Դատավորի աշխատանքը նյութի հետ որեւէ կապ չունի

Դատավորի աշխատանքը նյութի հետ որեւէ կապ չունի

Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Գեւորգ Գյոզալյանն ընտրվել է վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր: Նա երբեւէ չի աշխատել որպես դատավոր, իրավաբանական գործունեությունը մշտապես իրականացրել է փաստաբանական ոլորտում: Մենք փորձեցինք զրուցել նորընտիր դատավորի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը վճռաբեկ դատարանում։ Գյոզալյանը չի ցանկանում մանրամասնել, նշում է, որ ամեն բան ժամանակի ընթացքում պարզ կդառնա, եւ ինքը գործնականում կապացուցի ամեն բան:

- Պարոն Գյոզալյան, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: Չէ՞ որ Դուք որպես դատավոր չեք աշխատել, փորձառություն չունեք:

- Ես Ազգային ժողովում արդեն խոսել եմ այդ մասին: Լսեք՝ բոլոր Ձեզ հուզող հարցերի պատասխանները կստանաք: Ես ավելացնելու ոչինչ չունեմ:

- Դուք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի փաստաբանն եք: Ձեր անձնական շփումները չե՞ն խանգարի Ձեզ: Կարո՞ղ եք անաչառ դատավոր լինել:

- Ես խոսքերով չէ, որ պետք է ասեմ, կյանքն ամեն բան ցույց կտա: Իմ գործունեությունն ամեն բան ցույց կտա: Ես ինչ էլ ասեմ՝ Դուք ներկայացնելու եք այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում․․․

- Դուք վարչապետի եւ նրա ընտանիքի փաստաբանն եք, այլ գործերով էլ եք մասնակցում: Ենթադրվում է, որ Ձեր ֆինանսական եկամուտները քիչ չեն: Ինչո՞ւ որոշեցիք դառնալ վճռաբեկ դատարանի դատավոր․ ի վերջո` փաստաբանի եկամուտներն ավելի շատ են:

- Մեր երկրում հիմնական պրոբլեմը, այդ թվում նաեւ՝ լրատվամիջոցների, այն է, որ, որպես կանոն, ամեն ինչ չափում ենք նյութականով: Դուք ասում եք նյութը, սակայն դատավորի առաքելությունը որեւէ կերպ կապ չունի դրա հետ: Ես ժամանակին «Հրապարակում» էլ բավականին շատ հոդվածներ եմ տպագրել, եթե կարդաք, կտեսնեք, որ այն ժամանակ էլ դատավարական աշխատանքը չեմ կապել նյութի եւ նյութականի հետ: Դուք խոսում եք նյութականից, սակայն, անկեղծ, նյութականն ինձ չի հետաքրքրում, եթե մարդը գնում է դատավոր աշխատելու, ապա պետք է հասկանա, որ դատավոր լինելն առաքելություն է, եւ նյութի հետ կապված որեւէ սպասելիք չպետք է լինի:

- Փաստորեն, պատրաստ եք հանուն հակակոռուպցիոն դատարանում աշխատելու, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում խնդիրների լուծման, մի կողմ դնել նյութական բոլոր արժեքները:

- Ես նման բան չասացի: Մի խեղաթյուրեք խոսքերս: Ես ասացի այն, ինչ ասացի: Դատավորի աշխատանքը նյութի հետ որեւէ կապ չունի: Դուք ամեն բան պայմանավորում եք նյութով: Սխալ ուղու վրա եք Դուք: Եթե մարդը գնում է դատավոր, բժիշկ կամ ուսուցիչ աշխատելու, նախ պետք է հասկանա, որ դրանք առաքելություն են, առաքելություններ, որոնք պետք է իրականացնեն:

- Նկատի ունեմ՝ փաստաբաններն ավելի շատ եկամուտ ունեն: Ինչո՞ւ եք ծայրահեղացնում ամեն ինչ:

- Հա, փաստաբաններն ավելի շատ փող ունեն, ի՞նչ անենք…. Բիզնեսմեններն էլ փաստաբաններից շատ եկամուտ ունեն, բանկիրները՝ ավելի շատ, հետո ի՞նչ: Եթե մենք այս տրամաբանությամբ գնանք, ոչ մի տեղ չենք հասնի:

- Իսկ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու առաջարկն ումի՞ց էիք ստացել:

- Նորից Ձեր թերթի քաղաքականությանը հավատարիմ հարց եք տալիս: Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկն ինձ առաջարկ է արել: Ես բաց աղբյուրներից եմ տեսել, որ կա նման հնարավորություն, եւ դիմել եմ:

- Ձեզ դատավոր ընտրելն է՞լ էր նույնքան պատահական….

- Ով այդ հայտարարությունը տեսել է, օգտվել է: Ինչի՝ մնացած բոլոր դիմողներին առաջա՞րկ էին արել: Ոչ մի բան աշխարհում պատահական չի լինում: Բնականաբար, թեկնածուները, որոնք իրենց թեկնածությունն են առաջադրում, որոշակի շանսեր գնահատում են: Լինում են դեպքեր, երբ շանսերն արդարանում են, դեպքեր էլ լինում են, որ չեն արդարանում: Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում էլ էի առաջադրվել, բայց, փաստորեն, այնտեղ իմ շանսերը չարդարացան։ Այնպես որ՝ միստիկա չկա այդտեղ:

- Վարչապետի հետ չե՞ք քննարկել վճռաբեկ դատարանում առկա խնդիրները:

- Բայց ինչի՞ պետք է վարչապետի հետ նման քննարկում ունենայի ես: Ինչի՞ց եք ենթադրում:

- Ձեր անձնական շփումներից:

- Իսկ ի՞նչ գիտեք, որ ես անձնական շփումներ ունեմ: Եկեք այսքանով սահմանափակվենք:

ՀԳ․ Նյութական անշահախնդիր գործունեության, դատավորի առաքելության մասին բարձրագոչ հայտարարություններ անող փաստաբան Գեւորգ Գյոզալյանին տարիներ առաջ «Հրապարակն» առաջարկեց իր դեմ ներկայացված հայցերից մեկով պատասխանողի՝ «Հրապարակի» ներկայացուցիչը լինել դատարանում։ 15 տարի շարունակ տարբեր՝ մոտ մեկ տասնյակ փաստաբաններ մեզ ներկայացրել են դատարաններում, սակայն Գյոզալյանը միակն է, որ հրաժարվեց անվճար իրականացնել այդ գործառույթը՝ ասելով, որ հայցի պատասխանը կգրի անվճար, բայց հաջորդ բոլոր քայլերի համար պետք է վճարենք իր ծառայությունների դիմաց։ Մինչդեռ մեզ աջակցող փաստաբանները, որպես կանոն, հրաժարվում են վարձատրությունից՝ համարելով, որ սա իրենց օգնությունն է ազատ խոսքին, եւ անշահախնդրորեն իրականացնում են այդ առաքելությունը։