Հանրությանն ինչ տվեց մեդիայի բոյկոտը 

Հանրությանն ինչ տվեց մեդիայի բոյկոտը 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը բոյկոտվեց  հայաստանյան եւ սփյուռքյան ավելի քան 5 տասնյակ ազդեցիկ լրատվամիջոցների կողմից։ Նրանք տարածել էին հայտարարություն, որում ֆիքսել էին, որ այն ֆորմատը եւ գործելաոճը, որով շարժվոմ է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, տեղ չի թողնում հուսալու, որ իրենց ուղարկած հարցերը կհնչեցվեն առանց «սրբագրումների»։ Սա, թերեւս, հայաստանյան իրականության մեջ առաջին անգամն է, երբ լրատվամիջոցները ոչ միայն հրաժարվում են հարցեր ուղարկել երկրի ղեկավարին, այլ նաեւ բոյկոտում են հարցազրույցը լուսաբանելը։ Մի քանի դիտարկում։

• Նախ, հետաքրքիր կլինի այս ամենի հետ կապված հանրային արձագանքները, հատկապես՝ փորձագիտական հանրույթի, քաղհասարակությունը ներկայացնողների, առանձին ակտիվ սոցցանցային հեղինակների կարծիքը լսելը։ 

• Հետաքրքիր կլինի նաեւ հետեւել եւ ուսումնասիրել, թե ԶԼՄ-ների այս կոլեկտիվ բոյկոտի առնչությամբ ինչ կասեն Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցների եւ կայացած դեմոկրատիա ունեցող երկրների դեսպաններն ու ներկայացուցչությունները։ Ի վերջո, եթե հարցը դիտարկենք նրանց արժեհամակարգի տեսակետից, ապա տեղի է ունեցել երկրում գործող առաջատար ԶԼՄ-ների կողմից երկրի ղեկավարի գործելաոճի դեմ ընդգծված դժգոհության գործողություն, որը հիմնավորված է նաեւ արեւմտյան արժեհամակարգի տեսակետից։

• Պակաս հետաքրքիր չի լինի նաեւ իշխանության վարքագծին հետեւելը։ Բնականաբար, իշխանության ներկայացուցիչների եւ արեւմտյան երկրների ու միջազգային կառույցների միջեւ քննարկումներ կլինեն։ Գուցեեւ որոշակի ցուցումներ տրվեն իշխանություններին՝ նրանց պահվածքի փոփոխման հետ կապված։ 

• Թե ինչ արդյունք կտա տեղի ունեցածը, դժվար է ասել։ Հնարավոր է ինչ-որ բան իշխանություններ-լրատվամիջոցներ հարաբերություններում փոխվի, հնարավոր է հակառակը՝ իշխանությունը շարունակի իր գործելաոճը, սակայն տեղի ունեցածը նաեւ բաժանարար գիծ եղավ հենց մեդիայի տիրույթի համար, եւ որեւէ մեկը, ով հայաստանյան լրատվադաշտի հետ կուզենա ծանոթանալ, կարող է, օրինակ, իր համար ֆիքսել, որ սկզբում նշված հայտարարությունը ստորագրած ավելի քան 50 լրատվամիջոցները չեն կիսում իշխանությունների վարած քաղաքական գիծը եւ ներկայացնում են, այսպես ասած՝ ոչ իշխանական մեդիան։ 

• Տեղի ունեցած բոյկոտը, հետեւաբար, կարեւոր էր նաեւ նրանով, որ հստակ ձեւակերպեց, ինչ-որ իմաստով պաշտոնականացրեց այն ջրբաժանը, որը կար մեդիադաշտում։ Այսինքն՝ գծագրեց, թե որոնք են իշխանական, որոնք՝ անկախ եւ հակաիշխանական ԶԼՄ-ները։ Սա կարեւոր էր նաեւ նրանով, որ ընթերցողի համար որոշակի կողմնորոշիչ դեր կունենա, որպեսզի նա զատի, թե որ մեդիան է իր համար արժանահավատ եւ նախընտրելի։