Հաղթողի դիրքերից Ալիեւները զվարճանում էին Փաշինյանի վրա
Հարցազրույց քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ
- Երկրում առանցքային թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցն է: Իշխանականներն ասում են, որ այցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առանցքային, բացառիկ դեր ունի: Այդպե՞ս է:
- Չի կարելի ասել, թե դա դիվանագիտական հաջողություն է: Այսպես ասած` Թուրքիան ուզել է, նա էլ գնացել է: Չի կարելի ասել՝ Հայաստանն այնպիսի դիվանագիտություն է վարում, որ Թուրքիան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ, սա Թուրքիայի կողմից արված ժեստ է, որը պայմանավորված է Հայաստանի այսօրվա ղեկավարի եւ նրա վարած զիջողական քաղաքականությամբ: Թուրքիան նման իշխանության մասին պարզապես կերազեր: Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը չի հակասում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների իղձերին եւ նպատակներին: Թուրքիան Հայաստանի առաջ մշտապես նախապայմաններ է դրել՝ հարաբերությունների կարգավորման համար: Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց զատ, Թուրքիան Հայաստանի առաջ Արցախից հրաժարվելու պահանջ է դրել: Այժմ Թուրքիայի բոլոր պահանջներն իրագործվում են, պարբերաբար պարտվողական հայտարարություններ են Հայաստանից հնչում, ուստի Թուրքիան որոշել է քաղաքական ժեստ ցույց տալ Հայաստանին: Չեմ բացառում նաեւ, որ Թուրքիայի վրա դրսից ճնշում է եղել, նման ճնշում կարող էր գործադրվել ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Հյուսիսից: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը թող չկարծի, թե իր հմուտ դիվանագիտության արդյունքում է Թուրքիան նման որոշում կայացրել: Թուրքիան պարզապես հաղթողի դիրքերից պարտվողի կարգավիճակն է ֆիքսել: Մենք տեսանք, որ Հայաստանի ղեկավարը հայտնվել էր, մեղմ ասած, վատ իրավիճակում: Անգամ Փաշինյանի անունն Էրդողանը չնշեց, ինչպես նաեւ մարդու ժեստերից կարելի է հասկանալ իր վերաբերմունքն այս կամ այն մարդու կամ երեւույթի հանդեպ:
- Ալիեւները Նիկոլ Փաշինյանի հետ զրուցում էին ու հրճվում: Համացանցում հայտնված լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել:
- Ալիեւները Նիկոլ Փաշինյանին չէին ժպտում եւ չէին ուրախանում նրա ասածներից, պարզապես զվարճանում էին Նիկոլ Փաշինյանի վրա: Հաղթողի դիրքերից Ալիեւները զվարճանում էին Փաշինյանի վրա: Նրանք տեսնում են, թե ում հետ գործ ունեն: Ի վերջո, բոլորն էլ կարող են պարտվել, շատ ավելի հզոր երկրներ էլ կարող են պարտություն արձանագրել, նույն Թուրքիան էլ է պարտվել, սակայն իրեն արժանապատիվ է պահել: Արժանապատվության բացակայությունը թույլ է տալիս, որպեսզի Էրդողանը Նիկոլ Փաշինյանին վերեւից նայի, նկարներում դա ակնհայտ է, իսկ ահա Ալիեւները բառացիորեն զվարճանում են այս մարդու վրա: Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուր գալ միջավայրին, այն միջավայրին, որը հետագայում կարող է հանդիսանալ իր իշխանության երաշխավորը: Հայաստանի իշխանությունները որպես գարանտ ոչ թե Ռուսաստանին կամ Արեւմուտքին են տեսնում, այլ ավելի շատ՝ Թուրքիային:
- Քիշնեւում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի, Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հնգակողմ հանդիպումը: Հուլիսի 21-ին էլ հանդիպում է նախատեսված Բրյուսելում: Ինչի՞ մասին են այս հանդիպումները` բաց տեքստով չի խոսվում:
- Առհասարակ, այս հանդիպումներն Արցախի մասին են: Անկլավների մասին եւս խոսվում է, նաեւ քննարկվում է կոմունիկացիաների, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարց եւ այլն: Խնդիրն այն է, թե տվյալ պարագայում որտեղ տեղի կունենան բանակցային գործընթացները` Արեւմուտքո՞ւմ, թե՞ Ռուսաստանում: Կողմերից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունների շրջանակն ունի: Ցանկացած հանդիպման ժամանակ առաջնային հարցեր համարվում են այն հարցերը, որոնք հետաքրքրում են կողմերին, այս պարագայում բանակցության օբյեկտը Հայաստանի եւ Արցախի տարածքներն են, ներառյալ Արցախի բնակչությունը: Երբ ասում եք, որ բաց տեքստով չի խոսվում բանակցությունների մասին, այնքան էլ համաձայն չեմ: Գուցե Հայաստանի ԱԳՆ-ն բաց տեքստով չի խոսում դրանց մասին, սակայն մնացյալ աղբյուրները` օրինակ, Ալիեւը, խոսում են: Տեղեկություններ ենք ստանում նաեւ Արեւմուտքից, Ռուսաստանից: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ինչ-որ մի ամբիոն է գտնում եւ դրսից եկող ինֆորմացիաները հաստատում է:
- Հունիսի 12-ին հանդիպելու են ԱԳ նախարարները: Ի՞նչ սպասել:
- Հայաստանի բանակցային ստրատեգիան հանձնելն է: Ինչպես ասում են` հանձնենք, որ նորմալ ապրենք: Ասում էին՝ Արցախը հանձնենք, որպեսզի նորմալ ապրենք, վաղն էլ ասելու են՝ անկլավները հանձնենք, որպեսզի նորմալ ապրենք, ու այսպես շարունակ: Փաստացի ամեն ինչ հանձնելու մասին է, խաղաղության պայմանագրին հասնենք ցանկացած եղանակով: Ադրբեջանցիները զբաղված են իմիտացիոն գործողություններով, իբրեւ իրենք էլ են խաղաղություն ուզում, սակայն Ադրբեջանը խաղաղության չի ձգտում, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ ուժային ու դիվանագիտական մեթոդներով կարող է շատ ավելին ստանալ, քան Արցախը: Ադրբեջանը չի ցանկանում իր հետագա գործողությունները կաշկանդել, այսպես ասած, խաղաղության պայմանագրով: Չեմ կարծում, թե Ադրբեջանը շտապում է խաղաղության պայմանագիր կնքել, ասեմ ավելին` չեն շտապում նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը: Հերթական էտապն է սպասվում՝ հաջորդ փուլի համար պայմանավորվելու առիթով: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի համար խաղաղության պայմանագիրը կարեւոր է, փորձելու է լուծել իր առաջ դրված խնդիրները:
Կարծիքներ