Դեկտեմբերի 2-ից ընդունվում են նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում

Դեկտեմբերի 2-ից ընդունվում են  նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում

Այս տարվա դեկտեմբերի 2-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ն ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերը նաև հետևյալ 7 անվանակարգերում՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ անվանակարգերում։ Հայոց ցեղասպանության ճանաչմանը բերած ավանդի մրցանակի համար հայտերն ընդունվում են նոյեմբերի 18-ից և պետք է դիմել մինչև փետրվարի 14-ը, իսկ երիտասարդական մրցանակների համար դիմելու ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

7 անվանակարգերում ՀՀ նախագահի մրցանակներն ամեն տարի շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք տվյալ բնագավառում վերջին երեք տարիներին ի հայտ եկած կամ իրականացված լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և այլ աշխատանքների անհատ հեղինակն են կամ հեղինակային խումբը։ Հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի հետագայում հայտ ներկայացնելու թե´ անհատապես, թե´ հեղինակային խմբի հետ։ Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:

Այլ մանրամասների, մրցույթի կանոնակարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու և դիմումի ձևը ներբեռնելու համար հետևյալ հասցեով պետք է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջ՝ https://www.himnadram.org/hy/1566297811։ Հայտերը հնարավոր է ներկայացնել նաև առցանց, բայցև պարտադիր է փաթեթի առձեռն ներկայացումը ևս՝ նախապես զանգահարելով «Հայաստան» հիմնադրամի քարտուղարության պետ Աիդա Խաչիկյանին (հեռ.՝ +374-520940; էլ.փոստ՝ [email protected], հասցե՝ Հայաստան, Երևան 0024, Բաղրամյան 26/1, ՀՀ նախագահի նստավայր): Ովքեր Հայաստանում չեն, փաթեթը կարող են ներկայացնել Հայաստանում գտնվող անձանց միջոցով կամ ուղարկել սովորական փոստով։

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։

ՀՀ նախագահի մրցանակի տեղեկատվական թիմ