Ինչու՞ Տարասովը

Ինչու՞ Տարասովը

Regnum-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, որ «հայամետ» մեկնաբանի համարում ունի, հարցազրույց է տվել երկու հայկական լրատվամիջոցի եւ բավական կոշտ քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում՝ երկու դրվագով: Նա զարմացած է, որ Հայաստանի վարչապետը սկզբունքորեն չի վերանայել 2016-ի ապրիլյան պատերազմին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճում տված գնահատականը եւ որ բացահայտել է ԼՂ կարգավորման բանակցությունները, որ կողմերը վարել են մինչեւ Հայաստանում տեղի կունենար իշխանափոխություն: Ռուսաստանցի փորձագետին կարելի է հասկանալ, նա իր երկրի եւ պետության շահերն է պաշտպանում եւ բոլորովին չէր ցանկանա, որ հայկական միջավայրում սրվեր ապրիլյան քառօրյա համար արտաքին պատասխանատվության խնդիրը կամ վարչապետ Փաշինյանը փորձեր փոխել ԼՂ կարգավորման տրամաբանությունը: 

Պե՞տք է արդյոք կարեւորություն տալ Տարասովի արտահայտած մտքերին: Եթե կա փորձագիտական մոտեցումների ճշգրտման անհրաժեշտություն, ապա ինչո՞վ են զբաղված Հայաստանում գործող համապատասխան ինստիտուտները: Հնարավո՞ր չէ կազմակերպել համատեղ քննարկումներ, փորձել հասկանալ, թե ո՞րն է ռուսական կողմի տեսլականը ԼՂ եւ առհասարակ տարածաշրջանի ապագայի հարցում: Եթե բանակցային գործընթացի տրամաբանությանը վարչապետ Փաշինյանի վերապահ մոտեցումը խնդրահարույց է, իսկ որ դրանում ռիսկեր կան, ակնհայտ է, ապա ինչու՞ «դատավոր» հրավիրել Մոսկվայից, ոչ թե ծավալել ներհայկական փորձագիտական լուրջ դիսկուրս՝ արդյոք բոլոր ռիսկե՞րն են հաշվարկված, պետք է պաշտոնապես հրաժարվե՞լ «մադրիդյան սկզբունքներից» եւ փորձել կանխատեսել հետեւանքները: Երբ 1997-98թ.թ. մերժվում էր կարգավորման «փուլային» տարբերակը, ներկայացվում էր նաեւ այլընտրանք, բերվում էին փաստարկներ, արվում հիմնավորումներ: Այլ բան է, որ դրանք մեծ մասով ոչ իրատեսական էին եւ գործնականում չհաստատվեցին: Ներկայումս ոչ թե Տարասովին լսելու, այլ ներքին քննարկումների անհրաժեշտություն կա, բայց քաղաքական բեւեռացվածությունը, պատասխանատվության փոխարեն ամբոխավարությանը տուրք տալու երկուստեք հակումները խանգարում են: Արդյունքում կարող ենք ունենալ վակուումային իրավիճակ: Ի՞նչ կհետեւի դրան: 

Միջազգային փորձագիտական շրջանակները տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական պատերազմ չեն կանխատեսում: Բայց դա միայն լավատեսական հայացք է: Զարգացումների իրական ընթացքը ոչ ոք չի կարող ստույգ հաշվարկել: Կա նաեւ երկրորդ հավանականությունը՝ իսկ եթե միջնորդներն իրոք մի կո՞ղմ դնեն «մադրիդյան սկզբունքները»: Կանգնած ենք լրջագույն ճամփաբաժնի առաջ: Եւ որոշում կայացնելիս մեզ ոչ Տարասովն է օգնության ձեռք մեկնելու, ոչ Միջազգային ճգնաժամային խումբը: Նրանք, գուցե, ավելի շատ ներքաղաքական «թեսթավորում» են անցկացնում, քան ձգտում օգտակար լինել: Ո՞րն է մեր շահը: Գնա՞լ կարգավորման, թե՞ … Կարգավորումը ենթադրում է փոխզիջումներ, ստատուս-քվոյի պահպանումը՝ ահռելի ֆինանսական, մարդկային եւ այլ կարգի ռեսուրսներ: Տարասովը պայծառատես չէ: Նա միայն ափսոսում է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական խաղը վարչապետ Փաշինյանի «հախուռն» կեցվածքի պատճառով, կարծես, չի ստացվում: Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր, խավեր, խմբեր ու անհատներ, որ Տարասովի նման են մտածում: Եթե՝ այո, ապա ինչու՞ բաց չեն արտահայտվում: