«Հայահավաք» նախագիծը հյուրընկալել է Կարո Ավեսյանին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա լիբանանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը։
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա նախագծի համերգը։
Ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան) եւ դիրիժոր Կարո Ավեսյանը (Լիբանան): Ծրագրում Գուստավ Հոլստի «Սբ. Պողոսի սյուիտ», Բարտոկի «Ռումինական ժողովրդական պարեր», Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի եւ գոսերի համար» ստեղծագործություններն են։
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով՝ ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը:
Մեր օրերում կա հստակ գաղափարների շուրջ բոլոր հայերին միավորելու ձգտում՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական կյանքի վերաբերյալ տեսակետներից։ Այս ամենը կարող է ապահովել մշակույթը, որը մեր պատմության ծանրագույն շրջաններում իրականացրել է հենց միավորիչ գործառույթ։ Նախագիծը ստեղծվել է հենց այս գաղափարախոսությամբ։
Նախագծի շրջանակներում Երեւանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։
Կարծիքներ