Ճգնաժամային կառավարիչների որոնումներում

Ճգնաժամային կառավարիչների որոնումներում

Առաջնային սպառման ապրանքների շուկայում մոլեգնող գնաճը, իսկ մի քանի գյուղմթերքի, օրինակ՝ ծիրանի համեմատական էժանացումը, թվում է՝ բացառապես սպեկուլյատիվ գործընթացներ են եւ բնավ պետության կարգավորիչ գործառույթի արդյունքը չեն։ Հայաստանում այսօր ամենաբազմազբաղ կառույցը պետք է լիներ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, իսկ անհիմն թանկացումների, կարտելային պայմանավորվածությունների, անհասկանալի գնագոյացման հեղինակները պիտի տեսանելի եւ ցավոտ կերպով պատժվեին։ Ո՛չ դա արվեց, ո՛չ էլ փոխհատուցվեցին առավել խոցելի սոցիալական խմբերը՝ գոնե կենսապահովման նվազագույն զամբյուղից չզրկվելու համար։

Իշխանության ֆինանսատնտեսական աճպարարություններն անհեթեթության, մանիպուլյացիաների եւ խաբեության խաչուղիներում են։ Անցած տարի, օրինակ, Փաշինյանն ու Քերոբյանը խոսում էին տնտեսական աճի երկնիշ ցուցանիշի մասին՝ այն ներկայացնելով որպես վերականգնողական աճ, այն դեպքում, երբ իրական պայմաններում այն կկազմեր ընդամենը երկու տոկոս։ Մինչդեռ աննախադեպության սիրահար վարչապետը դրան գումարում էր նաեւ 2020-ին կորսված ութ տոկոսն ու ստանում երեւակայական երկնիշ աճ։ Աճպարարության ժանրից էին նաեւ տուրիզմի աճին վերաբերող՝ Քերոբյանի ֆանտասմագորիկ թվերը։ Իհարկե, էական է, թե ինչ հաշվարկման համակարգ է դրված հիմքում, բայց տեսանելի արդյունքը հո նո՞ւյնն է՝ Հայաստանի տնտեսական աճն առաջիկայում էլ շարունակելու է մնալ հետհամավարակային եւ առավելապես հետպատերազմյան իրողությունների տրամաբանության ներքո։

Երկու տարի շարունակված համավարակի հետեւանքով հայրենի տնտեսության կառուցվածքը որոշակիորեն փոխվել է, իսկ հետեւանքներն առայսօր վերացված չեն։ Տնտեսության գերակա ճյուղը շարունակում են մնալ ծառայությունները, իսկ դա, ի տարբերություն ապրանքի արտադրման, ենթադրում է ուղղակի շփում։ Անցած երկու տարում, սակայն, շատ բան է փոխվել, ոմանք առցանց ծառայություններից են օգտվում, եւ մի շարք ոլորտներում անմիջական ինտենսիվ շփումները նվազել են, հետեւաբար՝ աշխատատեղերն էլ՝ կրճատվել։ Մեր հայրենակիցների երիտասարդ եւ միջին սերնդի ներկայացուցիչներն ավելի ու ավելի են տանը կամ աշխատավայրում մեկուսացած՝ ծառայություններ սպառում։ Նախաքովիդյան ակտիվությունը, ըստ ամենայնի, չի էլ վերականգնվի, որքան էլ պատվաստումը լինի համատարած, կամ ձեւավորվի հավաքական իմունիտետ։
Հայաստանի վերականգնողական ակտիվությունը հեռու է բավարար լինելուց։ Տուրիզմի նախընթաց բացը լրացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, բայց ծառայությունները դեռեւս ամբողջ ծավալով ի զորու չեն հետ բերելու բաց թողած աճը։ Տեմպերի եւ ծավալների տեսակետից՝ պահանջարկի վրա ներազդող վճռորոշ փոփոխություն չկա։ Մարդկանց իրական եկամուտները նվազել են, փոխարենն աճել է միայն նվազագույն աշխատավարձով աշխատատեղերի թիվը։ Էապես կրճատվել են նաեւ խոշոր հարկ վճարողների աշխատողների աշխատավարձերը։ Սա տնտեսապես անհամաչափ մի վիճակ է, գնողունակությունն ընկել է, պահանջարկն էլ նվազում է, եւ այդ հիմքի վրա տնտեսական աճ ակնկալելը, իհարկե, իրատեսական չէ։

Կայուն աճող միակ ցուցանիշը, թերեւս, պետական պարտքն է, մինչդեռ մյուս բոլոր հիմնարար թվերն աղճատված են։ Դեռեւս 2019-ին խախտվել է կապիտալ եւ ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը, փոփոխվել է հարկաբյուջետային քաղաքականությունը, եւ արդյունքում՝ պետությունն այս պայմաններում թույլատրելի ֆիսկալ բեռից շատ ավելին է շալակել։ 2019-ին քաղաքացիները մեծածավալ սպառողական վարկեր վերցրին, ենթադրում էին՝ վաղվա օրն անամպ եւ կանխատեսելի է լինելու։ Հիմա չկա ո՛չ նախկին վստահությունը, ո՛չ էլ տնտեսության կամ բանկերի վարկերի երբեմնի կառուցվածքը՝ սպառողական վարկերի տոկոսը նվազել է։ Այս հետճգնաժամային պայմաններում բնավ հանճար պետք չէ լինել՝ հասկանալու, որ Փաշինյանը, Քերոբյանը կամ այլ մեկը բացարձակապես չեն կարող հանգուցալուծել այս թնջուկը։

Դավիթ Սարգսյան