Գործը անընդհատ մակագրվում է նույն դատավորին

Գործը անընդհատ մակագրվում է նույն դատավորին

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին եմ դիմել պարզաբանում ստանալու համար, թե ինչպես է ստացվում, ինչպես են առաջնորդվում, որ գործը անընդհատ մակագրվում է նույն դատավորին։ Դեռևս իմ հարցման պատասխանը չեմ ստացել։ Գիտենք, որ գործերի մակագրման կարգը սահմանվում է դատական օրենսգրքով, ամենայն մանրամասնությամբ գրված է, թե գործը ոնց պետք է մակարգրվի։ Այսինքն` հիմա մենք կարող ենք փաստել, որ արդեն երրորդ անգամ գործը մակագրվում է նույն դատավորին։ Իսկ դատավորի աշխատանքը եկեք չգնահատենք, եկեք գնահատենք այն իրողությունը, որն այսօր տեսնում ենք։ Տեսնում ենք այն, որ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացվեց»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ որոշում է կայացվել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել ևս 2 ամսով։ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան  ձերբակալել է օգոստոսի 27-ին։