Ալիեւը Հայաստանից գրաված տարածքներից ոչ մի թիզ հետ չի տալու

Ալիեւը Հայաստանից գրաված տարածքներից ոչ մի թիզ հետ չի տալու

Թե 44-օրյա պատերազմից մինչ այսօր Ալիեւն ինչքան նոր հող ու դիրքեր է գրավել Արցախից ու սուվերեն Հայաստանից, որքան նոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ ունեցանք, բոլորին է հայտնի: Սակայն Հայաստանի իշխանությունները ձեւացնում են, թե իբր ամեն ինչ ընթանում է նորմալ, եւ իրենց համեստ պահվածքը բավական է, որ Ադրբեջանն ազդվի եւ «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո դրանք ետ վերադարձնի Հայաստանին: Մարդկային ուղեղն ինչպե՞ս կարող է ընկալել երկու նման հակադիր իրողությունների միաժամանակյա գոյությունը, որ երկու երկիր պայմանավորվում են «խաղաղության դարաշրջան» հաստատելու մասին, բայց զուգահեռաբար կողմերից մեկը պարբերաբար հարձակվում է մյուսի վրա, գրավում նոր տարածքներ՝ իր բոլոր հետեւանքներով, եւ անընդհատ հաթաթա է տալիս, որ եթե չկատարես իմ բոլոր քմահաճույքները, կոչնչացնեմ քեզ: Այ, երբ կատարես իմ բոլոր պահանջները, այն ժամանակ էլ կկնքենք «խաղաղության պայմանագիրը»: Հակառակ դեպքում քեզ կոչնչացնեմ: 

Թշնամին մեզ պարզորոշ զգուշացնում է, որ չհամաձայնելու դեպքում կսկսի նոր լայնածավալ պատերազմ, եւ այն, ինչը չի հաջողվում անել «խաղաղ ճանապարհով», կանի պատերազմի միջոցով: Իսկ մենք, որ 44-օրյա պատերազմի հետեւանքները զգացել ենք մեր մաշկի վրա եւ համոզվել, որ այս իշխանությունն ունակ չէ ո՛չ երկիրը զինելու, ո՛չ պատերազմ վարելու, ո՛չ դիվանագիտական խողովակներն աշխատեցնելու, ո՛չ դաշնակիցների միջոցով իր հարցերը լուծելու, սարսափում ենք այս հեռանկարից: Տեսնում ենք, որ փոխանակ պատերազմից անմիջապես հետո սկսեին մեծ թափով պատրաստվել այդ սցենարին, մատը մատին չեն խփել: Հակառակը` վախը սրտում, նրանց ամեն հոխորտանքից հետո միայն բարձրաձայնում են, որ Հայաստանը երբեք ետ չի կանգնելու խաղաղություն հաստատելու ճանապարհից, եւ ինչ էլ որ լինի, գնալու է այդ ճանապարհով, թեկուզ Ադրբեջանը գրավի Հայաստանի կեսից ավելին: 

Նման կեցվածքը լոկ մի բան է նշանակում. Հայաստանը լրիվ կորցրել է սուվերեն երկիր լինելու կամքը եւ հերթական քայլերն է կատարում` ենթարկվելով Ադրբեջանին: Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում ստացվել է այնպես, որ Հայաստանը մնացել է մենմենակ թշնամու առաջ եւ միայնակ էլ պատասխան է տալու իր ամեն քայլի համար: 

Իհարկե, ամեն հարց ունի իր լուծման օպտիմալ ժամանակահատվածը` ուշանալը հաճախ մահ է կամ բազում նոր պրոբլեմներ առաջացնելու հիմք, որոնց պարագայում դրանց լուծումը կարող է դառնալ անհավանական: Քանի որ 44-օրյա պատերազմից մինչ այսօր Հայաստանի կողմից որեւէ նախապատրաստական լուրջ քայլ չիրականացվեց, այլ իշխանությունն անում է լոկ իրավիճակից բխող ընթացիկ քայլեր, Հայաստանը, բնականաբար, պետք է հայտնվեր հենց այս վիճակում: Իր իսկ գործած սխալների հետեւանքով խիստ նվազեցներ նախաձեռնողական քայլեր անելու հնարավորությունը եւ հայտնվեր նոկդաունային իրավիճակում, երբ այլեւս անհնարին է նախաձեռնողականություն ցուցաբերել: Փակ շրջան` երբ քո քայլերը կամաց նվազեցնում են նոր քայլեր անելու հավանականությունը, եւ հայտնվում ես ցուգցվանգի վիճակում, պատային անելանելիության մեջ: Եվ քեզ մնում է միայն փոքրիկ ընթացիկ քայլերով գնալ իրավիճակի հետեւից` փորձելով փրկել այն, ինչ դեռ մնացել է: Ահա, այսօր այսպիսի վիճակում է հայտնվել Հայաստանը եւ չի էլ փորձում կտրուկ քայլերով փոխել այս իրավիճակը կամ դուրս պրծնել փակուղուց: 

Այժմ պատերազմի սկսման ռեալ վտանգը դամոկլյան սրի նման ամեն վայրկյան կախված է Հայաստանի գլխին: Եվ իշխանությունը փոխանակ լուրջ ռազմավարություն ու մարտավարություն մշակի, փորձի հանուն փրկության մոբիլիզացնել բոլոր ուժերը, կռացած սպասում է թշնամու հրահանգներին եւ անկախ դրանց բովանդակությունից` պատրաստ է ենթարկվել ամեն ինչի, ամենից ստորացուցիչ պահանջներին, ամենահակահայկական որոշումները կայացնել եւ տալ այն ամենը, ինչն ուզում է թշնամին... Փաստորեն` երկիրը պատրաստ է տալ, իսկ իշխանությունը` ոչ:
Մի սպասեք, որ «հրաշք» կլինի, եւ հարցը կհանգի միայն Արցախը զոհելուն, սահմանագծման ու սահմանազատման արդյունքում մեզ մնալու է լոկ այն, ինչ Ալիեւը կորոշի, իսկ Հայաստանից արդեն գրավված տարածքներից Ալիեւը ոչ մի թիզ հետ չի տալու։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ