Ռուսաստանի պարտությունը հանգեցնելու է Հայաստանի արագ թուրքացման

Ռուսաստանի պարտությունը հանգեցնելու է Հայաստանի արագ թուրքացման

Ռուս-ուկրաինական պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք որեւէ մեկի դաշնակիցը չենք. CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է Հայաստանի փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հետո նրան երկրորդում է իր ԱԽՔ-ն` Արմեն Գրիգորյանը, հայտարարելով, որ հրաժարվում են նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, մասնավորապես` ճանապարհների նկատմամբ ռուսական վերահսկողությունից:

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ այլեւս, իսկ կարո՞ղ է Հայաստանն ինչ-որ մեկի դաշնակիցը լինել: Դաշնակից լինելու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես, ուժ եւ կարողություն ունենաս, ինչ-որ մեկն իր նեղության պահին օգնության համար քեզ դիմի, դու էլ օգնես: Փաշինյանի ղեկավարած Հայաստանին ինչի՞ համար դիմեն կամ ո՞ր դեպքում. երկիրը սարքել է ցնցոտիավոր որբ, որն ինքն է բոլորից օգնություն ու պաշտպանություն աղերսում: Կամ՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ապա ո՞ր հարցում է Ռուսաստանի դաշնակիցը: 

Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ինքն ընդգծված արտաքին քաղաքական կողմնորոշում չունի. գնում է ցանկացած տեղ, ուր իրեն կկանչեն. ՌԴ նախագահ Պուտինի հրավերով գնում է Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի օրվա առիթով կազմակերպված ռազմական շքերթին, որը, ըստ էության, հակաարեւմտյան միջոցառում է, ռուսական ռազմական ուժի եւ հաղթանակի կամքի ցուցադրություն: Մայիսի 9-ին նա ռուսամետ է եւ Ռուսաստանի դաշնակից` Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կամ գուցե ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի հրավերով մեկնում է Քիշնեւ՝ մասնակցելու ակնհայտ հակառուսական կոնտեքստ ունեցող Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին, եւ այնտեղ նա թունդ հակառուս է ու արեւմտամետ. համաժողովում հնչում են Ռուսաստանի դեմ միասնական ճակատ կազմելու եւ այդ երկրին պարտության մատնելու կոչեր, ու ինքը համակարծիք է դրանց հետ: Հետո մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը՝ խոնարհ դեմքով կանգնելով թշնամի երկու երկրների ղեկավարների առաջ: Տպավորություն է, որ եթե վաղը Փաշինյանին հրավիրեն մասնակցելու թուրքալեզու պետությունների կազմակերպության կամ Արաբական պետությունների լիգայի համաժողովներին, նա սիրահոժար կմասնակցի: Հայաստանի փաստացի ղեկավարը քաղաքական անսկզբունքայնության բացառիկ վարքագիծ է դրսեւորում: Դաշնակից լինելու համար սկզբունք ու կարծիք պետք է ունենաս, որ թշնամի ու բարեկամ ունենաս: 

Փաշինյանը Չեխիայում տված հարցազրույցում փորձում է արդարանալ, թե ինչու Հայաստանը չի միանում հակառուսական դաշինքին, ինչու չի հայտարարում Ուկրաինային աջակցելու մասին: Փաշինյանն ուզում է հաճոյանալ արեւմտյան հանրությանը՝ ասելով, որ չնայած Հայաստանը ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն ռուս-ուկրաինական պատերազմում չի աջակցում Ռուսաստանին: Հասկացնում է, որ ինքը պատրաստ կլիներ բացահայտ աջակցել Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի, կմիանար հակառուսական դաշինքին, բայց դա չի անում, քանի որ Հայաստանի վիճակը մի քիչ բարդ է, Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, Ռուսաստանը տնտեսական ազդեցության լայն լծակների է տիրապետում, Արեւմուտքում իր հանդեպ պետք է ներողամիտ գտնվեն:

Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանը կռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ նրա դաշնակիցների`ԱՄՆ-ի, ԵՄ-անդամ երկրների եւ էլի մի քանի տասնյակ աջակից երկրների դեմ: Հայաստանի ղեկավարն ասում է, որ թեեւ երկիրն իրավական առումով Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն իր դաշնակցային պարտավորությունը չի կատարում Ռուսաստանի նկատմամբ: Թվում է` Փաշինյանը դրա լիակատար արդարացումն ունի. նույն Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն էլ Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային պարտականությունները չկատարեցին 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, երբ Ադրբեջանը գրավում էր Հայաստանի տարածքները: Հայաստանը դիմեց Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, սակայն պատշաճ աջակցություն չստացավ: Ըստ փաշինյանական տրամաբանության` եթե հայ-ադրբեջանական պատերազմում Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը լինի: 

Թվում է` ամեն ինչ շատ ճիշտ է: Բայց Հայաստանի իշխանությունը չի ասում, որ 44-օրյա պատերազմը, ի վերջո, կանգնեցվեց Ռուսաստանի շնորհիվ, եւ եթե Հայաստանի իշխանությունը մի փոքր ադեկվատ լիներ, գուցե պատերազմը լիներ 20-օրյա կամ ավելի քիչ: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ադրբեջանական բանակը ուր որ է մտնելու էր Ստեփանակերտ, քաղաքը դատարկված էր, ու եթե ադրբեջանցիները Ստեփանակերտն էլ գրավեին, հիմա Արցախ չէր լինելու, ու չէր լինելու արցախցի, լինելու էին նախկին արցախցիներ: Ռուսական բանակը կանգնեց հայերի ու ադրբեջանցիների միջեւ, որը հնարավորություն տվեց արցախցիներին Հայաստանից վերադառնալ Արցախ ու ապրել հայկական կյանքով: Ռուսական բանակը կանգնած է նաեւ Սյունիքում ու փաստացի երաշխավորում է, որ Ադրբեջանը չի գրավի Սյունիքը` կապվելով Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Ինչ է` Ալիեւը Նիկոլ Փաշինյանի՞ց, թե՞ Սուրեն Պապիկյանից է վախենում, որ պատերազմ չի սկսում իր երազած Զանգեզուրի միջանցքը բացելու համար, թե՞ Ադրբեջանի արեւմտյան դաշնակիցները պետք է խոչընդոտեն այդ ծրագրի իրականացմանը:

Կարող են ասել, որ Ռուսաստանը դա անում է ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի սիրուն աչքերի համար, այլ սեփական շահերից ելնելով, որ Արցախում զորք պահելով՝ ազդեցություն ունենա Ադրբեջանի վրա, իսկ Սյունիքը պաշտպանում է, որ իր ցամաքային կապն Իրանի հետ չկտրվի, ու Թուրքիան էլ ցամաքային ճանապարհ չստանա դեպի Ադրբեջան ու Կասպից ծով, այնտեղից էլ՝ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներ: Իհարկե, Ռուսաստանն իր շահերից ելնելով է զորք պահում Հայաստանում, բայց դա համընկնում է Հայաստանի շահերի հետ: Իհարկե, Հայաստանի շահ ասվածն էլ հարաբերական է. հնարավոր է, չէ՞, որ մեկն այդ շահը համարում է թուրքական տիրապետության տակ կուշտ ու ապահով ապրելը, ինչին ռուսական ներկայությունը խիստ խանգարում է:

Փաշինյանն ասում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Սա նշանակում է, որ նա ոչ միայն Ռուսաստանին որեւէ օժանդակություն չի տրամադրում, այլեւ չի ցանկանում, որ պատերազմում Ռուսաստանը հաղթի: Սա եւս օրինաչափ է: Ռուսաստանի հաղթանակը չի բխում ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի եւ նրա իշխանության շահերից, Փաշինյանը վաղուց արտահայտում է ոչ թե Հայաստանի, այլ իր անձի ու իշխանության եկած խմբի շահերը: Ռուսաստանի հաղթանակն իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանում եւ ոչ ի նպաստ Փաշինյանի ու նրա իշխանության: 

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, որովհետեւ Ռուսաստանի հաղթանակը գուցե հնարավորություն տա՝ կանգնեցնելու Հայաստանի թուրքացման ընթացքը:

Ավետիս Բաբաջանյան