Մենք ո՞ր խմբի մեջ ենք
Այո, յուրաքանչյուր ազգ եւ յուրաքանչյուր անձ ունի կարմիր գծեր: Դրանք բարոյականության, համատեղ կենսակերպի, մարդուն կենդանուց տարբերող համընդհանուր կանոններն ու նորմերն են, որոնք պարտադիր չէ, որ գրված լինեն թղթի վրա, բայց կան եւ գործում են բոլոր երկրներում, բոլոր հանրույթներում: Ավելի կիրթ եւ զարգացած հասարակություններում այդ կարմիր գծերն, իհարկե, ավելի շատ են, քան ցածրամակարդակ հանրություններում:
Մի տեղ ծխախոտի մնացուկը փողոցում նետելը կարող է մեծ աղմուկի եւ հանրային դատապարտումի պատճառ դառնալ, մեկ այլ երկրում` փողոցում մարդը կարող է բնական կարիքները հոգալ եւ իր ցեղակիցները կարող է դա անգամ չնկատեն:
Մի երկրում քաղաքական գործչի կողմից արտաբերված մեկ անմեղ սուտը կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ, մեկ այլ երկրում` մարդիկ չհասցնեն պետության առաջին դեմքերի ստերը հաշվել, իսկ երբ դրանք մատնացույց անեն` պարզվի, որ դա ընդամենը «աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին հարմարվել է նշանակում» եւ ոչ մի ողբերգական բան չկա նրանում, որ 1-2 տարի առաջ իշխանության եկած, որոշակի ծրագրող քվե ստացած մարդիկ հիմա տրամագծորեն հակառակ քաղաքականությունն են վարում` հրաժարվելով իրենց բոլոր խոստումներից ու երդումներից:
Մի տեղ երկրի ղեկավարները, առաջին դեմքերն անսպասելիորեն` մի պայծառ օր արթնանում են եւ հրաժարական տալիս, հեռանում պաշտոնից` շարունակելով հանրության մեջ պատվավոր տեղ զբաղեցնել ու հարգանք վայելել, մեկ այլ երկրում` ազգը երկարամյա մաքառումների մեջ է ընկնում եւ Աստծո օգնությանը դիմում` իր ատելությանն արժանացած, երկրի կառավարումը տապալած անձանց հեռանալու աղերսներով:
Բայց ոչ մի երկրում` անգամ ամենահետամնաց, հասարակությունը չի հանդուրժում տվյալ երկրի շահերին դեմ գնացող, երկրի ոխերիմ թշնամիների հետ համագործակցող իշխանությանը:
Ոչ մի երկրում առանց պայքարի ու դիմադրության հող չեն հանձնում, թշնամուն զիջումների չեն գնում` բացառապես մի խնդիր լուծելով. աթոռը պահելով:
Երբ գալիս է ընտրության պահը` երկիրը կամ սեփական իշխանությունը եւ կորստաբեր զիջումների դեմն առնելու միակ շանսը մնում է այդ փափուկ աթոռից հրաժարվելը, անգամ ամենաաթոռապաշտ եւ իշխանասեր պաշտոնյաները նախընտրում են հրաժարականը: Այնպես, ինչպես 2018 թվականի ապրիլի 23-ին արեց Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ