Քաղաքական բանավեճի մակարդակը «պլինտուսին» մի հավասարեցրեք

Քաղաքական բանավեճի մակարդակը «պլինտուսին» մի հավասարեցրեք

Այն, որ հայաստանյան նախընտրական քարոզարշավը չի ընթանալու քաղաքական առողջ բանավեճերի ու քննարկումների մթնոլորտում, նկատվեց քարոզարշավի հենց առաջին օրը՝ ՎԺՊ Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթից: Փաշինյանն իր քարոզարշավն սկսեց ՀՀԿ-ի ստվերի հետ անողոք կռիվ տալով: Այդ ոճը շարունակվեց երկրորդ, երրորդ եւ մյուս օրերին, թիրախավորվածների շրջանակն օր օրի մեծանում էր: Փաշինյանն սկսեց հրապարակավ հակադարձել ու պատասխանել իր եւ իր թիմակիցների ելույթներին որեւէ արձագանք տվողներին, շշպռեց Արցախի ղեկավարությանն ու նրանց աշխատակիցներին, «Սասնա ծռերին», ՀՅԴ-ին, ՀՀԿ-ականներին «փռեց ասֆալտին», «ծեփեց պատին», բռնեց գյուղապետերի «վզից ու դուրս շպրտեց»: Երկրում այսօր քաղաքական եղանակ թելադրողը Նիկոլ Փաշինյանն է, իսկ նրա կիսագողական այս բառապաշարն ու պահվածքը թույլ չեն տալիս խոսել քաղաքական առողջ մրցակցության ու բանավեճի մասին:

Այնպես չէ, որ նախորդ իշխանությունների օրոք եղել են անաղարտ նախընտրական գործընթացներ. նախկինների օրոք եղել են նախընտրական կրակոցներ, դանակահարություններ, մարդկանց քվեների առքուվաճառք, վախի մթնոլորտ, այս ամենի արդյունքում՝ հասարակության տրամադրությունները չարտահայտող՝ ընտրությունների կեղծված արդյունքներ: Այնպես որ, դրանց հետ Փաշինյանի ճղճղոց-ղժղժոցը չի կարելի համեմատել: Հասարակությունը գոնե հիմա համոզված է, որ ընտրությունները չեն կեղծվելու, ընտրողի վրա ճնշում չի գործադրվելու: Պարզապես ներկայիս մթնոլորտը համահունչ չէ սիրո եւ համերաշխության հեղափոխությանը: Այս մթնոլորտում իսպառ բացակայում են սերն եւ հանդուրժողականությունը:  

Անցյալի ու ներկայի՝ ՀՀԿ-ի ու Փաշինյանի այս անողոք պայքարը ստվերում է թողել քաղաքական մյուս ուժերին, որոնք չեն գոռում, չեն սպառնում, հաթաթա չեն տալիս: Քարոզարշավի այդ ոճը դուր չի գալիս ոչ միայն նշված, թիրախավորված ուժերին, այլեւ հենց Փաշինյանին սատարողներին ու  հասարակության առողջ շերտերին: Մյուս շերտերը շարունակում են առաջնորդի ոճով: Համացանցը ողողված է ՀՀԿ-ականների, անգամ՝ կանանց, տարբեր ծաղրանկարներով: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը քարոզարշավից առաջ փոխել էր իր արտաքին ոճը: Ֆեյսբուքում նրա լուսանկարի տակ ամենակեղտոտ մեկնաբանությունները տրվեցին: Այդ մեկնաբանություններում կին ու տղամարդ չէին տարբերվում: Այս ամենին ի պատասխան, որոշ օգտատերեր համացանց  գցեցին մի մոնտաժված տեսանյութ, որտեղ, իբր, Փաշինյանն ու  կինը՝ Աննա Հակոբյանը, պարում են ադրբեջանական երգի տակ: Աննայի՝ ժամանցի կամ հանգստի ժամանակ արված որոշ անցանկալի լուսանկարներ՝ անցանկալի մեկնաբանություններով, նույնպես հայտնվեցին համացանցում:

Սա նույնպես դատապարտելի է. Աննա Հակոբյանը մեր երկրի առաջին տիկինն է կամ առաջին տիկնոջ ժամանակավոր պաշտոնակատարը: Երեկ համացանցում հայտնվեց մի լուսանկար. վանաձորցի մի քանի երիտասարդ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի նախընտրական գովազդային նկարը սեւավորել էին ու կողքը գլխահակ՝ սգվորի նման կանգնել: Այդ երիտասարդները չունե՞ն իրենց համար սրտացավ մեկը, ով նրանց խելքի բերի ու սովորեցնի, որ Աստված է մարդուն կյանք տալիս, Աստված էլ այն վերցնում է…

Ի վերջո, Վահրամ Բաղդասարյանն այդ երիտասարդների ծնողների տարիքին է, հնարավոր է նաեւ նրանց ծնողների դասախոսը եղած լինի՝  Մանկավարժական ինստիտուտում:  Նա երբեք չի կորցրել ադեկվատությունը, չի վիրավորել որեւէ մեկին, այս ամբողջ ժամանակաշրջանում իրեն պահել է հավասարակշռված, զուսպ եւ չափի մեջ: Նա ունի ընտանիք, լավ երեխաներ… Պատկերացնել կարելի է, թե ինչ են զգում նրա երեխաները՝ իրենց հոր նկարն այդ կարգավիճակում տեսնելիս: 
Ցավալի է, բայց փաստ, որ երկրում քաղաքական բանավեճի սանդղակն իջել է թույլատրելիից էլ ցած…