Այս հարցի ակունքները 3 տարի առաջ են հիմք դրվել և կապ չունեն Չալդրանյանի նշանակման հետ
Համազգային թատրոնում իրավիճակը շարունակում է մնալ անորոշ ու լարված։ Դեկտեմբերի 1-ից դերասանները սկսել են անժամկետ գործադուլ՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, ով թատրոնի գեղղեկավարի պաշտոնում օրեր առաջ նշանակեց բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։
Վերջինս լրագրողների հետ զրույցի ընթացքում նկատել էր, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ուզի իր հետ աշխատել, ապա կան բազմաթիվ տաղանդավոր դերասաններ, որոնք թատրոնի դռներն են թակում։ Այս արտահայտությունը համազգային կրքեր բորբոքեց, որի համար հետո բեմադրիչն իր ֆեյսբուքյան էջում ներողություն էր խնդրել «հապճեպ, էմոցիոնալ եւ գուցե ոչ ականջահաճո» պատասխանի համար։ Երեկ դարձյալ Սուրեն Շահվերդյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել գրառմամբ՝ կոչ անելով Համազգային թատրոնի կոլեկտիվին քայլ անել միասին։ Մասնավորապես, նա առաջարկել էր Նարինե Գրիգորյանին անել առաջին բեմադրությունը՝ բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Իսկ թատրոնի արտիստներին՝ բոլոր խնդիրները քննարկել միասին։ Դերասան Արման Նավասարդյանն ասում է, որ մինչեւ իրենց՝ դերասանների պահանջը չկատարվի, իրենք Սուրեն Շահվերդյանի հետ քննարկելու ոչինչ չունեն։
«Այս թոհուբոհի մեջ բերել եւ գեղարվեստական ղեկավար նշանակել՝ համարում եմ կամայական որոշում։ Ես չեմ ընդունում, որ նա իմ գեղարվեստական ղեկավարն է, ըստ այդմ՝ չեմ էլ պատրաստվում նրա հետ որեւէ հարց քննարկել։ Եթե մի թատրոնի գեղղեկավար ֆեյսբուքյան գրառումով է դերասաններին ժողովի կանչում, ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը։ Պիտի հասկանաք վերջապես, որ այդ մարդիկ ձեզ չեն ուզում։ Ինչո՞ւ չեն կարողանում այսքանը հասկանալ»,- ասաց նա ու նկատեց, որ թե՛ նախարարությունը, թե՛ ՀԹԳՄ-ն դեռ պաշտոնական ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել։ Համազգային թատրոնում ստեղծված իրավիճակի շուրջ մի քանի հարց ուղղեցինք ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին։
- Պարոն Ղազանչյան, ինչպե՞ս եք գնահատում Համազգային թատրոնում ստեղծված իրավիճակը։
- Այս ամեն ինչի պատճառը թատրոնի մասին օրենքի բացակայությունն է, եթե չկա օրենք, որը համակարգում է թատրոնի կառավարումը, նշանակում է այսպիսի երեւույթներից ոչ մի թատրոն ապահովագրված չէ։ Ես երբեք չէի ուզենա, որ այս վիճակին հասներ, եւ թատրոնի ներսում անձնավորված լուծումներ ստանան այս կամ այն խնդիրները, որովհետեւ, ենթադրենք, հիմա ինչ-որ լուծում տրվեց, փոխվեց ղեկավարությունը, ոչ մի երաշխիք չկա, որ մի տարի հետո նոր ղեկավարի հետ էլի նույն պատմությունները չեն լինի։ Դրա համար, կարծում եմ, պետք է լինի օրենք։ Մինչեւ հիմա օրենքի բացակայությունն այդքան չէր զգացվում, որովհետեւ նախարարներն ավելի ինքնուրույն էին եւ շատ հստակ որոշում էին կայացնում, լավ թե վատ՝ իրենք էին իրենց վրա վերցնում պատասխանատվությունը, բայց հիմա դա չկա։ Հիմա նախարարությունն ասում է տնօրեններին՝ ՊՈԱԿ-ի օրենքը սա է, գնացեք, ում ուզում եք, նշանակեք։ Իսկ, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ այս հարցի ակունքները մոտ 3 տարի առաջ են հիմք դրվել եւ ամենեւին կապ չունեն Վիգեն Չալդրանյանի նշանակման հետ։ Սա ավելի կապ ունի ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանին թատրոնից հեռացնելու հետ։
- Այսինքն՝ կարծում եք այդպես նրան ուզում են վերադարձնե՞լ թատրոն։
- Հարցն ուզել վերադարձնելը չէ։ Հրաչյա Գասպարյանը Սոս Սարգսյանի օրոք գլխավոր ռեժիսորն էր այդ թատրոնում, եւ բացի դրանից, Հրաչյա Գասպարյանն այն մարդն է, որին շատերս պետք է երախտապարտ լինենք, որ նա Սոս Սարգսյանի կողքին էր, եւ այդ թատրոնը ստեղծվեց։ Մեր եւ մեզնից ավագ սերունդն էլ դա շատ լավ գիտի, որ եթե Հրաչյա Գասպարյանը չլիներ Սոս Սարգսյանի կողքին, հնարավոր է եւ Համազգային թատրոնը չստեղծվեր։ Եվ երբ Հրաչյա Գասպարյանը դուրս էր գալիս թատրոնից՝ շատ անարդար, ստոր ձեւով, ոչ մեկը չընդվզեց, հարցազրույց չտվեց, ասուլիս չհրավիրեց, չբարկացավ, այսինքն՝ լուռ համաձայնությամբ թույլ տվեցին, որ այդ քայլը կատարվի, եւ եթե Սոս Սարգսյանը կենդանի լիներ, աշխարհը կքանդեր, բայց թույլ չէր տա, որ Հրաչյա Գասպարյանը թատրոնից գնա։ Դա միանշանակ է։ Հիմա Սոս Սարգսյանի անունը պետք չէ այդքան շահարկել, տարիներ առաջ կարելի էր այդ մի սխալի դեմն առնել, հավաքվել, բացատրել, ասել, խնդրել, որպեսզի Հրաչյա Գասպարյանը մնա։ Ակունքներն այդտեղ են տանում։ Հիմա անձնավորում են ամեն ինչ, եւ այս բարձիթողի վիճակն այնտեղ հասավ, որ բարիկադի երկու կողմում էլ իմ ընկերներն են, ընդ որում՝ Սուրենը տաղանդավոր մարդ է, բեմադրիչ, նա կարող է նոր խոսք բերել, հետաքրքիր ներկայացումներ անել, եւ չէի ուզենա, որ այս ամենի մեջ նրա անունն այսպես հոլովվեր, եւ զոհն ինքը լիներ։ Ճիշտ է՝ մի քիչ շտապեց եւ անզգույշ արտահայտություն արեց, որի համար հետո ներողություն խնդրեց, բայց այդ ամեն ինչը դնենք կողք, այս դեպքում կարեւոր է՝ մարդը տաղանդավո՞ր է, թե՞ ոչ։
- Ասացիք, որ խնդիրն անձնավորված է եւ պայմանավորված ավելի շատ Հրաչյա Գասպարյանի անձով, ով, սակայն, մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ոչ մի ամբիցիաներ չունի եւ պաշտպանում է թատերախմբի առաջադրած թեկնածուներին՝ Արման Նավասարդյանին եւ Նարինե Գրիգորյանին։
- Դա իր կարծիքն է, բայց այս իրավիճակի գլխավոր մեղավորը թատրոնի մասին օրենքի բացակայությունն է։
- Բայց չկա ոչ մի երաշխիք, որ եթե լիներ թատրոնի մասին օրենք, նույնկերպ չէին վարվի, որովհետեւ, ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի, Չալդրանյանը մեկ տարի անօրինական ձեւով համատեղել է թատրոնի տնօրենի եւ գեղղեկավարի պարտականությունները։
- Օրենքը խախտվել է, եւ հիմա դժվար է ասել՝ հրամանն ինչպես է ձեւակերպված եղել․ եթե հրամանը ձեւակերպված է եղել՝ կես դրույքով նրա վրա դնել նաեւ գեղղեկավարի պարտականությունները, դա օրենքի խախտում չէ, եթե հրամանը եղել է՝ նշանակել գեղղեկավար, դա արդեն օրենքի խախտում է․ նայած ինչպես է ձեւակերպված եղել, չեմ կարծում, որ նախարարությունում այդքան բան չհասկանային ու այդպիսի սխալ թույլ տային։ Հիմա ճիշտ չէ դրա հետեւից ընկնելը, հատկապես որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, եւ ինձ, անկեղծ ասած, այս ֆեյսբուքյան քննարկումները հեչ դուր չեն գալիս, օր օրի ավելի կոպիտ են դառնում, վարկաբեկող, անձնավորված։ Ճիշտ կլինի, որ ստեղծագործական խումբն ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ առաջարկի, որովհետեւ ոչ մի կոնֆլիկտ առանց կոմպրոմիսի չի լուծվում։
- Հավանաբար, ծանոթ եք դերասանների պահանջին, որքանո՞վ են դրանք արդարացի եւ իրագործելի։
- Ես չեմ ուզում հիմա կոնկրետ որակավորում տալ, մարդ են՝ այդպես են գտնում՝ այդպես են որոշում։ Բայց ես կուզենայի, որ, այնուամենայնիվ, պետությունը մի քիչ ակտիվ լիներ եւ չթողներ, որ բանը հասնի սրան։ Հասմիկ Պողոսյանի օրոք որտեղ կոնֆլիկտ էր լինում, միությունը միջամտում էր եւ այդ կոնֆլիկտը լուծում էր։ Այդպես եղավ մի քանի թատրոններում։ Այս պարագայում ես չեմ հասկանում, թե ինչու ոչ մի հարցում չեն խորհրդակցում, այդպես հապճեպ որոշումներ են կայացնում ու հետո ընկնում կրակը այդ որոշումների ձեռքը։
- Հիմա Թատերական գործիչների միությունը չի՞ ուզում միջամտել, իր խոսքն ասել։
- Չորեքշաբթի օրը պետք է թատրոնների գեղղեկավարներով հանդիպենք՝ ոչ բոլորով, մի քանի լիդերներով, եւ ինչ-որ լուծում առաջարկենք։ Հիմա կոնֆլիկտն այն հարթությունում է, որ արդեն դժվարանում եմ ասել, թե ինչ կարելի է առաջարկել, որովհետեւ 2 կողմում էլ տաղանդավոր մարդիկ են։ Հարկավոր էր մի քիչ ավելի շուտ մեզ խառնել իրար, որպեսզի միջամտեինք, խոսեինք, համոզեինք՝ ինչ-որ եզրեր գտնելու։ Հիմա բանը բանից անցել է, ու այստեղ միության կարծիքն ի՞նչ կարեւոր է, կամ միության կարծիքը միայն Հակոբ Ղազանչյանի կարծիքը չէ։ Մենք կուսակցություն չենք, որ ինչ-որ հայտարարությամբ հանդես գանք։ Կհավաքվենք գեղղեկավարներով, կփորձենք վերլուծել եւ կոմպրոմիսային տարբերակներ գտնել։
- Նշեցիք, որ հարկավոր էր ժամանակին բարձրաձայնել այդ խնդիրները, բայց խումբն ասում է, որ ամենասկզբից էլ բարձրաձայնել է դրանց մասին։
- Առանձին-առանձին անհատներից բողոքներ լսել եմ, բայց գիտեք ինչ, հիմա բոլորից էլ բողոքում են, ինձնից էլ են բողոքում, առանձին բողոքները հիմք չեն։ Ես այս ամենի մասին իմացել եմ այն ժամանակ, երբ փոխնախարարի մոտից դուրս են եկել, եւ արդեն բանը բանից անցել էր։ Այստեղ 2 կողմին էլ կարող եմ ասել, որ պետք չէր այս ամեն ինչն այսպես դուրս հանել եւ հանրայնացնել։ 2 կողմն էլ պետք է ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ գտնեն, որը երկուսին էլ կբավարարի։ Իսկ քանի դեռ չկա թատրոնների մասին օրենք, այսպիսի դեպքեր անընդհատ կլինեն։
- Կարծես 2 կողմն էլ այս պահին անզիջում են։
- Նախարարությունը միանշանակ պետք է միջամտի, պետք է այդ հանդիպումներն ինտենսիվ տարվեն, կամ ինչ-որ մեկը միջնորդ դառնա եւ բանակցի, կազմակերպի այդ ամենը։ Այսպես բաց թողնելով էլ հարցը չի լուծվի։ Ինչ-որ փաստարկներ գուցե օբյեկտիվ են, ես չեմ գտնում, որ 100 տոկոսով խումբը սխալ է, եւ չեմ գտնում, որ 100 տոկոսով Վիգեն Չալդրանյանն է ճիշտ, բայց մի բանում հաստատ համոզված եմ, որ կարելի էր մի քիչ շուտ տիրապետել իրավիճակին եւ ավելի շուտ լուծում տալ հարցին։
Կարծիքներ