Կարինե Մանասյան․ Մետաքսի ճանապարհին

Կարինե Մանասյան․ Մետաքսի ճանապարհին

***
ես քեզ գտել եմ
Մետաքսի ճանապարհին,
որտեղ խաչվում են
Արեւելյան սիրտս
ու Միջերկրական աչքերը քո։

քո առաջին քարավանը
հաստատվեց սրտումս,
ու ինձ խնդրեցիր,
որ սովորեցնեմ ամենակարեւորը
ու ոչինչ ավելին
եւ ես սկսեցի ամենասկզբից.

քեզ պատմեցի թրի
ու վահանի մասին
ու ասացի,
որ ամենագեղեցիկ պայթյունը լսվում է
համբույրի ժամանակ։
ես պատմեցի նոր գարունների
ու անցած աշունների մասին,
որոնք միշտ մեռնում են
սպիտակի տակ։
քեզ ցույց տվեցի
աշխարհի բոլոր գույները
ու ասացի,
որ ամենագեղեցիկները անուններ չունեն։
ասացի,
որ հեքիաթները սկսվում են
«լինում է, չի լինում»-ով,
որովհետեւ ոչ մի հեքիաթ իրականում չի լինում,
բայց պնդեցի,
որ հավատաս սեփական հեքիաթիդ,
որտեղ բարին
հաղթում է սեփական վախին։
քեզ ասացի,
որ եթե չընկնես,
ձեռքս չես բռնի
ու չես կանգնի կողքիս
ու չես տեսնի աշխարհն իմ 
բարձրությունից…

հետո տեսա,
որ երազը
կամաց-կանաց թակում է աչքերիդ դուռը,
ու ես ուրախացա,
որովհետեւ երազում
դու կտեսնես ավելին
ու էդպես էլ չես լսի ամենակարեւորը…

***
աշխարհի ամենահին սրճարանում
սկուտեղի վրա մատուցում են մեզ.
թեյի մեջ ավելացնելով ինձ
ու կողքին դնելով քեզ՝
որպես համապատասխանող 
թխվածքաբլիթ:
այս ծերացած սրճարանն արդեն վաղուց հաճախորդներ չունի,
որովհետեւ ժամանակն առաջ է շարժվում,
իսկ մենք դեռ սիրում ենք իրար:
մեր սիրուց խոնավության հոտ է գալիս,
ու այս պատերը,
որոնք ճաքել են՝
նկարելով քարտեզը մեր քայլերի,
արդեն վաղուց քանդել է պետք:
կիսաքանդված խոհանոցում՝
սառնարանի մեջ
փորձում են ժամկետի մեջ մնալ
հայացքները մեր,
ու սրճեփից
արդեն թափվում է սերը:
հարյուրամյա սրճարանում
թափառում են ժամանակակից 
խոսակցություններ
հիշողությունների,
երազների
ու հույսերի մասին:
աշխարհի ամենահին սրճարանի
միակ սեղանի շուրջ
նստած ենք ես
ու դու
ու դժգոհում,
որ ժամանակն առաջ է շարժվում,
իսկ դու սպասում ես,
որ սառչի թեյը,
իսկ ես դեռ թխվածքաբլիթ եմ պատվիրում:
 
***
եղանակ,
որի առաջ պարտված է տրամադրությունդ,
հնազանդ է հոգիդ
ու տեր է մարմինդ,
տեր է չմրսելու,
սիրտդ տաք պահելու համար։
սա եղանակ է,
որի առաջ ծնկում են ցանկությունները
ու թաքնվում սիրելի բառերը,
ու հոգիդ դուրս է գալիս
արտաշնչելուցդ
ու շնչում ես հոգին ուրիշի
ու արտաշնչում,
շնչում,
արտաշնչում։
սա եղանակ է
շնչելուդ մեջ զուսպ լինելու
ու անտարբեր հայացքով դիմացդ նայելու,
որ ոտքդ ճիշտ տեղում դնես
ու ուրիշի հոգին չտրորես։
սա եղանակ է
սառը ձեռքերով գրկելու
ու սառած հոգին տաքացնելու…

***
ամենօրյա բարություն
ու էն անթերի չարը,
որ պատկերում են հանճարները…

արի պատկերացնենք,
որ մենք ստեղծվել ենք չարից,
մենք կանք՝ որպես սեւագրություն՝
ինչ-որ մեկի կյանքը մաքրագրելու,
փոշին վերցնելու համար։

արի պատկերացնենք,
որ դու
սարսափ ֆիլմերի
այն առեղծվածային դուռն ես,
որի մեջ
շատ հիշելու
ու մոռանալու կարիք ունեցող բաներ կան։
արի պատկերացնենք,
որ ես ունեմ բանալին քո՝
երբեք բացելու խոսք տված հիմնավոր պայմանով
ու թեկուզ թաքուն
չեմ գա
ու չեմ մաքրի սենյակիդ սարդոստայնները,
որոնք ոչնչով չեն տարբերվում
մեր մաշկի հյուսվածքներից։
չեմ գա,
որովհետեւ էդ անկյուններում
ես ավելի շատ եմ,
քան ներքեւում,
ես անկյուններում եմ՝ սուր,
ես անկյուններում եմ՝ մութ,
ես անկյուններում եմ՝
մարդկանց ձեռքերը երբեք չհասնող…
ես չեմ մտնի ներս,
որովհետեւ պատուհանագոգիդ դրված կարկանդակները
կարմիր գլխարկինն են
ու հոտը սուր է այն անկյուններից,
որտեղ ես եմ։
դրանք ուտել չի կարելի,
որովհետեւ հին են
ու վրան փոշի է,
վրան ես եմ
ու հակացուցված եմ
մարդկային համին.
դարակում դրված դեղն եմ
ու օգնում եմ գլխացավին։
ես սարսափ ֆիլմերի փոքրիկ աղջիկն եմ՝
բաց աչքերով,
խարտյաշ մազերով,
ով ամեն ինչ գիտի
ու խոսել չգիտի
ու բացատրել չի կարողանում,
որ վախենում է
ու չի սիրում սարսափ ֆիլմեր։

արի պատկերացնենք,
որ մեզ ստեղծել են բարիները,
արի ուղղակի պատկերացնենք…
 
***
ամենագեղեցիկ ձեւով կործանիր աշխարհը
ու դարձիր առաջին վերջն աշխարհի
եւ սկսվիր ամեն հաջորդ օր
յուրաքանչյուր չարթնացողի աչքերում:
դարձիր նոր տիեզերաստեղծ պայթյուն
ու թույլ տուր լինել արեւը քո
ու վառվել սեփական ջերմությունից:
արի
ինչպես սպասված այլմոլորակայինը
ու դարձիր առաջին ընկերը բնության
կամ ընկիր երկնաքարի պես,
կատարվիր ինչպես դեռ չլսված 
տարերային աղետ:
ոչնչացրու ամեն ինչ
ու տիեզերքում թող միայն ինձ ու քեզ,
որտեղ ես – միշտ կսիրեմ քեզ,
իսկ դու – կլինես աստղերի հեռավորության վրա:
 
հնարավոր ամենագեղեցիկ ձեւով 
կործանիր աշխարհը
ու դարձիր վերջին հույսը՝
դինոզավրերի:

«էտալոն»

ընկերության էտալոն,
որտեղ վաճառվում են
ժամկետանց հիշողություններ,
որտեղ պահանջվում են
վաճառողուհիներ՝
անբարետես արտաքինով,
ովքեր կկարողանան գովազդել ապրանքը
ընկերության բոլոր լեզուներով:
ամեն քայլափոխին կան աղբամաններ՝
միայն դիմակների համար,
ու զեղչված հումորներ՝
հավատարիմ հաճախորդների համար:
այստեղ երաժշտությունը
երբեք չի համապատասխանում եղանակին
ու անկախ եղանակից
խանութը բաց է միայն գիշերը՝
ուրվականների,
արբածների
ու դրամապանակը տանը մոռացածների համար:
այստեղ ամենավերջում
մաղթում են միայն սեր՝
վստահ լինելով դրա չգոյության մեջ:
սա ընկերություն է,
որտեղ ՀԴՄ կտրոնը
տպում են պարտադիր՝
հույս ունենալով,
որ գոնե միայն կարդացվելուց հետո
կհայտնվեն աղբամանում:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ