Եթե վերցնենք պաշտոնական վարկածը, սա իրենց փնթի կառավարման արդյունքն է

 Եթե վերցնենք պաշտոնական վարկածը, սա իրենց փնթի կառավարման արդյունքն է

Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։

«Ես գտնում եմ, որ այս գործով, ընդհուպ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ենթակա են քրեական պատասխանատվության։ Այո, ենթակա են քրեական պատասխանատվության, որովհետև այդ զորանոցը, որը հատկացվել է զինծառայողներին բնակության համար որևէ չափանիշի չի համապատասխանում։ Տարածքի հանձման-ընդունման, ուսումնասիրմամբ զբաղվող, զեկուցող բոլոր պաշտոնյաները ենթակա են քրեական պատասխանատվության»,-այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ես հենց առաջին օրն եմ ասել, որ քաղաքական պատասխանատվությունը կրում է գործադիր իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ։ Ես ասել եմ նաև, որ այս ամեն ինչը, եթե անգամ իրենց առաջ քաշած պաշտոնական վարկածը իրական է, իրենց գլոբալ փնթի կառավարման արդյունքն է»,- ասաց նա։