Աշխարհին մենք էլ ենք պետք, եթե…

Աշխարհին մենք էլ ենք պետք, եթե…

ՄԱՍ 2

Բնական է, որ վերը նշված զարգացման արդյունավետ ճանապարհի ընտրության հարցում շատ կարեւոր է հստակ հասկանալ, թե հեռահաղորդակցման այս դարում ինչ արմատական լուրջ փոփոխություններ են կատարվել, կատարվում եւ դեռ կատարվելու են: Հասկանալ, որ առաջիկայում աշխարհով մեկ շարունակվելու են ձեւավորվել սահմաններ չճանաչող ինչպես անդրազգային, այնպես էլ ազգային հենքով կազմավորվող հզոր կազմակերպությունները, որոնք հաճախ ավելի մեծ դերակատարում են ունենալու, քան շատ ու շատ պետություններ: Հասկանալ, որ այսօր արդեն չի կարելի ուշադրությունը միայն կենտրոնացնել Հայաստանի եւ Արցախի խնդիրների վրա: Համաշխարհայնացման արդի գործընթացներից մենք չենք կարող մի կողմ քաշվել, առավել եւս՝ երբ ունենք ազգապահպանման անհետաձգելի խնդիրներ:

Այսօր, երբ աշխարհի 10 միլիոն հայությունից Հայաստանում մնացել է ընդամենը 2,5-ը, եւ երբ այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ գործնականում հնարավոր չի լինի կազմակերպել զանգվածային ներգաղթ, նույնիսկ արտագաղթն ամբողջությամբ կասեցնել, ժամանակն է, որ սինգապուրների օրինակը մի կողմ թողնելով մտածենք, թե ինչպես ենք կազմավորելու նոր տիպի, պետության որոշակի գործառույթներ ունեցող մեր հայ ազգ կազմակերպությունը՝ իր կենտրոն- մայրաքաղաք Հայաստանով:

Այսօր մեզ համար մեծ սփյուռք ունենալն իրոք մեծ առավելություն է: Աշխարհով մեկ սփռված մի քիչ ամերիկացի, մի քիչ արաբ, ֆրանսիացի, ռուս, մի քիչ պարսիկ, հնդկացի, բայց հոգով հայ մեր ժողովուրդը, որն ունի դարերի քննությանը դիմացած, ինքնատիպ մշակույթ, կարողանում է, ծանոթանալով այլոց ունեցածին, նրանց լավին էլ ավելացնելով իրենը՝ շատ հարցերում արժեքավոր լուծումներ առաջարկել, իրոք, իրավունք ունի՝ որպես ամբողջություն, իր ուրույն տեղն ու դերը գրավելու քաղաքակրթական արդի զարգացումներում: Եվ մեր բոլորիս պարտքն է՝ աջակցել, որ կարողանանք լիարժեք օգտվել մեր այդ իրավունքից:

Եթե ճիշտ հունով ընթանանք, այսօր աշխարհն էլ իրոք մեր կարիքը կունենա: Մեր յուրահատուկ լեզվամտածողությամբ, արագ սովորելու, փոխհարաբերությունները կարգավորելու, փորձի, հմտությունների փոխանակմանը նպաստելու եւ, ի վերջո, տեղեկացված, գիտելիքահեն հանրությունների կազմավորմանը շատ հարցերում աջակցելու տեսակետից մենք, իրոք, օգտակար կարող ենք լինել այլ երկրների համար:

Այսօր՝ Միացյալ Նահանգների օրինակով, շատերն են արդեն հասկանում, թե բազմամշակութային միջավայրի առկայությունը որքան նպաստավոր կարող է լինել իրենց համար: Եվ դա է պատճառը, որ կարող ուժերի ներգրավման, ուղեղների հոսքի, ներգաղթի կազմակերպման համար նրանք բոլոր նպաստավոր պայմաններն են ստեղծում: Եվ հիմնականում այդ պատճառով է, որ աշխարհի ուժեղներն այսօր խրախուսում, պահանջում են, որ ամենուր պաշտպանվեն ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները, եթե բռնություն չեն քարոզում, մշակութային նրանց առանձնահատկությունների պահպանման, զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծվեն:

Այսօր, բացի մեր ներքին հարցերից, կազմակերպչական խնդիրներից, արտաքին խանգարող որեւէ այլ լուրջ խոչընդոտներ չունենք, որ կարողանանք ժամանակի ոգուն համապատասխան, աշխարհով մեկ ձեւավորենք համազգային կառույցների մեր միաձույլ, հզոր համակարգը, ուծացումից փրկենք մեր ազգակիցներին եւ համատեղ ջանքերով խոստումնալից մեր ապագան կերտենք:
Հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս դարում, երբ հայրենակիցների մեջ շփումների, կապերի ամրապնդման, հեռակառավարվող կառույցների ձեւավորման անսահմանորեն լայն հնարավորություններ են բացվել, իրոք՝ ժամանակն է վերջապես, որ մենք էլ մեր առջեւ խնդիր դնենք, օգտվելով վերը նշված՝ ազգային մեր նպաստավոր առանձնահատկություններից, փոխադարձ աջակցման ոգով, որպես ազգակիցների մի մեծ բարեկամություն, աշխարհով մեկ ձեւավորենք մեր ողջ հայության այնպիսի մի միաձույլ կառույց, մի այնպիսի հզոր Ազգ կազմակերպություն, որը ոչ միայն հնարավորություն կտա մեզ դիմակայելու մարտահրավերներին, ոչ միայն կնպաստի հայրենիքի, մեր ողջ ժողովրդի հզորացմանը, այլեւ պայմաններ կստեղծի, որ մեր հայրենակիցները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ամենուր այսօր էլ լինեն ավելի մրցունակ, ապրեն ավելի բարեկեցիկ, ավելի արժանապատիվ կյանքով:

Իհարկե, այդ կառույցը կյանքի կարող է կոչվել միայն այն դեպքում, եթե հնարավորինս մեծ թվով մեր ազգակիցներ ներգրավվեն գործընթացում եւ իրենց թեկուզ համեստ ներդրումներով աջակցեն դրա կազմավորմանը: Իհարկե, այն չի կարող կազմավորվել պարտադրման ճանապարհով եւ ոչ էլ անմնացորդ նվիրվածության, այսպես ասած, բարձր հայրենասիրության, անշահախնդիր ներգրավվածության կոչերով: Աշխարհաքաղաքական արդի զարգացումները, հեռահաղորդակցման, հեռակապի առկա նվաճումները ներկայումս արդեն բոլոր հնարավորությունները տալիս են մեզ այնպես կազմակերպվելու, այնպիսի պայմաններ ստեղծելու, որ ազգակիցների նկատմամբ բարի կամեցողությամբ, փոխշահավետ գործակցության ճանապարհով կազմավորվող փոխօգնության խմբերի, միավորումների, հեռակառավարվող ծառայությունների մատուցման լայն ցանցի օգնությամբ կարողանանք հասնել նրան, որ մասնակցությունն ազգանպաստ գործերին նյութապես էլ լինի խրախուսված, եւ ամենուր մարդիկ զգան՝ ազգային պատկանելության հստակ գիտակցումը ոչ թե լրացուցիչ բեռ է, այլ՝ շնորհ, հնարավորություն՝ համատեղված ջանքերով հասնելու լուրջ հաջողությունների:

Կամ ավելի պարզեցված ձեւակերպմամբ. հասնել նրան, որ ամենուր մեր մարդիկ զգան՝ հայ լինելը, ազգակիցների հետ համագործակցելը նաեւ շատ օգտակար է: Իհարկե, առանց կենտրոնի գործառույթները ստանձնող, ինքնիշխան մեր պետության գործուն աջակցման հնարավոր չի լինի ի մի բերել համազգային գործող կազմավորումների աշխատանքը, ձեւավորել այդ միաձույլ համակարգը: Հնարավոր չի լինի, ապահովելով մասնակցային բավարար ակտիվությունը, նպաստավոր պայմաններ ստեղծել մեր ազգակիցների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության կազմակերպման, հեռավար ուսուցման, հեռախորհրդատվության, գործարար կապերի ամրապնդման, մասնագիտական աջակցման եւ բազմաբնույթ այլ ծառայությունների մատուցման ցանցի ձեւավորումը: Հնարավոր չի լինի, ստեղծելով տեղեկատվական համապատասխան բազաները, նպաստել, որ աշխարհով մեկ ձեւավորվեն սահմաններ չճանաչող, փոխօգնության արդյունավետ գործող խմբերը, միավորումները, առաջխաղացմանը նպաստող կազմավորումները:

Ցավոք, այսօր գործադիր մեր իշխանություններն այնքան զբաղված են ընթացիկ ներքին հարցերով, որ ժամանակ չեն գտնում լրջորեն զբաղվել ապագային առնչվող, բայց արդեն անհետաձգելի դարձող այս խնդիրներով: Հաշվի առնելով նաեւ այն, որ ավելի նպատակահարմար է համազգային այդ համակարգի կազմավորման գործընթացը ներկայացնել որպես հասարակական նախաձեռնություն՝ ՀՀ Հանրային խորհրդի աշխատանքային մեր խմբի, մեզ հետ համագործակցող Ազգային համագործակցություն հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցների կողմից հանգամանորեն մշակվել են համագործակցության, փոխօգնության համազգային նոր, գործուն կառույցի կազմավորման ծրագրերը (մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով armnatiօnal.am տեղեկատվական մեր կայքը), որոնք ժամանակին ընդհանուր գծերով արժանացել են արդեն ե՛ւ ՀՀ նախագահի, ե՛ւ վարչապետի, կառավարության, ե՛ւ համազգային շատ կազմակերպությունների դրական, բարձր գնահատականին:

Եվ չնայած ակնհայտ էր, որ առանց դրսում բնակվող մեր հայրենակիցների գործուն աջակցության մենք միայն մեր ուժերով տնտեսության հեղափոխական, թռիչքաձեւ զարգացումը չենք կարող ապահովել, չնայած նրան, որ ազգապահպանման, ուծացման դեմ կազմակերպված պայքարի անհրաժեշտությունն օր-օրի ավելի հրատապ է դառնում, եւ չնայած նրան, որ մենք ստիպված անընդհատ հիշեցնում, ահազանգում ենք այդ մասին (իշխանություններին ուղղված մեր գրություններին կարող եք ծանոթանալ armnational.am/am/u/arshak-sadoyan կայք-էջում), բայց այդպես էլ, ցավոք, մինչ այժմ իշխանությունների կողմից գործնական քայլեր այդ ուղղությամբ դեռ չեն ձեռնարկվել:

Ձայն բազմաց, ձայն Աստծո

Հարգելի ընթերցողներ, մեր երեխաների, թոռների, մեր ողջ ժողովրդի ապագայի կերտմանը նպաստելու, արժանապատիվ, բարեկեցիկ կյանքով ապրել կարողանալու համար մենք արդեն այլ ռեալ հնարավորություններ չունենք: Մենք ստիպված ենք, կարող ենք, եւ բոլորիս էլ շատ օգտակար կլինի, որ կարողանանք վերջապես սկսել համագործակցության, փոխադարձ աջակցման, փոխօգնության համազգային մեր այդ միաձույլ համակարգի կազմավորման գործընթացը:
Օգտվելով հրապարակման այս հնարավորությունից՝ դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, խնդրանքով՝ ձեր ձայնն էլ բարձրացրեք, ձեր հնարավորություններն էլ օգտագործեք, որ սառույցը վերջապես տեղից շարժվի: Դիմեք ձեզ հետ կապ ունեցող հեղինակավոր անձանց, քաղաքական գործիչներին խնդրանքով՝ քիչ ժամանակ ծախսել, ծանոթանալ առաջարկվող այդ համակարգի կազմավորման, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, կարգավորման ծրագրերի հետ: Ուսումնասիրել, պարզել՝ կկարողանա՞ արդյոք հեռակառավարվող, նոր տիպի այդ կազմավորումը աշխարհով մեկ ուղղորդված, արդյունավետ ձեւով գործել: Եվ ի՞նչ նպաստավոր պայմաններ կարող է նա ստեղծել մեր տնտեսության թռիչքաձեւ զարգացման համար, որքանո՞վ կարող է նպաստել, որ ամենուր մեր հայրենակիցները լինեն ավելի մրցունակ, կարողանան ապրել ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:

Եվ եթե համոզվեն, որ փրկության այդ ուղիով գնալը հնարավոր է, օգտակար, իրենց ձայնն էլ բարձրացնեն, պահանջեն, պարտադրեն, որ իշխանությունները վերջապես քայլեր ձեռնարկեն, պայմաններ ստեղծեն համազգային խիստ կարեւոր այդ խնդրի լուծման համար:

Շարունակելի