Մշակույթ և քաղաքականություն՝ հեռուստասերիալ լյումպենի համար

Մշակույթ և քաղաքականություն՝ հեռուստասերիալ լյումպենի համար

Ճաշակին ընկեր չկա՝ սահմանում է ժողովրդական իմաստությունը: Ընկերներ չունեն նաեւ բարձր արվեստն ու անճաշակությունը միաժամանակ: Նոյեմբերի 2-ին Երեւանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի շրջակայքում «ՀուԶանք ու Զանգ» ցուցադրված-տապալված ներկայացումը ընկերներ, երկրպագուներ չհասցրեց ձեռք բերել անճաշակության իր փառահեղ դրսեւորման պատճառով նաեւ: Այդ բեմադրության ցուցադրման իրավունքը պաշտպանողների մի մասը սկսեց թվարկել արվեստի բարձր գործերը, որոնք ժամանակին մերժվել են, ապա՝ ճանաչում ստացել, մյուս մասն էլ այն համարեց «փողոցային արվեստի» դրսեւորում՝ փորձելով ներկայացումն ազատել գեղարվեստական չափանիշներով քննարկելու պահանջից: Թեպետ հենց փողոցում երգելով եւ հասարակաց տներում մեծանալուց հետո է համաշխարհային բեմերը նվաճել մեծ ֆրանսուհին՝ Էդիթ Պիաֆը: Մինչդեռ «ՀուԶանք ու Զանգը» չհասցրեց «նվաճել» անգամ մետրոյի կայարանի շատրվանների տարածքը: Այդ բեմադրությունը, դրա շուրջ ծավալվող իրադարձությունները բացահայտում են ոչ միայն մարտնչող անճաշակության ու գռեհկության հաստատման ձգտումները Նոր Հայաստանում, այլեւ հայկական թավշյա հեղափոխության այլ վտանգավոր դրսեւորումներն ու միտումները:

Արվեստը հիմնականում ծաղկում է ազատ հասարակություններում, ժողովրդավարական համակարգերում: Համակարգային անցումային երկարատեւ շրջանում գտնվող հետխորհրդային Հայաստանում արվեստը ոչ միայն ծաղկում չապրեց, այլեւ իջավ ցածրաճաշակ հեռուստասերիալային մակարդակի, որը ոչ միայն արվեստի հետ կապ չուներ, այլեւ եկել էր նախ ոչնչացնելու արվեստի մասին հասարակության պատկերացումները, ապա եւ՝ հենց հասարակությանը: Վերջին 15-20 տարիների ընթացքում նոր սերունդը դաստիարակվեց-մեծացավ հեռուստատեսային երգուպարի եւ սերիալային անճաշակության եւ գռեհկաբանության մեջ: Այդ տարիների ընթացքում մտավորականության մի հատվածի բողոքն ընդդեմ հայկական հեռուստասերիալների, մնաց անարձագանք: Սակայն եթե արվեստում մեծ բացակայությունը կարող է գալ եւ լցնել մի տաղանդավոր կամ հանճարեղ անհատ արվեստագետ, ապա քաղաքականության սերիալացման ահռելի բացը երկար ժամանակի կտրվածքով դժվար է փակել: Եվ պատահական չէ, որ սերիալային դերասաններն ու հերոսները մտան նաեւ քաղաքականություն եւ կառավարման ոլորտ: Ուշագրավը եւ ցավալին այն է, որ անգամ ղարաբաղյան հզոր Շարժում տեսած, մի քանի տարի տարածաշրջանում «ժողովրդավարության կղզյակ» համարվող Հայաստանում արվեստի եւ ոչ մի իրական արժեք չստեղծվեց: Ստացվում է այնպես, որ հայ ժողովրդի ստեղծարար, արարչագործ տաղանդը մարում է ազատության ժամանակներում, եւ ազատությանը գալիս են փոխարինելու կա՛մ դատարկությունը, կա՛մ ցինիզմն ու գռեհկությունը: Հայաստանում ինչպես հնարավոր չեղավ բռնապետություն հաստատել, այնպես էլ անհնար դարձավ ժողովրդավարություն հաստատել եւ ազատ, առաջադեմ հասարակություն ձեւավորել: Ազատության հայկական ընկալումները խորապես աղավաղված էին: 

Ինքնակալական համակարգերում եւ ժամանակներում արվեստը միշտ ծառայում է իշխող վերնախավին՝ միապետից մինչեւ կոմկուսի 1-ին քարտուղար: Թեպետ դա չի խանգարել, որ այդ ժամանակների արվեստագետները մեծ եւ անանց արժեքներ տան մարդկությանը՝ համալրելով մշակութային ժառանգության համաշխարհային գանձարանը: Մանավանդ որ, կառավարիչներից շատերը նաեւ բարձր ճաշակ են ունեցել:

Ապրիլյան հեղափոխության ընթացքում պարզ դարձավ, որ սերիալային քաղաքականությունը շարունակվելու է նաեւ հեղափոխության հաղթանակից հետո: Մանավանդ որ, հեղափոխական հարթակից ելույթի հնարավորություն ունեին Նիկոլը, նրա քայլարշավի ուղեկիցները եւ հեռուստասերիալային դերասանները: Հեղափոխության առաջնորդը գտել էր հեղափոխության շուրջ հանրությանը ներգրավելու ամենակարճ եւ վտանգավոր ուղին՝ հանրության սիրեցյալ սերիալային դերասաններին, որոնցից մի քանիսը մտան քաղաքականություն, իսկ նրանցից մեկը հեղափոխության հարթակից արտաբերեց «Նիկոլ՝ վարչապետ» կախարդական բառերը: Նիկոլը գտավ անճաշակությամբ հանրությանը միավորելու ճանապարհը, թեպետ հեղափոխության հակառակ կողմում նույնքան անճաշակ հեռացող կառավարիչն էր: Սերիալային անճաշակությունն աղմկոտ էր, ինչպես հայկական հեղափոխությունը: 

Ահա այդպես, հանրության համար աննկատ, սերիալային քաղաքականությունը դարձավ իշխանություն, թեպետ հանուն ճշմարտության պետք է ասել, որ այն միշտ է եղել իշխանություն Հայաստանում: Այժմ եկել է ժամանակը, եւ այդ սերիալներով մեծացած սերունդն ինքնադրսեւորման է ձգտում նաեւ «ՀուԶանք ու Զանգը»-ի միջոցով: Նոր սերունդը համոզված է, որ եկել է իր ժամանակը՝ ագրեսիվ, կաղապարների հետ բարձր արժեքներ եւ սկզբունքներ ջարդողների ժամանակը: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ավտորիտարիզմից եւ կոռումպացված համակարգից ազատված սերունդը, որին մենք գորովանքով եւ հպարտությամբ անվանում ենք «անկախության սերունդ», չազատագրվեց ամենակարեւորից՝ հասարակական, քաղաքական, մշակութային անճաշակությունից: Երիտասարդներին գուցե եւ պետք չէ շատ խիստ դատել, սակայն նրանց պետք է նաեւ դաստիարակել եւ դաստիարակել անձնական օրինակներով: 

Ի՞նչ օրինակ էր տալիս հեղափոխության առաջնորդը երիտասարդությանը, որը հեղափոխության սոցիալական հենարանը դարձավ: Գաղափարազրկության, քաղաքական անսկզբունքայնության, նեղ աշխարհայացքով հաղթանակի հասնելու մոլորյալ դասեր: Հետհեղափոխական Հայաստանում նաեւ՝ «օջախի եւ ընտանիքի» մասին սեփական դարակազմիկ մտքերը պետբյուջեի հաշվին հանրայնացնելու, ինքնամեծարման դասեր: Մինչ հեղափոխության վարչապետը նրանց այդ դասերն էր տալիս, նոր սերունդը տեսնում էր, որ հեղափոխությունը չի փոխել իշխանության բնույթը, որ այն մնում է վայելքի եւ արտոնությունների աղբյուր, իսկ անարդարությունը շարունակում էր խորանալ: Հայկական հեղափոխության գաղափարազրկությունը սկսեց լցվել նոր անճաշակությամբ, մերժելի բարքերով եւ արժեքներով: Հին, արատավոր քաղաքական համակարգին սկսեց հակադրվել նոր հակահամակարգայնությունը թե՛ պետական շինարարության, թե՛ քաղաքականության մեջ: 
Սեփական մտքերով արբեցած վարչապետը սկսեց իր պատկերացումների համաձայն իրականացնել պետական կառավարումը եւ ուղղորդել հանրային ընկալումները: Սեփական ճաշակով հեռուստաեթեր եւ համերգասրահներ լցնելը, պետական պարգեւներ տալը Նիկոլ Փաշինյանը ժառանգել է նախկիններից: Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ էր հանձնում լյումպենի սիրեցյալ երգիչներին, համերգասրահները լցվում էին Արմենչիկով, Թաթայով, ռեստորանները՝ Սպիտակցի Հայկոյով: Վազգեն Սարգսյանը սիրում էր Արամ Ասատրյանին, եւ հայկական բեմերը լցվում էին նրանով: Ռաբիսությունը, գավառականությունը, անճաշակությունն այդպես էլ չիջան համերգային եւ քաղաքական հայկական բեմերից:

Հայաստանում չեն փոխվել ոչ միայն քաղաքական ճաշակը, այլեւ հասարակական արժեքներն ու բարքերը: Եվ այժմ ԿԳՄՍ սուպերնախարարությունը 2 մլն 700 հազ. դրամ պետական դրամաշնորհ է հանձնել «ՀուԶանք ու Զանգ»-ին: Ոչ այն պատճառով, որ նախարարը շատ է հուզվել ներկայացումը դիտելիս, նա մինչեւ անգամ չի էլ տեսել, այլ պարզապես որոշել է չգրաքննել մշակույթը: Թեպետ չգրաքննելու հաջորդ օղակը պետական ֆինանսավորումը չէ: 
Հեղափոխությունից կարճ ժամանակ անց պարզվեց, որ այն մերժում էր ոչ միայն նախկիններին, այլեւ այլախոհներին: Նոր Հայաստանը բաժանվեց ոչ միայն «սեւերի ու սպիտակների», այլեւ յուրայինների եւ թշնամիների: Պետական ֆինանսական հատկացումները շարունակեցին բաժին հասնել յուրայիններին: Նախկինների եւ ներկաների միջեւ սահմանային կարմիր գիծը սկսեց արագորեն ջնջվել: 

Դրամաշնորհները եւ դրամաշնորհ ստացողները նույն հատկություններն ունեն, որպես կանոն, դրամաշնորհները՝ օտարերկրյա թե տեղական-պետական, հատկացվում են ոչ մի բանի համար, հատկացվում են յուրայիններին, եւ ստացողները՝ երկարամյա սովորությամբ, դրամաշնորհներ են ստանում-հատկացնում-ծախսում նույն խմբի ներսում: 

Հայաստանում մշակույթի եւ քաղաքականության հեռուստասերիալացումը շարունակվում է: Քաղաքականության լյումպենացման եւ մշակույթի գռեհկացման հին հայկական հեռուստասերիալն այդպես էլ չի ավարտվում: Պարզապես դերասաններն են փոխվել թե՛ արվեստի, թե՛ քաղաքական բեմերում: