Բախում հատուկ ջոկատայանների և ցուցարարների միջև․ Վրաստանում թեժ է

Բախում հատուկ ջոկատայանների և ցուցարարների միջև․ Վրաստանում թեժ է

Վրաստանում շարունակվում է լարված մնալ ներքաղաքական իրավիճակը։ Հատուկջոկատայինները պղպեղային սփրեյ են կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, հայտնում է Sputnik Գրուզիան։ 

Նշվում է, որ ոստիկանությունն այդ քայլին է դիմել, երբ ցուցարարները հրաժարվել են ենթարկվել ոստիկանության պահանջին՝ չփակել խորհրդարանի շենքի մուտքերը:

Ցուցարարները ուժայինների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել, այդ թվում՝ պլաստիկ շշեր։ Այդ ժամանակ հատուկջոկատայինները ակցիայի մասնակիցներին հեռացրել են խորհրդարանի մուտքերի մոտից։ 

Բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը սրվել է,երբ ավարտվել է լիագումար նիստը, որտեղ ընթացել է սկանդալային օրինագծի քննարկումը։ Արդյունքում մի քանի մարդ է բերման ենթարկվել։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։