենա նման ծրագիրը, եւ ինչքանո՞վ եք իրատեսական համարում, որ կգտնվեն բավարար ռեսուրսներ, որպեսզի լուծվի գոնե բնակարաններով ապահովելու հարցը։ Կարո՞ղ ենք մոտավոր հաշվարկ անել։

- Նման հաշվարկ պետք է անի կառավարությունը՝ ստեղծելով  հանձնաժողով։ Ես որքանով տեղյակ եմ՝ հանձնաժողովներ են ստեղծել, որը պետք է զբաղվի այս հարցերով։ Նախ պետք է տեղեկատվություն ունենալ, թե քանի ընտանիք է, որ ռեալ բնակարանի կարիք ունի, որտեղ պետք է վերաբաշխվեն` որ բնակավայրերում։ Բայց եթե մենք ուզում ենք լուծել ֆունդամենտալ հարցեր, դրանք ահռելի ռեսուրսներ են: Եթե բնակարան ձեռք բերելու ծրագիր է, դիցուք` հիպոթեքային ծրագրով պետք է լինի` կառավարության երաշխիքներով։ Գիտենք, թե ինչպես են տրամադրում այդ վարկը` պետք է ունենալ աշխատանք, բավարար եկամուտ: Բայց արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցը քաղաքական խնդիր է` կառավարությունը կգնա՞, թե՞ չի գնա, եւ, ընդհանրապես, այդ 100 հազար թիվը, որ ասում են, կեղծ թիվ է։ 100 հազար չէ` ավելի շատ է, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո 35 հազար արցախցիներ՝ 10-12 հազար ընտանիք, եւս բռնագաղթել են, եւ հաշվարկները պետք է լինեն 140 հազարի նկատմամբ, ու սա՝ ընդամենը մեկ  փաթեթի մասով։ Մարդիկ պետք է աշխատանք ունենան, եկամտի աղբյուր, աշխատատեղերի խնդիրն ինչպե՞ս է պատրաստվում լուծել կառավարությունը։ Ընդհանրապես, միջին եկամուտ ստեղծող աշխատատեղի ստեղծման ծախսը 5 հազար դոլարին համարժեք դրամ է: Այլապես իրենց սոցիալական տրանսֆերտներով, օգնություններով, այդ 100 հազարական դրամներով  չեն կարող լուրջ երկարաժամկետ հեռանկարում գոնե մինիմում գոյություն պահպանել Հայաստանում։ Սա լուրջ խնդիր է, եւ պետք է ավելի ծրագրված ու նպատակային քաղաքականություն մշակվի ու իրականացվի։ Բայց ես տեսնում եմ, որ նման բան չի արվում, քանի դեռ Արցախի ստատուսի հարցը չի լուծվել։ Ես լսեցի, որ Արցախի նախագահը հայտարարեց, որ Արցախը չի լուծարվել․ տարօրինակ է հնչում։ Արցախը լուծարելու թեման էլ շատ տարօրինակ է։ Հիմնավորել, որ փրկեցին զինվորների կյանքը, կռվող տղաների կյանքը, ինչպես նշեց Արցախի նախագահը։ Արցախը ՍՊԸ չէ, որ լուծարեն։ Հետեւաբար, այդ պարտավորությունները  շարունակելու են ուժի մեջ լինել, եւ պետք է շարժվեն, աշխատեն՝ գտնել այդ ռեսուրսները։ Արցախից գաղթած մի ազատամարտիկ ասում էր՝ թող իրենց թալանած դղյակներում մեզ կացարան հատկացնեն, եւ խոսքն Արցախի պաշտոնյաների մասին էր... Երբ լուծարում էին հանրապետությունը, հավանաբար, այսպիսի գաղափարով էին առաջնորդվում՝ չկա Արցախի Հանրապետություն, չկան արցախցիներ, որոնք նաեւ ՀՀ քաղաքացիներ են եւ ունեն նույն անձնագրերը, որն ունենք մենք: Այսինքն՝ նրանց պահանջներով եւ կարիքներով պետք է զբաղվել։ Պահանջները պետք է ուղղել նաեւ Ադրբեջանի կառավարությանը, այդ երկրի ցեղասպան իշխանություններին, որ մարդկանց էթնիկ զտման ենթարկելով՝ Արցախից քշել են Հայաստան։ Իրենք էլ ունեն պարտավորություններ, եւ միջազգային ատյաններում այդ դատը պետք է գեներացվի, եւ դա պետք է անեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանությունները, որը, պարզվեց, լուծարված չէ։ Եթե մարդիկ հնարավորություն չեն ստանում՝ ետ վերադառնալ իրենց հազարամյակներով հայկական բնակավայրերը, պետք է ստանան համարժեք փոխհատուցումներ։ Այս գնահատականներն առաջնահերթ պետք է մշակվեն եւ մատուցվեն բոլոր շահառուներին։

- Կառավարությունը ՀՀ բյուջեի գումարներն այլ ծրագրերի վրա է ծախսում, օրինակ` ստեղծում է ակադեմիական քաղաք։ Արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ բոլոր ռեսուրսներն ուղղեին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերը լուծելուն։ 

- Ընդհանրապես, ակադեմիական քաղաք ստեղծելու հասկացության հիմքում չկա ծրագիր։ Ասեմ` ինչու։ Այսօր ես նայում էի փաստաթղթերը, այդ որոշումը։ Մի տեղ գրված էր՝ հայեցակարգ, մի տեղ՝ ծրագիր, իրականում` ցանկացած ծրագիր պետք է հիմնավորված լինի եւ ապահովված լինի ռեսուրսներով։ Այնտեղ դուք որեւիցե թիվ չեք տեսնի։ Հետեւաբար, դա ծրագիր չէ, դա բարի ցանկությունների հավաքածու է՝ ընդամենը։ Դրա նպատակը բուհերը փակելն է, կրթական համակարգը՝ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության, հիմնահատակ քանդելն ու ոչնչացնելն է։ Եթե ուշադրություն դարձնեք, թե որտեղ են պատրաստվում կառուցել այդ ակադեմիական քաղաքը` Նազարբեկյան, Սիլիկյան թաղամաս: Այն թաղամասերում, որտեղ Շահումյանի գերեզմաններն են սփռված։ Ինչպե՞ս կարելի է ակադեմիական քաղաք կառուցել գերեզմանատների հարեւանությամբ։ Իրոք որ` այդ քաղաքով ցանկանում են այն աշխարհ ուղարկել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ռեսուրսներ կգեներացվեն, ես կարող եմ ընդամենը մեկ թիվ ասել. ժամանակակից չափանիշներով մրցունակ, հետազոտական, ինովացիոն, իրեն սպասարկող ենթակառուցվածքներով, նոր տեխնոլոգիաներով, լաբորատորիաներով, բնակելի սպասարկման օբյեկտներով եւ այլն, եւ այլն, համալսարան կառուցելու համար պահանջվում է 500 միլիոն դոլար։ Հիմա եթե այնտեղ միջազգային չափանիշներով առնվազն 8 մրցունակ բուհ է` 500 միլիոնը բազմապատկեք 8-ով, դա նշանակում է, որ այդ համալիրը կառուցելու համար անհրաժեշտ է 4-5 միլիարդ դոլար ներդրում անել։ Դեռ չեմ ասում, որ այդ նախագծով նաեւ պետք է կառուցվեն 40 հազարի հասնող մարզադաշտ, զվարճանքի կենտրոններ, լողավազաններ եւ այլն, եւ այլն։ Առնվազն, եթե հաշվարկներին նայենք, այդ ծրագիրը կարժենա 5,5-6 միլիարդ դոլար։ Հայաստանի Հանրապետության հնարավորությունները, եթե այդպիսի հնարավորություններ ունի, ապա 2026-2027թթ․ հայկական ԱԷԿ-ի ժամկետը, ըստ էության, սպառվում է, պետք է մտածել նոր փոխարինիչ կայան կառուցելու մասին։ Եթե Հայաստանն այդպիսի հնարավորություններ ունենա, որը, ցավոք, չունի եւ չի էլ ունենալու, թող այդ մասին մտածեն։ Մեր երկրի պետական պարտքն անցնում է 10 միլիարդ դոլարը, եւ առաջիկա տարիները ծայրահեղ ծանր են լինելու։ Ես չեմ կարծում, որ այդ՝ ակադեմիական քաղաք կոչված ծրագիրը խելքին մոտ բան է։ Եթե այդպես չէ, թող կառավարական փորձագետները եւ պաշտոնյաները հիմնավորեն։ Ցանկացած հարթակներում թող գան նստեն, հիմնավորեն եւ ասեն, որ մեր բերած թվերն իրականությունից հեռու են։ Իհարկե, ես Ձեզ հետ համաձայն եմ` եթե այդպիսի փողեր կան, այդ ակադեմիական քաղաքը կարող է սպասել 5-10 տարի։ Համալսարանները կան, համակարգը կայացած է, պարզապես պետք է բարեփոխել, եւ այս միջոցները թող ուղղեն սոցիալական խնդիրները, այդ թվում՝  նաեւ արցախցիների, մեր հայրենակիցների խնդիրները լուծելուն։ Այնպես որ, դրանք լոլոներ են, հեքիաթներ՝ միամիտ մարդկանց համար։ Ես համոզված եմ՝ այդ քաղաքը ստեղծելու աշխատանքները նախագծման փուլից այն կողմ չեն անցնի։ 2025 թվականին իրենք խելոք կհրաժարվեն այդ ծրագրից՝ որպես անիրատեսական եւ անհիմն ծրագիր։ Հայաստանը չունի այդ ռեսուրսը։