Էրդողանը փորձում է չեզոքացնե՞լ «հայկական հարցը»

Էրդողանը փորձում է չեզոքացնե՞լ «հայկական հարցը»

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները պաշտոնապես անոնսավորել են նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում հանդիպումը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատում ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությունից հետո Էրդողանն սպառնացել էր, թե չեղյալ կհայտարարի ամերիկյան այցը եւ կարող է «ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ»: Ի՞նչ զարգացումներ եւ փակ քննարկումներ են հաջորդել դրան, որ կողմերը եկել են համաձայնության՝ դժվար է գուշակել: Ըստ երեւույթին, Էրդողանը բավական սթափ է գնահատել իրավիճակը եւ Վաշինգտոն ուղեւորվելու որոշում կայացնելիս առաջնորդվել այն հեռանկարով, որ Թրամփի հետ բանակցություններում կարող է համոզել, որ Սպիտակ տունը չաջակցի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին եւ կասեցվի համանման փաստաթղթի քվեարկությունը Սենատում: Ի՞նչ պայմաններով ԱՄՆ-ը կընդառաջի Թուրքիայի այդ խնդրանքին: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ հանդիպման համաձայնության կողմերը եկել են հեռախոսազրույցից հետո, որն ԱՄՆ-ի նախագահը գնահատել է «շատ լավ»:

Որքանով հասկացվում է սուղ տեղեկատվությունից, Թրամփն Էրդողանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները Սիրիայի քրդերի հետ: Եւ եթե Էրդողանը որոշել է ուղեւորվել Վաշինգտոն, ապա կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ ընդունել է Միացյալ Նահանգների նախագահի առաջարկությունը: Եթե դա իրոք այդպես է, ապա սիրիական կարգավորման հարցում կարող է իրավիճակ փոխվել: Ավելի վաղ Թրամփն Էրդողանին առաջարկել էր հանդիպել Սիրիայի քրդերի զինված ուժերի հրամանատար գեներալ Մազլումի հետ: Թուրքիայի նախագահը հակադարձել էր, թե «ահաբեկիչների հետ չեն բանակցում»: Չնայած գործադրած ահռելի ջանքերին, Էրդողանին այդպես էլ չի հաջողվել Սիրիայի քրդական ուժերին միջազգայնորեն դատապարտել որպես «ահաբեկչական»: Սիրիայի քրդական շարժման առաջնորդներին ընդունում են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Փարիզում: Եւ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան գործի կդնեն անհրաժեշտ լծակներ, որպեսզի ապագա Սիրիայի պետական կառուցվածքում քրդերն ունենան ինքնավարություն: Երեւում է, այդ հարցում Թուրքիա-Ռուսաստան-Իրան կոնսոլիդացիան բավարար ռեսուրս չէ, որպեսզի կանխվի Սիրիայում քրդական ինքնավարության հաստատման արեւմտյան նախագծի գործնականացումը: Այս իրավիճակում, կարծես, Էրդողանը փորձում է հնարավորն ստանալ՝ երաշխիքներ, որ ԱՄՆ-ը ցեղասպանության ճանաչմամբ չի ակտուալացնի «հայկական հարցը» եւ որ քրդական ինքնավարությունը չի ընդգրկի նաեւ Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ տարածքները: Կտա՞ Վաշինգտոնը Թուրքիային նման երաշխիքներ: Ռուսական մամուլում տեսակետ է շրջանառվել, որ երկրի ամբողջականությունը պահպանելու համար Էրդողանն այլ տարբերակ չունի, քան վերականգնել երկխոսությունը քրդերի հետ: Սա Ռուսաստանի՝ Թուրքիային արված պաշտոնական առաջարկության փորձագիտական փաթեթավորու՞մ է:

Ակնհայտ է դառնում, որ նոր-օսմանականության հայեցակարգը, որ արտաքին քաղաքականության հիմքում դրել էր Էրդողանը, Թուրքիային դրական ոչինչ տալ չի կարող: Անկարան խճճվել է մերձավորարեւելյան խնդիրների բավիղներում եւ չի կարողանում կողմնորոշվել: Մանավանդ՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան մտադրությունների հարցում: Թրամփի հետ հանդիպումը հազիվ թե պարզություն մտցնի: Միացյալ Նահանգները Թուրքիայի առջեւ բոլոր խաղաքարտերը չի բացի: Էրդողանը տպավորություն ունի, որ միջազգային հարաբերություններում հառնում է Սեւրի պայմանագրի ուրվականը: Կա՞ Թուրքիան նույնպես մասնատելու արեւմտյան նախագիծ: Որքանով հասկացվում է՝ Էրդողանը հարցի ոչ դրական, ոչ բացասական պատասխանը չունի: Կա, սակայն, վերահաս վտանգի սուր զգացողություն եւ ընկալում, որ այն չեզոքացնելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը բավարար ռեսուրս չէ: Մնում է հնարավորը կորզելու հրամայականը, որի պարտադրանքով Էրդողանը Վաշինգտոն է ուղեւորվում: Ի՞նչ կստացվի արդյունքում՝ ցույց կտան առաջիկա մի քանի ամիսների ռուս-թուրքական, թուրք-ամերիկան, թուրք-իրանական եւ, առանձանպես, ռուս-ամերիկյան շփումները: